Սպառնում է արդյո՞ք վտանգ կարմիրգրքյան մողեսին Արարատի մարզում. մասնագետ
Օրերս EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգ ստացավ, որ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի տարածքում գտնվող մասնավոր պահպանվող տարածքում իրականացված տեխնիկական աշխատանքների արդյունքում հնարավոր է վնաս կրեն տեղի կարմիրգրքյան սողունների որոշ տեսակներ, մասնավորապես՝ երկարաոտ սցինկը (Eumeces schneideri):
Երկարաոտ սցինկն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի» VU B1ab (iii) + 2ab (iii): ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալներով, տեսակը հայտնի է Արարատյան հարթավայրից, Արփա գետի կիրճից, Արաքս գետի հովտից և հանրապետության հարավային նախալեռնային շրջաններից: Չնայած լայն տարածմանը՝ Հայաստանի սահմաններում թվաքանակը բավականին փոքր է: Հրազդան գետի կիրճում մայիսի վերջին 2.6 հա վրա հաշվառվել է 3 մողես: Նման խտությամբ բնորոշվում են պոպուլյացիաները գգ. Մեծամորի, Կոշի, Ջրվեժի, Վերին Դվինի, Նարեկի, Ուրցաձորի շրջակայքում: Հարավում նախալեռնային գոտում պոպուլյացիաները համեմատաբար լավ վիճակում են: Մեղրու տարածաշրջանում 1 հա տարածության վրա հունիսի առաջին տասնօրյակում հաշվառվել են 12 առանձնյակներ: Վտանգման հիմնական գործոններն են՝ ապրելավայրերի յուրացումը գյուղատնտեսության նպատակներով, լանդշաֆտների ձևափոխումը, անօրինական որսը:
Երկարաոտ սցինկ (Eumeces schneideri)
Նշենք, որ մասնավոր պահպանվող տարածքում տեխնիակական նպատակներով հողը փորվել է, ինչն ըստ որոշ քաղաքացիների, վտանգ է ներկայացնում հատկապես սողունների համար: Խնդրի շուրջ մեզ հետ զրույցում մասնագիտական դիրքորոշում հայտնեց սողունագետ, ՀՀ ԲՆ Կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղայանը՝ նշելով. «Մողեսն այն կենդանին է, որ այստեղ փորեն, ինքը փախնելու է, գնա ուրիշ տեղ: Այստեղ որևիցէ մի վտանգ չկա, թեկուզ այդ տեղանքում սցինկը կա: Այդ տարածքում անգամ ջրամբար է կառուցվում, խողովակների համար էլ են փոսեր փորվել և ճանապարհի կողքով երևում է փորվածքը, և ընկերությունն անցել է փորձաքննություն, այնտեղ այդպիսի խնդիր չկա, որպեսզի հայտարարենք՝ այդ նեղ փոսը ինչ-որ բանի կխանգարի: Ուրիշ բան, եթե հանքարդյունաբերություն լինի, լայնքով ու երկայնքով փորվածքը մեծ լինի, որ ենթադրենք բիոտոպը փչացնի, այդ դեպքում կարող է վտանգ է ներկայացնել ապրելավայրի տեսանկյունից, քանի որ կհամարվի, որ դա իր ապրելավայրն է, եթե այդ քարքարոտ զառիվայրը վերացվի, սցինկն էլ ոչնչանա: Սա օրինակ եմ բերում, որպեսզի պարզ լինի»:
Արամ Աղասյանը մանրամասնեց, որ տեղանքում միայն այդ տեսակը չէ և ուրիշ կարմիգրքյան սողուններ էլ կան: «Կարող եմ ասել անդրկովկասյան սահնօձ էլ կա այնտեղ, բայց հայտարարել, որ այդ փոսը վտանգ է ներկայացնում, դա հիմք չէ, դիլենտանտային մոտեցում է, ծայրահեղություն»,- եզրափակեց նա:
Արարատի մարզ, Ուրցաձոր համայնք, լուսանկարը՝ համացանցից
Այնուամենայնիվ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը չի հերքում, որ տարածքում տեխնիկական աշխատանքներն իրականացվել են թերացումներով, ինչի հետևանքով էլ վնասվել են գերեզմանաքարեր: «Այդ փոսերը վաղուց կան, դրանք պարզապես խորացվել են: Գերեզմանի հետ կապված միջադեպը եղել է տեխնիկական աշխատակցի սխալի պատճառով, ինչն էլ եղել է անուշադրության հետևանք: Մենք հասցված վնասն ամբողջությամբ վերականգնել ենք, ես էլ անձամբ զրուցել եմ վնաս կրած մարդկանց հետ, ներողություն եմ խնդրել և պայմանավորվածություն ենք ձեռք բերել նախկինում հենց ուրցաձորցիների կողմից վնասած գերեզմանոցային տարածքները ևս ցանկապատենք, պահպանենք, չնայած արդեն 10 տարի է հետևում ենք այդ տարածքներին»,- մեզ հետ զրույցում ասաց Ռուբեն Խաչատրյանը: