«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի բնապահպանական մաս
Նոյեմբերի 26-ից մեկնարկում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որին մասնակցում են 11 կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ: Քարոզարշավը կտևի մինչև դեկտեմբերի 7-ը, ընտրությունները դեկտեմբերի 9-ին են։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կներկայացնի արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ծրագրերում առկա բնապահպանական բաղադրիչը:
Չորրորդ համարի ներքո հանդես եկող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում առկա է բնապահպանական բաղադրիչ, ինչպես նաև բնապահպանական հիմնախնդիրներին առնչվող մի քանի առանձին կետեր:
8-րդ կետը հանդիսացող «Էներգետիկ բնագավառ» կետում ասվում է. «1. Զարգացման հնարավոր բոլոր սցենարների դիտարկմամբ մշակելու ենք Հայաստանի էլեկտրաէներգետիկ բնագավառի 2019- 2035 թթ. ռազմավարական հեռանկարային ծրագիրը:
2. Ապահովելու ենք վերականգնվող էներգետիկ համակարգերի շարունակական ընդլայնում և իրականացնելու ենք էներգախնայողության պրոգրեսիվ միջոցառումներ:
3. Ոլորտը կարգավորող գործիքակազմն աստիճանաբար փոխարինելու ենք գնագոյացաման շուկայական մեխանիզմով: Պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնմամբ ներկայումս պետության կողմից իրականացվող գործառույթները պատվիրակելու ենք ոլորտի առաջատար ընկերություններին:
4. Համակարգային նշանակության նոր արտադրական հզորությունների կառուցման ծրագրերն իրականացնելու ենք բացառապես մրցութային եղանակով։
5. Մշակելու և իրագործելու ենք հարևան երկրների հետ էլեկտրաէներգիայի առևտրի նոր մեխանիզմների ներդրման հայեցակարգը: Էներգետիկ անկախության և անվտանգության բարձրացման նպատակով ընդլայնելու ենք Վրաստանի և Իրանի հետ փոխգործակցության շրջանակը` հատկապես խթանելով ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված տնտեսապես շահավետ ծրագրերի իրականացումը»:
10-րդ կետը՝ «Գյուղատնտեսություն» սահմանում է. «Մեր նպատակն է ստեղծել նորարար տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա հիմնված մրցունակ և արդյունավետ գյուղատնտեսություն.
1. մշակելու ենք ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարություն և իրականացնելու ենք ոռոգման համակարգերի արդիականացման պետական աջակցության ծրագրեր:
2. ընդլայնելու ենք վարելահողերի նպատակային օգտագործման ծավալները և ոռոգելի հողատարածքները, ստեղծելու ենք չօգտագործվող հողերը գյուղացիական տնտեսությունների կողմից շրջանառության մեջ ներգրավելու տնտեսական և իրավական հնարավորություններ:
3. բարձրացնելու ենք սուբսիդավորման մեխանիզմների հասցեականությունը՝ ապահովելով շահառու համայնքների կարիքների բավարարման հստակ մեխանիզմներ:
4. օժանդակելու ենք կոոպերատիվ գյուղատնտեսության զարգացմանը և սահմանելու ենք կոոպերատիվների կայացման համար անհրաժեշտ նվազագույն նախադրյալներ:
5. ստեղծելու ենք կրթական-գիտահետազոտական-արդյունաբերական կլաստերներ և նպաստելու ենք գյուղատնտեսության նախարարություն, ագրարային ոլորտի կրթական, գիտական, գիտաարտադրական և խորհրդատվական կենտրոնների համագործակցության խորացմանը:
6. աջակցելու ենք ագրոպարենային համակարգի սարքավորումների, նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև սննդի անվտանգության համակարգերի ներդրմանը:
7. ներդնելու ենք գյուղատնտեսության ապահովագրական համակարգ:
8. աջակցելու ենք հակակարկտային ցանցերի ներդրմանը:
9. իրականացնելու ենք տեղական սերմնաբուծության և սերմնարտադրության, ինտենսիվ գյուղատնտեսության, անասնաբուծության զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրեր: Աջակցելու ենք տոհմաբուծարանների ստեղծմանը:
10. նպաստելու ենք գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական գործունեության ընդլայնմանը և ագրոտուրիզմի զարգացմանը»:
Կետ 11-րդ «Զբոսաշրջության զարգացում».
«1. Զբոսաշրջության ոլորտում բարենպաստ գործարար և ներդրումային միջավայր ձևավորելու, ինչպես նաև ծառայությունների որակը բարելավելու նպատակով մշակելու և ընդունելու ենք Զբոսաշրջության մասին նոր օրենք և դրանից բխող ենթաօրենսդրական և իրավական ակտեր:
2. Հայաստանում զբոսաշրջիկի փորձառությունը բարելավելու նպատակով իրականացնելու ենք համալիր միջոցառումներ, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացում, մարդկային ռեսուրսի զարգացում, տուրպրոդուկտի դիվերսիֆիկացում և տեղեկատվության հասանելիության բարձրացում նաև Հայաստանի զբոսաշրջային առաջարկի թվայնացման միջոցով։
3. Դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը մեծացնելու նպատակով իրականացնելու ենք ժամանակակից գործիքների կիրառմամբ ակտիվ մարքեթինգային միջոցառումներ` սկսելով Հայաստանի զբոսաշրջային բրենդի մշակումից և թիրախային շուկաներում դրա առաջխաղացմանն ուղեկցող արշավների իրականացումից։
4. Հայաստանի հասանելիությունը համաշխարհային զբոսաշրջային շուկայում բարձրացնելու նպատակով բազմազանեցնելու ենք և առավել մատչելի ենք դարձնելու դեպի Հայաստան օդային և ցամաքային ուղիները և դյուրացնելու ենք Հայաստան մուտքի վիզային ռեժիմը»։
«Շրջակա միջավայրի համալիր պահպանում, վերականգնում և կայուն բնօգտագործում» կետը նախընտրական ծրագրում 15-րդն է: Նշված կետը սահմանում է. «Բնապահպանության ոլորտում մեր տեսլականը հիմնվում է շրջակա միջավայրի համալիր պահպանման, վերականգնման, բարելավման և ողջամիտ օգտագործման սկզբունքների վրա: Գիտակցելով մեր պատասխանատվությունը գալիք սերունդների ճակատագրի նկատմամբ` որդեգրելու ենք բնական ռեսուրսների գերշահագործման և ապօրինի օգտագործման բացառման, շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու սկզբունքները:
Մենք ներդնելու ենք այնպիսի ժամանակակից գործիքներ, որոնք կբացառեն բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի կհասցվի շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա բացասական ազդեցությունը: Այդ նպատակին հասնելու համար ապահովելու ենք ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի մոտարկումը Եվրոպական միության դիրեկտիվներին:
Մենք իրականացնելու ենք շրջակա միջավայրի պաշտպանության հետևյալ թիրախային ծրագրերը․
1. բնապահպանական և բնօգտագործման վճարներն ուղղելու ենք շրջակա միջավայրի պաշտպանության նորարարական այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսիք են ազդակիր համայնքում սոցիալ-տնտեսական նշանակության ծրագրերը` հատկապես կարևորելով ազդակիր և հարակից համայնքներում աշխատատեղերի ավելացումը:
2. իրականացնելու ենք «պարտքը բնապահպանության դիմաց» համակարգի գործարկում, ինչի արդյունքում այն գումարների մի մասը, որը պետք է ծառայեր արտաքին պարտքի սպասարկմանը, ուղղվելու է բնապահպանական ծրագրերի` կենդանական, բուսական աշխարհի կամ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և վերականգնմանը:
3. մշակելու ենք հանրապետությունում աղբի կառավարման համալիր ռազմավարություն և գործողությունների ծրագիր, ինչի արդյունքում մասնավոր հատվածի հետ համատեղ գործարկելու ենք առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ թափոնների վերամշակման ծրագրեր:
4. ջրային ռեսուրսների պահպանումը, արդյունավետ օգտագործումը և որակի բարձրացումը դարձնելու ենք մեր գերակայություններից մեկը: Կառավարությունն իր գլխավոր խնդիրներից է հռչակելու ջրային ռեսուրսների կառավարման գերարդյունավետ համակարգի ներդրումը: Հայաստանը աշխարհի երկրների շարքում այսուհետ ընկալվելու է որպես ջրի երկիր, ջուրը դառնալու է Հայաստանի այցեքարտը միջազգային ասպարեզում:
5. Սևանա լճի մակարդակի պահպանումը, աղտոտվածության նվազեցումը և ապա բարձրացումը գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում, ինչը նրա հարատևության և կենսաբազմազանության ապահովման գրավականն է:
6. ընդերքօգտագործման ոլորտում առաջնորդվելու ենք բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման, ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, ընդերքօգտագործումից առավելագույն ավելացված արժեքի ստացման և կայուն զարգացման սկզբունքներով, այդ թվում՝ շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնելու և գալիք սերունդների շահերի պաշտպանության միջոցով:
7. մշակելու ենք հանքարդյունաբերության՝ օրենսդրական դաշտի, ոլորտում արձանագրված խնդիրների, միջազգային լավագույն ստանդարտների վերլուծության վրա հիմնված ռազմավարություն, որի արդյունքում դրվելու են ոլորտի զարգացման ռազմավարական հիմքերն ու սկզբունքները, ինչպես նաև մշակելու ենք վերջիններից բխող օրենսդրական բարեփոխումներ։
8. ներդնելու ենք շրջակա միջավայրի միասնական մոնիթորինգի և վերահսկողության, թույլտվությունների, լիցենզիաների միասնական համակարգեր: Քայլեր ենք ձեռնարկելու բնական ռեսուրսների արդյունահանման ծավալների և հանքահումքային հենքի վերարտադրության տեմպերի միջև դիսբալանսի վերացման համար:
9. ապահովելու ենք հանքարդյունաբերական թափոնների կառավարման և շահագործված հանքերի փակման/ ռեկուլտիվացիայի ժամանակակից մեխանիզմների կիրառումը:
10. մեր քաղաքականությունը միտված է լինելու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը և վերամշակող հանքարդյունաբերության զարգացման խթանմանը, ինչը կապահովի հանքանյութերի մշակման ամբողջական ցիկլը և կստեղծի տնտեսական հավելյալ արժեք: Ուստի, նվազեցնելու ենք խտանյութի և չվերամշակված հումքի արտահանումը՝ այն փոխարինելով վերամշակված հանքանյութի արտահանմամբ»: