Էլեկտրամոբիլները կազատվեն ԱԱՀ-ից. Իրինա Ղափլանյանը ներկայացրեց նախագիծը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների կիրառումը խթանելու հետ։ Օրինագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև էլեկտրական շարծիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը։ Արտոնությունը կգործի մինչև 2022թ.-ը: Օրենքի նախագծով նախատեսվում է նպաստավոր պայմաններ ստեղծել երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաև ՀՀ էներգետիկ կախվածության նվազեցման համար։ Էլեկտրական շարժիչով մոտոցիկլների (ներառյալ մոպեդները) կիրառման ավելացումը կնպաստի նաև խցանումների նվազմանն ու երթևեկության անվտանգության մեծացմանը։

Բնապահպանության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց. «Դրամաշնորհների շնորհիվ էլեկտրատրանսպորտի քաղաքականություն ենք մշակում, հետևաբար էլեկտրամոբիլներն ազատել ավելացված արժեքի հարկից որոշումն ինքնանպատակ չէ: Երկիրը ստանձնել է պարտավորություն՝ նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները: Իսկ դա հնարավոր է այս տարբերակով: Ներկայացված օրենքի նախագծով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաև էներգետիկ կախվածության նվազեցման համար»: 

«Աշխարհը գնում է այդ ճանապարհով և ակնհայտ է, որ 20, 30 տարի հետո տրանսպորտային միջոցների կեսից ավելին լինելու են էլեկտրոմոբիլները: Մենք ուզում ենք այդ տեխնոլոգիայի ներկրումը խթանենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ ցանկացած տեխնոլոգիա իր հետ հարակից ինչ-որ արդյունքներ է բերում և պետք է մտածել դրանք կառավարելու մասին:

Նախագծին դեմ արտահայտվեց Ֆինանսների նախարարի պաշտոնակատարա Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, ոչ մենք խրախուսում ենք ներմուծումը, երբ մենք արտահանելի հատվածի համար պայմաններ պետք է բարելավենք: «Ես մնացի փոքրամասնության շարքերում: Ներմուծումը խրախուսում ենք, բայց չենք ասում՝ ինչ ենք ակնկալում դրա դիմաց: Միայն ենթադրությունը բավարար չէ»,- ասաց նա: 

Կառավարությունը որոշումն ընդունեց, սակայն ֆինանսների նախարարի պաշտոնակատարը դեմ քվեարկեց:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում