Բնության պահպանության գործում առաձնակի նախանձախնդիր վերաբերմունք ենք ունենալու. Վարչապետը՝ կովկասյան հովազի և որսագողության դեպքերի մասին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նիստի ավարտին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են իրականացվելու Հայաստանում՝ Խոսրովի անտառում հայտնաբերված կովկասյան ընձառյուծի պահպանման ուղղությամբ:
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ ՀՀ բնապահպանության և ԱՄԷ բնապահպանության ու կլիմայի նախարարությունների միջև ստորագրվելու է կենդանիների բազմացման ծրագրի հուշագիր: «Որոշ կենդանատեսակներ կան, որոնք վերացման եզրին են եղել, և ԱՄԷ-ի մեր գործընկերները մեծ ծրագրեր են իրականացրել: Վերականգնողական ծրագրից բացի, կարևոր է, որ Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում ստեղծենք բավարար պայմաններ: Կովկասյան ընձառյուծի առկայությունը նշանակում է, որ մեզ մոտ ձևավորված է բավարար էկոհամակարգ»,- ասել է Էրիկ Գրիգորյանը:
Դիմելով ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ապօրինի որսը պետք է ընդհանրապես բացառվի: «Գիտեմ Ամանորից առաջ մի քանի դեպք է բացահայտվել: Մեր հայրենակիցները պետք է իմանան, որ բնության պահպանության գործում առաձնակի նախանձախնդիր վերաբերմունք և դիրքորոշում ենք ունենալու»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Հիշեցնենք, որ օրերս Վայոց ձորի մարզում տեսախցիկները ֆիքսել են կովկասյան հովազի (պարսկական/առաջավորասիական հովազ/Panthera pardus ciscaucasica) երիտասարդ արու առանձնյակի: Հովազը նկարահանվել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում, որը պահպանվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: