Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի հանրային լսումներն անցկացվել են մի շարք խախտումներով
29.04.2016թ. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը /այսուհետ՝ Փորձաքննական կենտրոն/ «Գեոթիմ» ՓԲԸ-ի ներկայացրած հիմնական գնահատման հաշվետվության հիման վրա տվել է ԲՓ 35 փորձաքննական եզրակացությունը, ըստ որի «Գեոթիմ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն: Դրա հիման վրա ընկերությանը տրամադրվել է նաև ընդերքօգնագործման թույլտվություն /ՇԱԹՎ-29/245/։
2018թ․-ին Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքը դիմում է ներկայացրել ՀՀ Բնապահպանության նախարարին՝ խնդրելով տրամադրել վերը նշված նախատեսվող գործունեության վերաբերյալ յուրաքանչյուր փուլում /նախնական գնահատման ընթացքում, նախնական փորձաքննության փուլում, հիմնական գնահատման փուլում, հիմնական փորձաքննության փուլում/ տեղի ունեցած հանրային քննարկումների մասին ամբողջական տեղեկատվություն /հատկապես՝ Ջերմուկ համայնքի մասնակցության վերաբերյալ/։ Ստացված տեղեկատվության մեջ բացակայել են տեղի ունեցած հանրային քննարկումների մասնակիցների ցանկերը՝ ստորագրություններով, որոնք կցվում են արձանագրությանը: Նշված ցանկերը Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ստացել է Բնապահպանության նախարարությունից ուղարկված 2-րդ հարցմանն ի պատասխան:
Նախատեսվող գործունեության վերաբերյալ յուրաքանչյուր փուլում /նախնական գնահատման ընթացքում, նախնական փորձաքննության փուլում, հիմնական գնահատման փուլում, հիմնական փորձաքննության փուլում/ տեղի ունեցած հանրային քննարկումների մասին ամբողջական տեղեկատվություն խնդրել ենք տրամադրել նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարից, որը գրավոր հարցումն ուղղել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին /ԲԸՏՄ-ը բացարձակ կապ չունի մեր կողմից հարցված տեղեկության հետ/, այնուհետև՝ ԲԸՏՄ հարցումն ուղղել է ԲՆ, որտեղից խմբագրությունն արդեն իսկ ստացել էր տեղեկատվություն: Նույն հարցադրումով խմբագրությունը կրկին դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ստանալով սույն գրությունը:
Այնուամենայնիվ, ուսումնասիրելով նշված դիմումին ի պատասխան ԲՆ կողմից ուղարկված փաստաթղթերը, հանգում ենք հետևյալին․
1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և նախնական փորձաքննության արդյունքում որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ․
Փաստական մաս․
14․01․2016թ․-ին ուղարկված գրությամբ Փորձաքննական կենտրոնի տնօրեն Վ․ Սահակյանը Ջերմուկի քաղաքապետին հայտնում է 2016թ․-ի փետրվարի 1-ին տեղի ունենալիք հանրային քննարկումների մասին։ /փաստաթուղթ 1/
01․02․2016թ․-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքում տեղի է ունենում հանրային քննարկում, որին մասնակցում են Գորայք, Գնդեվազ, Սարավան համայնքների ղեկավարները, բնակիչները, փորձագետներ, Գեոթիմ ՓԲԸ-ի աշխատակիցներ։ Ջերմուկ համայնքից բնակիչներ ներկա չեն լինում։ Հանրային քննարկման ընթացքում ներկայացվում են Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման համալիրի նախագծում նախատեսված փոփոխությունները։ Բնակչությունը տեղեկացվում է, որ պիտի տրամադրվի տեխնիկական առաջադրանք, որից հետո պիտի անց կացվեն ևս երկու լսումներ։
Հանրային քննարկման արձանագրությունը ստորագրվել է Գորայք, Գնդեվազ, Սարավան համայնքների ղեկավարների, ինչպես նաև Գեոթիմ ՓԲԸ-ի տնօրենի և փորձագետի կողմից։ Հանրային քննարկումների մասնակիցների ցանկում, որը կցվում է արձանագրությանը, բացակայում է որևէ ջերմուկցու ստորագրություն: /Արձանագրություն Գորայք/, /Մասնակիցների ցանկ Գորայք/
Իրավական ակտեր․
Վերլուծություն․
Ելնելով վերը շարադրվածից, հանգում ենք այն հետևության, որ հանրային լսումների այս փուլում տեղի են ունեցել հետևյալ խախտումները՝
1․ Նախ ըստ Կառավարության որոշման՝ պետք է անց ակցվեին երկու առանձին հանրային լսումներ՝ /ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ` Ա, Բ, Գ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ (ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ), ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ` ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ (ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ)/։ Այս դեպքում այս երկու փուլերը համատեղվել են։ Բացի այդ, փաստացի տեղի է ունեցել առաջին փուլի քննարկում, քանի որ նախնական փորձաքննության արդյունքում Փորձաքննական կենտրոնի կողմից ընդունված որոշման նախագծի վերաբերյալ քննարկում փաստացի տեղի չի ունեցել։
2․ 01․02․2016թ․-ին տեղի ունեցած հանրային լսումներին չեն մասնակցել որպես ազդակիր համայնք ճանաչված Ջերմուկի բնակիչները։ Ջերմուկի բնակիչները բազմիցս նշել են, որ պատշաճ ձևով տեղեկացված չեն եղել հանրային լսումների իրականացման մասին։ Այպիսով չեն պահպանվել Կառավարության որոշման 13, 14, 35 կետերում նշված պայմանները։
3․ Հանրությունը զրկված է եղել գրավոր դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու իր իրավունքից /կետ 15-ի խախտում/, քանի որ չի հրապարակվել նախնական գնահատման հայտի փորձաքննության արդյունքում ընդունված որոշման նախագիծը /կետ 17 և 35-ի խախտում/։ Փորձաքննական կենտրոնն առհասարակ չունի պաշտոնական կայք, որտեղ, համաձայն Կառավարության որոշման, պետք է հրապարակեր այդ տեղեկատվությունը։ Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում ևս այս նախագիծը գտնել մեզ չհաջողվեց։
4․ Արժանահավատ չէ հանրային քննարկման արձանագրությունը։ Այն ստորագրված չէ արձանագրողի ինչպես նաև քննարկումների պատասխանատուներից Ջերմուկ համայնքի ղեկավարի կողմից /20-րդ կետի խախտում/։
2. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ
Փաստական մաս․
2016թ․ մարտի 3-ին տեղի է ունեցել հանրային քննարկում Գնդեվազ համայնքի դպրոցի դահլիճում։ Այս հանրային քննարկման իրականացման մասին Ջերմուկ համայնքի ղեկավարը չի տեղեկացվել։ Ըստ արձանագրության՝ մասնակցել են Գնդեվազ, Գորայք, Սարավան և Ջերմուկ համայնքների ղեկավարները, բնակիչներ, Գեոթիմ ՓԲԸ-ի աշխատակիցներ, Էկոաուդիտ ՍՊԸ-ն։ Գեոթիմ ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Ալոյանը իր խոսքում նշում է, որ դահլիճում ներկա են Գորայք, Սարավան, Գնդեվազ համայնքների ներկայացուցիչներ։ Արձանագրությունը ստորագրվել է Գորայք, Գնդեվազ, Սարավան համայնքների ղեկավարների, ինչպես նաև Գեոթիմ ՓԲԸ-ի տնօրենի կողմից։ Հանրային քննարկումների մասնակիցների ցանկը, որը կցվում է արձանագրությանը, ստորագրել է 140 հոգու կողմից որոնցից միայն 15-ն էին Ջերմուկից: /Արձանագրություն Գնդեվազ/, /Մասնակիցների ցանկ Գնդեվազ/
2016 թ․-ի ապրիլի 7-ին ուղարկված գրությամբ Փորձաքննական կենտրոնի տնօրեն Վ․ Սահակյանը Ջերմուկ, Գորայք, Գնդեվազ համայնքների ղեկավարներին տեղեկացնում է ապրիլի 21-ին կայանալիք հանրային քննարկման մասին։ /փաստաթուղթ 2/
2016թ․-ի ապրիլի 21-ին Սարավան համայնքում տեղի է ունենում հանրային քննարկում։ Ըստ արձանագրության՝ դրան մասնակցել են Սարավան, Գնդեվազ, Գորայք, Վայք և Ջերմուկ համայնքների բնակիչներ, Փորձաքննական կենտրոնի և Գեոթիմ ՓԲԸ-ի աշխատակիցներ, Էկոաուդիտ ՍՊԸ -ի և ՍիվիլՎոյս ՀԿ-ի ներկայացուցիչներ։ Արձանագրությունը ստորագրել են Գորայք, Գնդեվազ, Սարավան համայնքի ղեկավարները, արձանագրող Մարգարիտա Ափրոյանը, ինչպես նաև՝ Գեոթիմ ՓԲԸ-ի տնօրենը։ Հանրային քննարկումների մասնակիցների ցանկը, որը կցվում է արձանագրությանը, ստորագրել է 95 հոգու կողմից որոնցից միայն 5-ն էին Ջերմուկից: /Արձանագրություն Սարավան/, /Մասնակիցների ցանկ Սարավան/
Իրավական ակտեր․
Այս իրավիճակում ևս կիրառելի է Կառավարության որոշման 39, 40 կետերը, ինչպես նաև՝ արդեն իսկ մեջբերված 13, 14, 15, 17, 20 կետերը։
Վերլուծություն․
1․ Հանրային քննարկումների մասին տեղեկատվության փաթեթում առկա չէին տեղեկություններ Ջերմուկ համայնքի բնակչությանը ծանուցելու մասին։ Կրկին ցանկանում ենք նշել, որ Ջերմուկ համայնքի բնակիչները բազմիցս շեշտել են քննարկումների մասին իրենց պատշաճ տեղեկացված չլինելու հանգամանքի մասին /կրկին 13,14,15,17 կետերի խախտումներ/։ Փաստաթուղթ այն մասին, որ ձեռնարկողը դիմել է քննարկումների պատասխանատուին համատեղ ծանուցում և հանրային քննարկումներ կազմակերպելու համար, ևս առկա չէ /39 կետի խախտում/։ Բնապահպանության նախարարության կայքում ևս երկար որոնելուց հետո չենք գտել վերը նշված հանրային քննարկումներ անց կացնելու վերաբերյալ հայտարարությունները։
2․ Կրկին արաժանահավատ չեն հանրային քննարկման արձանագրությունները։ Առաջին արձանագրությունը ստորագրված չէ արձանագրողի ինչպես նաև քննարկումների պատասխանատուներից Ջերմուկ համայնքի ղեկավարի կողմից, երկրորդը՝ Ջերմուկ համայնքի ղեկավարի կողմից /20-րդ կետի խախտում/։
3․ Հիմնական փորձաքննության փուլում նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների փորձաքննության հանրային քննարկում
Համաձայն Կառավարության որոշման՝ այս փուլում փորձաքննական կենտրոնը` հաշվետվությունների և կից փաստաթղթերի վերաբերյալ կարծիքների, եզրակացությունների ստացումից հետո ոչ շուտ, քան 10-րդ օրը, հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները պետք է տեղադրեր իր պաշտոնական կայքում և նույն ժամկետում սահմանված կարգով ուղարկեր քննարկումների պատասխանատուին հանրային ծանուցում և քննարկումներ կազմակերպելու համար: Ծանուցումից առնվազն յոթ աշխատանքային օր հետո փորձաքննական կենտրոնը քննարկումների պատասխանատուի և ձեռնարկողի աջակցությամբ պետք է իրականացներ հանրային քննարկում, հանրային քննարկումների ընթացքում փորձաքննական կենտրոնի մասնագետները պատշաճ և ամբողջական տեղեկատվություն տրամադրեին հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության, դրանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին, պատասխանեին հանրության կողմից հնչեցված հարցադրումներին: Քննարկումների պատասխանատուն, փորձաքննական կենտրոնը պետք է ընդունեին հանրության կողմից գրավոր դիտողություններ և առաջարկություններ, ապա քննարկումների պատասխանատուն արձանագրության ու տեսաձայնագրության հետ միասին ստացված կարծիքները և եզրակացությունները երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրեր փորձաքննական կենտրոնին:
Համաձայն բնապահպանության նախարարության տրամադրած փաստաթղթերի՝ այս՝ չորրոդ փուլում հանրային քննարկումներ առհասարակ չեն իրականացվել։
ՀԱՄԱԼԻՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ամբողջացնելով շարադրվածը հանգում ենք այն հետևության, որ այս իրավիճակում ունենք խնդիրներ-հակասություններ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի հետ, մասնավորապես՝ հոդված 2-ի 5-րդ մաս, հոդված 6-ի մաս 2, մաս 4, մաս 8, մաս 9:
Հակասություններ առկա են նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի հետ, մասնավորապես՝ հոված 5, հոդված19-ի 3-րդ մաս, հոդված 20-ի 4-րդ մաս, հոդված 26-ի 1-ին մաս, 8-րդ մաս, հոդված 27-ի 2-րդ մաս:
Այսպիսով, կարող ենք հանգել այն հետևության, որ «Լիդիան Արմենիա» ընկերությանը դրական փորձագիտական եզրակացություն և դրա հիման վրա ընդերքօգտագործման թույլտվություն է տրվել՝ խախտելով թե միջազգային ակտերի, թե ներպետական օրենսդրության նորմերը:
Ազդակիր համայնք ճանաչված Ջերմուկի բնակիչները հնարավորություն չեն ունեցել մասնակցելու հանրային քննարկումներին, արտահայտելու իրենց տեսակետը, դիտողությունները, որոնք Կոնվենցիայի և Օրենքի պահանջով պետք է հաշվի առնվեին։
Սա փաստում ենք միայն Ջերմուկ համայնքի մասին, քանի որ մանրամասն ուսումնասիրություն կատարվել է միայն այս համայնքի վերաբերյալ։ Սակայն մնացած համայնքներում ևս ունենք միևնույն դաշտում խնդիրներ հատկապես այն դեպքում, երբ չորրորդ փուլում հանրային լսումներ տեղի չեն ունեցել։
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը սահմանում է՝
անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`
ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.
(…)
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:
Նույն օրենքի 65-րդ հոդվածը սահմանում է, որ սույն օրենքով սահմանված կարգով չբողոքարկված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ իրավասու վարչական մարմինն իմացել է այն փաստերի մասին, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ:
Այսպիսով՝ ներկայացվեցին փաստերի մասին տեղեկություններ, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ:
Ներկայացնենք ևս մի քանի փաստաթղթեր՝ փաստաթուղթ 3, փաստաթուղթ 4, փաստաթուղթ 5, փաստաթուղթ 6, փաստաթուղթ 7:
Հեղինակ՝ Մերի Սերոբյան