Երևանում «ընկած» ծառերը լաբորատոր հետազոտությունների կենթարկվեն. ներկայացվեց 2019թ.-ի ծրագիրը

«Մենք ուզում ենք, որ քաղաքի դիմագիծն ի դեմս ծառերի փոխվի և նրանք լինեն ծաղկող: Գերակշիռ մասը բաժին է ընկնելու ծաղկող ծառերին և թփերին: Այն տնկիները, որոնք տնկվելու են մայրաքաղաքում այսուհետ լինելու են ուղղաձիգ տրամաբանությամբ և լինելու են հաստ բներով, 2-3 տարեկան տնկիներ կլինեն մինչև 4 սմ տրամագծով և ծառերը բացառապես տնկվելու են այն հատվածներում, որոնց համար հասանելի է ոռոգման ջուրը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը՝ ներկայացնելով առաջիկայում իրականացվող աշխատանքների ծրագիրը:

Վերջինս նշեց, որ աճել են գարնանային և աշնանային էտման աշխատանքների ծավալները: Այս տարի ներդրվելու է էտման աշխատանքներում պլանավորված քաղաքանությունը, իսկ մինչ այս եղել է ֆորսմաժորային դեպքերում, երբ վտանգ են ներկայացրել ծառերի ճյուղերը, հենց ծառերը կամ եղել է հանրության պահանջը: «Մենք ներդնելու ենք ըստ փողոցների, ըստ ծառատեսակների տրամաբանության, հաջորդական պլանավորումով էտման աշխատանքներ: Այս տարի էտված ծառերի ճյուղերը ոչ թե տգեղ բեռնատարներով տեղափոխելու են մայրաքաղաքով, այլ տեղում լինելու են ճյուղերի աղացներ, տեղում աղալու են, համապատասխան պարկերով տեղադրվելու են մեքենաների մեջ և տարվելու են Գիտեք, որ այդ ճյուղերը որպես կանոն տրամադրվում են սոցիալական տարբեր խմբերին, որպես վառելափայտ, այս եղանակով ավելի նպատակահարմար կլինի, որովհետև ՕԳԳ-ն թեփի ավելի բարձր է և կունենանք թեփի մի մաս, որը կօգտագործենք հենց ծառատնկման աշխատանքների ժամանակ»,- մանրամասնեց նա:

Խաչիկ Հակոբյանը հայտնեց, որ 2019թ.-ի ընթացքում բուժման կենթարկվեն մոտ 35 հազար ծառեր, կտնկվեն մոտ 1 մլն ծաղկասածիլներ, կստեղծվեն ծաղկանոցներ համալրված բազմամյա ծաղկասածիլներով, կլինեն քաղաքին բնորոշ նոր ծաղկատեսակներ, կկանաչապատվի և կձևավորվի հյուսիս-հարավ ավտոճանապարհի Դավթաշեն-Աշտարակ հատվածին հարող շուրջ 3.2 հա տարածքը: 

«Ազատության հրապարակում սրճարաններից ազատվող շուրջ 1 հա տարածքում նախատեսված է ծերացած դեկորատիվ և տեսքը կորցրած ծառերը վերափոխել մշտադալար տնկիներով ու եղևնիներով, փռվող և ցածրաճ գիհիներով, տույաներով, ծաղկող թփերով, այսինքն՝ այստեղ նոր կանաչապատ գոտի է վերակենդանանալու: Հաված-հատված մինչև տարվա վերջ մենք ունենալու ենք ամբողջական պատկերը»,- մանրամասնեց նա:

Ըստ Բնապահպանության վարչության պետի՝ Նուբարաշենի աղբավայրին հարող տարածքում աստիճանաբար նոր ծառեր կտնկվեն, և աղբավայրը հատուկ տեխնոլոգիաներով կծածկվի: Վերջինս մանրամասնեց. «Կանաչապատման աշխատանքներից բացի մենք լուրջ խնդիր ունենք, քանի որ տարիներ շարունակ, ցավոք սրտի, վարչությունը զբաղվել է հիմնականում կանաչապատման աշխատանքներով, սակայն նրա գործառույթները բնապահպանական են և պետք է այդպես լինի: Մենք արդեն սկսել ենք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացի վրա լուրջ ջանքեր ներդնել և համապատասխան խնդիրներ դնել քաղաքի զարգացման տրամաբանությունից բխող: Ասեմ նաև, որ մի ցավալի պատկերի ենք հաճախ ականատես լինում մայրաքաղաքում, երբ առողջ ծառերն ընկնում են և առաջանում են կասկածներ, որ միտումնավոր որոշակի նյութեր են օգտագործվել ծառերն այդ վիճակին հասցնելու համար: Մենք պատրաստվում ենք 2019թ.-ից նաև լաբորատոր ուսումնասիրություններ իրականացնել բոլոր այդ դեպքերի համար»:

Հանդիպմանը ներկա էր նաև բուսաբան-կարգաբան, կ.գ.դ. Գոհար Օգանեզովան, ով նշեց, որ ներկայացվեց բավական գեղեցիկ ծրագիր, որը երևի թե կունենա երկար տարիների ընթացք, որովհետև այդքան շատ բան անել մեկ տարում հնարավոր չէ: Վերջինս նշեց, որ մասնագետներն արդեն 20 տարի է խոսում են տարբեր խնդիրների մասին: «Ամենամեծ խնդիրները մենք ունենք Կենտրոն վարչական շրջանում, որովհետև մեկը մյուսին այնքան մոտ են շենքեր կառուցել, որ կենտրոնն արդեն չի շնչում: Քանի որ կանաչ տարածքներ չկան, պակասում է ստվերը, օդի մաքրությունն է նաև դրանից տուժում և ջերմաստիճանը ավելի է բարձրանում: Բացի այդ, մեքենաների սարսափելի քանակը... մեր քաղաքը պատրաստ չէ այդքան մեքենա ընդունելու, այդ ամեն ինչը կարելի էր մի փոքր մեղմացնել, եթե մեր կանաչապատումը մնար այնպես կամ ավելի լավը լիներ, քան մենք ունեինք խորհրդային տարիներին»,- ասաց նա:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում