Կովկասյան ընձառյուծի խրտվիլակը՝ վաճառքի առարկա. «2019թ.-Կովկասյան ընձառյուծի տարի»

Գրեթե նույն ժամանակահատվածում, երբ Բնապահպանության նախարարությունն առաջարկեց գալիք 2019թ.-ը հռչակել Կովկասյան ընձառյուծի տարի, առցանց վաճառքի հայաստանյան խոշոր կայքերից մեկում հայտնվեց սպանված երիտասարդ ընձառյուծի խրտվիկալ: Զուգադիպությունը խորհրդանշական էր...

«Գիտե՞ք չէ, ինքը կովկասյան ընձառյուծ ա»,- պոտենցիալ հաճախորդի հետ զրույցում ասաց խրտվիլակ վաճառող Հայկը՝ ըստ իրեն ընդգծելով կենդանու կարևորությունն ու նշանակությունը,- «Մեր գյուղից բռնած ա, Արենի գյուղից: Տենց էլի, պապիկիցս մնացել ա, ես էլ տարել եմ սիրուն սարքել եմ ամեն ձևի»:

Կովկասյան ընձառյուծը Հայաստանի վայրի բնության մեջ բացառիկ նշանակության և գեղեցկության վերջին նմուշներից մեկն է: Հավանաբար, այս գաղափարը սեփական մեկնաբանությամբ ընկալելու պատճառով, տարիներ առաջ Արենի գյուղում այս երիտասարդ կենդանին դարձել է ապօրինի որսի զոհ և վերածվել անկենդան խրտվիլակի: Մեր հասարակության մի մասը դեռ շարունակում է վայրի բնության խորհուրդն այսպես՝ «անկենդան» մեկնաբանել:

Հավանաբար կրկին այս պատճառով խրտվիլակը վաճառող Հայկը մեզ հետ զրույցում «յուրահատուկ հոգատարությամբ» ասաց. «Ուղղակի ես ստեղ չեմ մնալու, ափսոս ա էլի, չմնա փչանա հետո: Պիտի հետևեն, նայեն, որ փոշի-մոշի չնստի, չփչանա: Ինքը մի 20 տարվա պատմություն ունի, բայց պրոֆեսիոնալ մասնագետներ են սարքել: Կարամ ես ասեմ, թե ովքեր են սարքողները եղել... Ադամյան Մարտին (Կենդանաբանության թանգարանի տնօրեն, տաքսիդերմիստի որակավորմամբ, կ. գ. դոկտոր, խմբ.): Ինքը մահացել ա, ճիշտն ասած, Ամերիկյան համալսարանում դասախոս ա ինչ-որ եղել: Սիրուն սարքած ա էլի, ամեն ձևի, մաքուր»:

ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալների համաձայն՝ Հայաստանում կովկասյան ընձառյուծի (պարսկական/առաջավորասիական ընձառյուծ/Panthera pardus ciscaucasica) պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը հաշվվում է 10-15 առանձնյակ (2012թ.): Կենդանին գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում, ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D:

«Արենի պետք ա գաք, քուրիկս, եկեք, համել գինի կխմենք էլի: Հենց հասնեք Արենի գյուղ, զանգեք ինձ, ես ձեզ կդիմավորեմ: Դուք ասեք, հլը տենամ ի՞նչ գին կասեք, քուրիկս: Դուք գին առաջարկեք ինձ»,- ասում էր վաճառողը, ով տարիներ շարունակ տարբեր եղանակներով փորձել է վաճառել «թանկարժեք» խրտվիլակը:

Տեսակը պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում: Որպես պահպանման միջոցառում նշվում է արեալի մասնատման գործոնը նվազեցնելու նպատակով քայլերի իրականացումը: Մասնավորապես, անհրաժեշտ է ապահովել կերային հարուստ բազա ունեցող բիոտոպերի միավորումը խոշոր և մանր պահպանվող տարածքների ցանցում: Անհրաժեշտ է ուժեղացնել որսագողության, լեռնագործության, ճանապարհաշինության, արածեցման և այլ մարդածին գործունեության հսկողության և կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Այս տարվա ապրիլ ամսին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ֆոտոթակարդներն առաջին անգամ արգելոցի պատմության մեջ նկարահանեցին երիտասարդ արու կովկասյան ընձառյուծ: Մասնագետներն այն որպես «ֆանտաստիկ լավ լուր» որակեցին: Սա տարիների աշխատանքի արդյունավետ լինելու վկայությունն էր: Դեռ 2002 թ․-ից սկսած ՀՀ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն իրականացնում են Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագիրը։

Իսկ այժմ ՀՀ տարածքում հաշվվում է կովկասյան ընձառյուծի ընդամենը 10-15 առանձնյակ, որոնց թիվը տարիների ընթացքում կրճատվել է նաև նշված և նմանատիպ բազմաթիվ դեպքերիի հետևանքով: Տարիներ առաջ տեղի է ունեցել հազվագյուտ կենդանու ապօրինի որս, որի խրտվիլակն այսօր վաճառվում է առցանց: Նման հազվագյուտ կենդանու խրտվիլակի այս եղանակով առուծախը կարելի է դիտարկել նաև բարոյականության տեսանկյունից՝ որպես կենդանու նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Նման արժեք և կարևորություն ունեցող նմուշի տեղն առնվազն ՀՀ գիտական հաստատություններից մեկում է, որտեղ այն կծառայի այլ նպատակների:

Նշենք նաև, որ «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի, հոդված 3-ի (Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները) 1-ին կետով սահմանվում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար վնասի հատուցման սակագինը, որն առաջավորասիական ընձառյուծի դեպքում կազմում է 3 մլն դրամ: Այս դեպքում, մյուս բոլոր գործոններից զատ պետք է հաշվի առնել նաև իրավախախտման վաղեմության գործոնը:

ՀՀ-ում կենդանական աշխարհի և կենդանապաշտպանության ոլորտում օրենսդրական կարգավորումների ոչ լիարժեքության և պատշաճ վերահսկողության բացակայության հետևանքով չի կանոնակարգվում նաև կենդանիների, ինչպես նաև դրանց արգասիքի առք ու վաճառքի գործընթացն ընդհանուր առմամբ, ինչին կարելի է ականատես լինել նաև վերոնշյալ կայքում, երկրի տարբեր հատվածներում գտնվող շուկաների տարածքներում, իսկ հասարակության շրջանում իրականացվող էկո-կրթության, էկո-գիտակցության բարձրացմանը միտված աշխատանքների կոնտեքստում նման երևույթներն անընդունելի են և բացասական ազդեցություն են ունենում:

 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում