Այսօր Դուք չեք կարող զուտ դիտորդի դեր ստանձնել. Հարութ Բռոնոզյանի բաց նամակն Արմեն Սարգսյանին
Քիմիական, էկոլոգիական ինժեներ Հարութ Բռոնոզյանն Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի շուրջ բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Ներկայացնենք նամակն ամբողջությամբ.
«Նախ, պետք է մի շատ կարևոր փաստ պարզաբանեմ: Ամուլսարի ծրագիրը բաղկացած է երկու խոշոր մասերից՝ սովորական բացահանք, որտեղ մեծ խնդիր է ապարների թթվային դրենաժը, և քիմիական վերամշակման համակարգ, որը բաղկացած է ցիանիդային կույտային տարրալվացումից, ակտիվացված ածխով ոսկու զտումից և ոսկու կորզման համակարգից: Երկուսն էլ բարձր ռիսկային և վտանգավոր թափոններ առաջացնող համակարգեր են: Կից ներկայացվում է տեխնոլոգիական գործընթացի շատ ընդհանուր նկարագրությունը:
Եթե, ինչպես ասել եք, Ամուլսարը կարող է մեծ խնդիրներ ստեղծել Հայաստանի ջրային ռեսուրսներին մոտ լինելու պատճառով, ինչը փաստ է, ապա ինչո՞ւ էիք ներգրավվել այդ ծրագրում և այնուհետև, ինչո՞ւ եք 2013-ին դուրս եկել ծրագրից: Ինչո՞ւ է Նյումոնտը՝ աշխարհում երկրորդ խոշորագույն ոսկի արդյունահանող ընկերությունը, 2011 թվականին դադարեցրել Լիդիանի հետ համագործակցությունը: Հաշվի առնելով, որ հնարավոր է՝ Ձեր մասնակցությունն այս ծրագրում վճռական է եղել Լիդիանի կողմից հանքարդյունահանման դրական եզրակացություններ ստանալու առումով, անհրաժեշտ է, որ Դուք հայ հանրության համար պարզաբանեք այս և մյուս հարցերը: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և աշխարհի հայերն իրավունք ունեն իմանալու այս պոտենցիալ աղետալի ծրագրի բոլոր մասնամասները:
Դուք ասում եք, որ 2013թ-ին ծանոթացել եք Լիդիանի բոլոր փաստաթղթերի հետ: Ինչպե՞ս եք գնահատել այդ փաստաթղթերը: Արդյոք խորհրդակցե՞լ եք հանքարդյունաբերության ոլորտի փորձագետների հետ: Ի՞նչ եզրակացության եք հանգել այս ծրագրի մասին:
Դուք ճշմարտացիորեն նշում եք, որ Հայաստանի համար խնդիրը միայն Ամուլսարը չէ: Այնուամենայնիվ, այսօր Ամուլսարն այն հիմնական խնդիրն է, որը պետք է ՇՏԱՊ լուծել նախքան այնտեղ որևէ հանքարդյունահանում սկսելը: Գործող այլ հանքերն արդեն մեծ վնասներ են պատճառել. հարկ է վերագնահատել դրանք և լուծումներ գտնել, և այս հարցում ես պատրաստ եմ օգնել: Այն հսկայական վնասները, որ Ամուլսարի ծրագիրը կարող է պատճառել Հայաստանին ու նրա ջրային ռեսուրսներին, շատ ավելի լայնատարած կլինեն, սակայն դրանք կարելի է կանխել հենց հիմա, հենց այսօր, սակայն այս մասին ո՛չ Դուք և ո՛չ էլ ՀՀ կառավարությունը դեռևս վերջնական դիրքորոշում չեք հայտնել:
Դուք ասում եք, որ եղել եք Լիդիանի տնօրենների խորհրդի անկախ անդամ: Ըստ Լիդիանի՝ տնօրենների խորհրդում եղած ժամանակ դուք ասել եք՝ «Ամուլսարն առաջնակարգ գործունեություն է ծավալելու»: Ինչպե՞ս կարող է հանքարդյունաբերական ՈՐԵՎԷ փորձառություն չունեցող ընկերությունն «առաջնակարգ գործել»: Սա կարող է նշանակել, որ 2013-ին Դուք հայաստանյան և արտասահմանյան Ձեր կապերում կողմնակալ դիրքորոշում եք դրսևորել՝ հօգուտ այս ծրագրի՝ Lydian International-ը հայտարարում է դոկտոր Արմեն Սարգսյանի՝ խորհրդում նշանակման մասին:
Դուք նաև լավ հարաբերություններ եք ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ. «Դոկտոր Սարգսյանը 1999-2000թթ. ծառայել է որպես Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահի հատուկ խորհրդական և ՎԶԵԲ-ի կառավարիչ»:
Բնապահպանական և սոցիալական ազդեցության (ԲՍԱԳ) այն գնահատականը, որի վրա հիմնվում էր ՎԶԵԲ-ն Ամուլսարի ծրագիրը հաստատելիս, կարելի է գտնել այս հղումով: Այնուամենայնիվ, կայքը ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ ՎԶԵԲ-ը հաստատել է Լիդիանի ֆինանսավորումն առանց իր կողմից անկախ գնահատում կատարելու և հիմնվելով ՄԻՄԻԱՅՆ Լիդիանի փաստաթղթերի վրա: 2018թ. հոկտեմբերին ես ՎԶԵԲ-ին խնդրել եմ ինձ տրամադրել իր անկախ գնահատման պատճենը, սակայն՝ անօգուտ (կից տեսեք ՎԶԵԲ-ի հետ իմ հաղորդակցությունը): Ի՞նչ միջազգային չափանիշներ են այստեղ պաշտպանված, պարոն Նախագահ:
Անշուշտ, Դուք տեղյակ եք, որ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) 2017-ին դադարեցրել է Ամուլսարի ֆինանսավորումը՝ ՀԿ-ների և տեղաբնակների՝ առողջության մասին մտահոգությունների մասին բողոքների արդյունքում ՄՖԿ դուրս է գալիս Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրից:
Ձեր պատասխաններում Դուք ասել եք, որ էթիկական չեք համարում՝ ասել, թե ինչ նամակներ ու կարծիքներ եք ներկայացրել Լիդիանի խորհրդի անդամ եղած ժամանակ: Սակայն այժմ, երբ Ամուլսարի ծրագիրն անորոշ ու ճգնաժամային փուլում է, երբ այն բաց հանրային քննարկումների թեմա է, չափազանց էթիկական է և ազգային գոյատևման շահերից է բխում, որ Դուք բոլորի համար բաց կերպով ներկայացնեք Ձեր ունեցած դիրքորոշումը 2013-ին Լիդիանի խորհրդին անդամակցելու ժամանակ, ինչպես նաև ներկայացնեք Ձեր այսօրվա կարծիքը: Այս բանն ասում եմ, նկատի ունենալով, որ հնարավոր է՝ Ձեր նամակները վճռական դեր ունեցած լինեն Հայաստանի կառավարության համար Ամուլսարի ծրագիրը շարունակելու հարցում: Դուք, որպես ՀՀ Նախագահ, հաշվետու եք Հայաստանի ժողովրդի, ներկա ու ապագա սերունդների առջև: Ամուլսարի խնդրի հրատապությունն ու դրա հետևանքների աղետաբերությունը վեր են Ձեր դիվանագիտական «էթիկայի հարցերից»: Էթիկայի պարզ և գործնական սահմանումն է «գիտելիքներ ունենալ ճիշտ բանն անելու համար, և ապա անել այդ բանը»:
Լիդիանի ներդրողների՝ Կանադայի ֆոնդային բորսայում գրանցված լինելը կամ չլինելը Հայաստանի համար առավելություն չէ, ինչպես դուք եք առաջարկում, և չի նվազեցնում այս ծրագրում գոյություն ունեցող ահռելի ռիսկերը: Ես բազմիցս Ամուլսարի ծրագրի ներդրողներին եմ ուղարկել իմ նախկին անկախ փորձագետների՝ Լիդիանի փաստաթղթերի տեխնիկական գնահատականները, սակայն նրանցից որևէ պատասխան չեմ ստացել: Եթե նրանք թափանցիկ հանրային հաստատություն են և եթե հետամուտ են պատասխանատու հանքարդյունաբերությանը, ապա ինչո՞ւ չեն պատասխանում: Ինչպե՞ս կարող է կանադական ֆոնդային բորսայում գրանցված լինելը նվազեցնել ծրագրի բնապահպանական ռիսկերը: Այս զեկույցը ցույց է տալիս ԱՄՆ-ի Մոնտանայի ժամանակակից հանքերում ջրի որակի կանխատեսումների անհամապատասխանությունը: Զեկույցն ասում է՝ «Ոչ միայն ջրի որակի մասին կանխատեսումները են սխալ եղել գրեթե բոլոր դեպքերում, այլև ջրի որակի վրա ազդեցությունները հաճախ շատ լուրջ են եղել՝ խմելու ջրի թունավորում, ձկների և վայրի կենսամիջավայրերի կորուստ, մասնավոր սեփականությանն ու գյուղատնտեսական հողերին հասցված վնասներ և թթվային դրենաժի առաջացում, որը հանգեցնում է տևական աղտոտման, և ջրերի անժամկետ մաքրման կարիք է ստեղծում»: Նմանատիպ իրավիճակում ռիսկերի բեռը կարող է հարյուրավոր տարիներով փոխանցվել Հայաստանին: 2016թ. ապրիլի 29-ին Լիդիանին կառավարության տված վերջնական դրական եզրակացությունում ոչինչ չի ասվում ապարների թթվային դրենաժի մասին (տեսեք http://bit.ly/2Qth8S2):
Ես զգացողություն ունեմ, որ Լիդիանը, նրա ներդրողներն ու աջակիցները մտածում էին, թե Հայաստանը չի գիտակցի Ամուլսարում եղած ահռելի բնապահպանական ռիսկերի մասին, և իրենք կմարսեն Ամուլսարի ծրագիրը: Նրանք մեծապես սխալվել են:
Ձերդ գերազանցություն, այսօր Դուք չեք կարող զուտ դիտորդի դեր ստանձնել՝ Հայաստանում Ձեր ունեցած ներկա դերի և 2013-ին Ամուլսարի ծրագրում Ձեր ուղղակի ներգրավվածության պատճառով: Հայաստանում տեղ գտած հանրային աղմուկը և վերջին մեկ տարվա ընթացքում իմ նախին փորձագետների կողմից արված տեխնիկական գնահատականներն, իրոք, շատ մեծ ռիսկեր են մատնանշել: Իմ նախկին փորձագետներ դոկտոր Էնն Մաեստի և դոկտոր Անդրե Սոբոլևսկու վերջին 10 էջանոց վերջին զեկույցը 2018թ. սեպտեմբերի 23-ին ուղարկվել է ՀՀ Բնապահպանության նախարարություն և ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Մինչև օրս այս զեկույցը չի հանրայնացվում, չգիտեմ՝ ինչու: Առաջարկում եմ, որ դրա պատճենը վերցնեք Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանից:
Եթե Դուք «կանաչ անձնավորություն եք» կամ բնապահպան եք, ինչպես ասում եք, ինչպե՞ս կարող էիք ընդունել, որ 2005թ-ին ստեղծված անփորձ ընկերությունը նման բարձր ռիսկային տարածքում, Հայաստանի ջրային պաշարների սրտում, հանքարդյունաբերական ծրագիր իրականացներ:
Ինձ ուղղված Ձեր նամակում ասվում է, որ «ՀՀ նախագահն իրավասու է միայն վերահսկել ձեր առանձնագրած գործընթացները, որպեսզի ապահովի, որ բոլոր գործընթացներն իրականացվեն օրենքի համաձայն»: Հայաստանի բնապահպանական օրենքներն Ամուլսարի տեղադրության հարցում շատ խիստ են: Ի՞նչ դիրքորոշում ունեիք անցյալում և ո՞րն է Ձեր դիրքորոշումն այսօր Ամուլսարի ծրագրի հարցում, որը կարող է օգնել ՀՀ Կառավարությանը վերջնական որոշում կայացնել: Այս ծրագրում ներգրավված ռիսկերը չափազանց բարձր են՝ անկախ ՀՀ օրենքներից:
Ձերդ գերազանցություն, Դուք, որպես ՀՀ Նախագահ պաշտոնական պարտավորություն ունեք՝ պաշտպանելու մեր երկիրը, պաշտպանելու նրա պաշարները և աշխատելու՝ հանուն նրա ժողովրդի բարեկեցության: Եթե Ամուլսարի ծրագիրն այս ընթացքով շարունակվի, ապա բնապահպանական աղետն ավելի սարսափելի կլինի, քան կարելի է երևակայել: Եվ տխուրն այն է, որ այժմ Դուք ամեն ինչ հիմա գիտեք այդ ռիսկերի մասին:
Եվ ուրեմն ես և Հայաստանի ժողովուրդը խնդրում ենք հրապարակել Ամուլսարի ծրագրի մասին Ձեզ հայտնի տեղեկությունները և այժմ որպես հանրային ծառայող գործադրել ամեն հնարավոր միջոց բնապահպանական այս աղետը կանխելու ուղղությամբ»։
