Օհանավանում արջն ընկել էր գայլի համար նախատեսված թակարդը. ԲԸՏՄ պարզաբանում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է ներկայացրել օրերս գորշ արջի որսի հետ կապված նույն տեսչական մարմնի կողմից տարածված տեղեկատվության մասով: Ներկայացնենք պարզաբանումն ամբողջությամբ. «Սույն թվականի նոյեմբերի 10-ին Օհանավան համայնքի վարչական տարածքի ձորակում Ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հայտնաբերվել էր թակարդի մեջ խճճված գորշ արջ։ Ոստիկանության կողմից հարուցված վարույթի արդյունքում ստացված նյութերի հիման վրա` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կիրառել է համապատասխանող օրենսդրական նորմ՝ նշանակելով քաղաքացու նկատմամբ 30.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Համաձայն Ոստիկանության կողմից ստացված նյութերի՝ քաղաքացին թակարդը տեղադրել է գայլ որսալու նպատակով։ Արջը մասնագետների կողմից ազատվել և բաց է թողնվել վայրի բնություն։
Հիշեցնում ենք, որ բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անդրկովկասյան գորշ արջի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 1 մլն. դրամ (հատուկ պահպանվող տարածքներում՝ հնգապատիկի չափով), ինչպես նաև եթե իրավախախտման արդյունքում պատճառվել է խոշոր վնաս (ապօրինի որսի դեպքում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը), ապա իրավախախտը ենթակա է քրեական պատասխանատվության համապատասխան օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով»: