«Արմօյլ» ՓԲԸ-ն՝ «օրենքից դուրս» և «օրենքից վեր». իրավապահ մարմինները «չեն խառնվում» (տեսանյութ)
«Արմօյլ» ՓԲԸ շարունակում է ՀՀ «օրենքներից դուրս» և «օրենքներից վեր» գործել: Տարիների ընթացքում ընկերության գործունեության շուրջ քննարկումները դեռ հստակեցված չեն և կան մութ անկյուններ: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ուսումնասիրել է մի շարք հակասական իրողություններ, որոնք ներկայացնում է ընթերցողի ուշադրությանը:
Նավթավերամշակման թե՞ նավթամթերքի վերամշակման գործարան
Ընկերության ներկայացուցիչները պարբերաբար տարբեր ամբիոններից հայտարարում են, որ Եղվարդում չի կառուցվում նավթավերամշակման գործարան, այլ՝ նավթամթերքի վերամշակման գործարան: Ի սկզբանե այս կետը մշտապես հանդիսանում է շփոթմունքի պատճառ, որի հիմնական «հեղինակն» ընկերությունն է: Փաստացի հանրությունն այդպես էլ հստակ չտեղեկացվեց, թե ի վերջո ի՞նչ գործարան է կառուցվում Եղվարդում, քանի որ չներկայացվեցին ո՛չ արտադրական գործընթացի մասին պատշաճ տեղեկություններ, ո՛չ թափոնների առկայության կամ դրանց բացակայության մասին գիտական ապացույցներ: Ընկերությունն այդպես էլ հանրությանը մատչելի եղանակով չներկայացրեց գործունեության ամբողջական նախագիծը, գործողությունների ծրագիրը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
Ըստ էության, այդ հարցում ընկերությունը ևս դեռ կասկածներ ունի, ինչի մասին վկայում են նաև նրանց պաշտոնական կայքում տեղի ունեցող փոփոխությունները:
Սկզբում՝ նավթավերամշակման, հետո՝ նավթամթերքի վերամշակման, իսկ վերջում՝ պարզապես՝ գործարան:
Հոկտեմբեր, 2017թ.
Հոկտեմբեր, 2018թ.
Նշենք, որ ընկերությունը մշտապես ընդգծում է վերոնշյալ տարբերությունը՝ շեշտադրելով, որ դրանք բացարձակապես տարբեր հասկացություններ են, սակայն տոկսիկոլոգ, ք. գ. թ. Արմեն Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ սխալ է նավթավերամշակում և նավթամթերքի վերամշակում հասկացությունները տարանջատելը, քանի որ նավթ և նավթամթերք հասկացությունները սերտորեն փոխկապակցված են և ըստ էության նույն նշանակությունն ունեն, ինչպես օրինակ՝ միսն ու մսամթերքը:
Շինարարությունն ավարտվել է, թե՞ ոչ
Դեռ օգոստոս ամսին և անգամ դրանից առաջ, ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին հայտարարել էր, որ գործարանի շինարարական աշխատանքներն ավարտվել են: «Շինարարությունն ավարտված է, հարդարման աշխատանքներ են. ջրի խողովակ, կոմունալ շինարարություն, լվացարաններ, արտադրական հաստոցներ, տեխնիկա: Այսինքն, ես չեմ կարող տեխնիկան մեքենայից դնել հողի վրա: Կռանը ավտոյի վրայից բարձրացնում է դնում տեղը»,- մեզ հետ զրույցում ասել է նա:
Իրականում, դեռ մեկ տարի առաջվանից սկսած Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «պարբերաբար» պարտավորեցնում է դադարեցնել Եղվարդում նավթամթերքի վերամշակման գործարանի շինարարական աշխատանքների իրականացումը, մինչև վերջինիս կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննություն անցնելը: Ընկերությունը պարբերաբար բողոքարկում է վարույթը, և ըստ էության, ձևավորվել է փակ շղթա:
Ներկայացված տեսանյութում պարզ երևում է, թե այս տարվա հունիս ամսից մինչ հոկտեմբեր ամիսը գործարանի տարածքում իրականացվող շինարարությունն ինչ տեմպով է «դադարեցված» եղել և ինչպիսի «հարդարման» աշխատանքներ են իրականացվել:
Ներկայացնենք նաև մի քանի լուսանկար:
Լինել թե՞ չլինել. Բնապահպանության նախարարությունը կողմնորոշվել է
Մոտ մեկ տարի առաջ սկսվեցին խոսակցություններն այն մասին, որ «Արմօյլ» ՓԲԸ տվյալ տեսակի գործունեությունը ենթակա է ՇՄԱԳ փորձաքննության, ընդ որում՝ այն պարագայում, երբ գործարանն արդեն գրեթե պատրաստ էր: Ընկերության ներկայացուցիչները բազմաթիվ անգամներ տարբեր ամբիոններից հայտարարել են, որ ընկերության գործունեությունը ՇՄԱԳ փորձաքննության ենթակա չէ: Բոլորովին վերջերս «Արմօյլ» գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին մեզ հետ զրույցում կրկին անգամ հաստատեց վերոնշյալ պնդումը:
Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը մեզ հետ զրույցում հայտնեց Բնապահպանության նախարարության պաշտոնական դիրքորոշումը՝ «Արմօյլ» ՓԲԸ կողմից նավթավերամշակման գործարանի գործունեությունը ենթակա է ՇՄԱԳ փորձաքննության:
Այդ մասին վկայում է նաև դեռ 2017թ.-ին ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանի գրությունը, որում ասվում է՝ նախագիծը պետք է ենթարկվեր Բնապահպանության նախարարության կողմից փորձաքննության և միայն վերջինիս դրական եզրակացության առկայության պարագայում կարող է իրականացվել գործարանի կառուցումը:
Այնուամենայնիվ, Աբեդին անդրդվելի է. «Մենք յուղի և բիտումի արտադրություն ունենք: Այդ ամբողջ գործընթացը, որը մեզ մոտ կատարվում է, փակ տարրաների մեջ է: Դա մոտավորապես նույն գործընթացն է, ինչը կատարվում է ասֆալտի գործարաններում: Դեռ մենք փակ տարածքում ենք անում այդ գործը, իսկ ասֆալտի գործարաններում այսօր բաց տարածքներում այդ բիտումը հալեցնում են, շեբենի հետ խառնում և փռում փողոցում: Այսինքն, եթե ՇՄԱԳ փորձաքննության ենթակա լինի, ասֆալտի գործարաններն էլ պետք է անցնեն: Մենք ունենք մի քանի տեսակի հումք, դրանք ներմուծվում են և ըստ պահանջարկի մենք դրանք խառնում ենք իրար, տարրաների մեջ լցնում, փաթեթավորում, վաճառում ենք, այսքան բան: Այսինքն, նույնիսկ այդ յուղման կետերը, բնապահպանության առումով շատ ավելի վտանգավոր են, քան մեր արտադրությունը: Մենք ընդհանրապես թափոն չունենք»:
Ի դեպ, վերոնշյալ կետում նշված տեղեկատվական անճշտությունների հետևանքով վերջերս անգամ Բնապահպանության նախարարությունն էր «շփոթվել»: Կառավարության նիստում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նկատեց, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը ևս դեռ չունի հստակ դիրքորոշում: «Այսինքն դեռևս չկա պատասխանը՝ արդյո՞ք այդ գործունեությունը ենթակա է պարտադիր փորձաքննության, և դրանից հետո արդյո՞ք դրական եզրակացություն ստանում է, թե՞ ոչ»,- ասաց նախարարը:
Կառավարության նիստում քննարկվում էր ընկերությանը մաքսային և հարկային արտոնություն տրամադրելու հարցը: Էրիկ Գրիգորյանը նշեց, որ կոնկրետ սարքավորումներ ներկրելու արտոնություն տալու մասով առարկություն չունեն, սակայն, եթե հետագայում պարզվի, որ բացասական եզրակացություն է ստանում գործունեությունը, ապա այն չի կարող շարունակվել:
Ամեն դեպքում, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ն արդեն կողմնորոշվել է...
Կրկին բացակայող փաստաթղթեր
Եղվարդում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարանի օրենքին չհամապատասխանելու մասին հայտնել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Մասնավորապես, Եղվարդի բնակիչ Ռաֆիկ Վիրաբյանի (տեղի խոշոր բիզնեսի սեփականատեր) գրությանն ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը պատասխանել է. « ... մինչև նախագծի հաստատումը և շինարարական աշխատանքների սկսելը տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել արտադրական վտանգավոր օբյեկտի կառուցապատման նախագծային փաստաթղթերը, որոնք «Արմօյլ» ընկերության կողմից Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ առ այսօր չեն ներկայացվել»:
Ոստիկանությունը լռում է...
Սեպտեմբերի 25-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը որոշում կայացրեց վերացնել նախօրոք հարուցված վարչական վարույթը, փոխարենը՝ ստուգումներ իրականացնելու նպատակով։ Արդեն հոկտեմբերի 8-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում իրականացնելուն «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից պարբերաբար խոչընդոտելու կապակցությամբ դիմել է ՀՀ ոստիկանություն: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում հայնեց, որ Ոստիկանությունը մինչ այսօր չի արձագանքել դիմումին: Ավելին, ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հրաժարվեց մեզ տեղեկություն հաղորդել ԲԸՏՄ դիմումի ընթացքի մասին:
Անկախ փորձագետները կողմնորոշված են
Տեղի բնակիչները և բիզնեսի սեփականատերերը մի քանի անգամ դիմել են տարբեր գիտական և փորձագիտական կառույցների կարողություններին՝ ստանալու համար հստակ պատասխաններ: Հոկտեմբերի 2-ին «Էքսպերտ գրուպ» ՍՊԸ փորձագետ, նյութագիտական փորձաքննություններ կատարելու իրավասությամբ, փորձագիտական աշխատանքի 16 տարվա փորձառությամբ, ք. գ. թ, դոցենտ Սուրիկ Հակոբյանը գրում է. «VB (Vacuum Bottom) տեխնոլոգիայի կիրառմամբ բիտումի արտադրության ընթացքում մթնոլորտ արտանետվող նյութերը վտանգավոր ազդեցություն կարող են ունենալ շրջակա միջավայրի, մասնավորապես՝ հարևանությամբ գտնվող մարդկանց, պտղատու այգիների, ինչպես նաև հարևանությամբ կազմակերպված չրի արտադրության վրա:
Տարբեր տեսակի քսայուղերի խառնման գործընթացը կատարվում է քիմիական և ջերմային պրոցեսների իրականացմամբ: Երկու դեպքում էլ այդ պրոցեսների իրականացումն ուղեկցվում է անտրոպոգեն արտանետումներով, որն իր վնասակար ազդեցությունն է ունենում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա:
Նավթաքիմիական արտադրության, հում նավթի վերամշակման ժամանակ հողերը, ջուրը, բուսականությունն աղտոտվում են ծանր մետաղներով՝ երկաթով, սնդիկով, կապարով, պղնձով և այլ թունավոր նյութերով: Վերջիններս կուտակվելով հողի մեջ աստիճանաբար փոխում են նրա քիմիական կազմը և երկրաքիմիական միջավայրը, ազդում են կենդանի օրգանիզմների, բույսերի աճի և պտղաբերության վրա»:
Այնուամենայնիվ, մեզ հետ զրույցում Ալֆրեդ Աբեդին վստահեցնում է, որ ընկերության գործունեությունը բացարձակ անվտանգ է և անթափոն: «Բիտումի արտադրությունից հետո կարող է տարրաների տակ ունենանք որոշ չափով մնացորդ: Այդ մնացորդը մենք բարձր ճնշումի տակ գոլորշիացնում ենք, որպեսզի այն չդառնա թափոն: Դա գոլորշի է, ընդհանրապես խնդիր չկա»,- մանրամասնում է նա:
Մեջբերում հետազոտությունից. « ...որոշ նյութերի պարունակությունը շատ մեծ է /օրինակ ծծմբի կամ վանադիումի/, որոնք վերջիվերջո արտանետվելու են արտաքին միջավայր: Ինչքան ավելի մաքուր յուղեր արտադրվեն՝ այնքան ավելի շատ ծծումբ կհայտնվի արտանետումների մեջ: Միջազգային պահանջները ծծումբի արտանետումների նկատմամբ շատ խիստ են:
Վնասակար նյութեր են առաջանում նաև բիտումի և բիտումային մաստիկայի հալեցման ժամանակ: Իսկ այրման ժամանակ առաջացած վնասակար նյութերի ՍԹԿ մգ/խոր. Մետրում կազմում է՝ ազոտի օքսիդներ (վերահաշվարկված NO2)՝ 5, ծծմբի անհիդրիդ՝ 10, ածխաթթու գազ՝ 20 և այլն:
Ապացուցողական բժշկության տվյալներով ցույց է տրված, որ բիտումը և գուդրոնը կարող են առաջացնել մաշկային զանազան հիվանդություններ, ինչպես նաև լուծիչները հրդեհավտանգ են և ազդում են շնչառական ուղիների, տեսողության, մաշկի և աղեստամոքսային տրակտի վրա:
Նշենք այն փաստը, որ այսօր արդեն անհրաժեշտ է ունենալ բոլոր վերոհիշյալ նյութերի ֆոնային կոնցենտրացիայի չափման տվյալները, կատարված համապատասխան մարմինների կողմից հետագա մոնիտորինզի համար»:
Վերջինս անդրադարձել է նաև սանիտարական-պաշտպանիչ գոտու խնդրին: Մեջբերում. «Մասնավորապես, այն արտադրությունը, որը նախատեսվում է իրականացնել «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից, կանոնակարգվում է հետևյալ փաստաթղթով /ՍանՊիՆ 2.2.1/2.1.1.1200-03, (վերջին փոփոխությունը 9 սեպտեմբերի 2010 թ.)/»,- և հավելում,- «Անդրադառնալով ՍանՊիՆ-ի 7.1 կետին.
7.1 ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ Եւ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
7.1.1. ՔԻՄԻԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ Եւ ԱՐՏԱԴՐՈԻԹՑՈԻՆ
Դաս I - Սանիտարական-պաշտպանիչ Գոտի 1000 մ.
Կետ 32. Բիտումի և այլ նաֆթամթերքների թորման մնացորդներից զանազան մթերքների արտադրություն:
Եթե ածխաջրածնային հումքի մեջ պարունակվում է ավելին, քան 1 տոկոս ծծումբ, ապա սանիտական-պաշտպանիչ գոտին պետք է հիմնավորված կերպով մեծացվի:
Այսպիսով հասկանալի է, որ նշված տիպի արտադրությունը պետք է տեղակայվի ցանկացած բնակելի շինություններից կամ պտղատու այգիներից մինիմալը 1000 մետր հեռավորության վրա, որտեղ ի դեպ չի ընդգրկվում բաժանող ճանապարհը և վտանգների մեջ է ներառնվում մեքենաների արտանետումները նույնպես:
Նախնական վերլուծության /քանի որ, առկա չկան կոնկրետ տվալներ/ համաձայն՝ կատարված է միանշանակ եզրակացություն, որ այն արտադրությունը, որը նախատեսվում է իրականացնել «Արմօյլ» ՓԲԸ-ի կամ որևիցե այլ ընկերության կողմից, որոնք ցանկանում են զբաղվել նավթամթերքի վերամշակումով Հայասաաևի Հանրապետությունում, արդի պայմաններում պետք է խստիվ արգելվի մինչև մանրակրկիտ և լուրջ ուսումնասիրություն կատարելը: Կա անհրաժեշտություն, որ այս տիպի արտադրություն իրականացնելու թույլտվությունը տրվի ՀՀ կառավարության կողմից, որին պետք է ընդգրկվեն ՀՀ բնապահպանության նախարարությունը և այլ գերատեսչական մարմիններ»:
Ահազանգեր, ահազանգեր, ահազանգեր...
Ինչպես Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, այնպես էլ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը պարբերաբար ստանում է ահազանգեր, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում արված լուսանկարներ, տեսանյութեր տեղի բնակչության կողմից, ովքեր դեմ են արտահայտվում գործարանի կառուցմանն ու դրա շահագործմանը:
Ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին իր հերթին նրանց մեղադրում է ուղղորդված լինելու մեջ՝ նկատի ունենալով տեղի խոշոր բիզնեսների ներկայացուցիչներին:
Նատի թաղամաս այցելության ժամանակ բնակիչները մեզ հետ անմիջական զրույցում կրկին հայտնեցին իրենց անհանգստությունն ընկերության գործունեության նկատմամբ: Վերջիններս նաև հայտնեցին ընկերության կողմից կազմակերպված հանրային լսումները ոչ պատշաճ իրականացնելու մասին: Բնակիչների խոսքով՝ լսումները կազմակերպվել են վերջերս տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների ամենաթեժ օրերին և իրենք հնարավորություն չեն ունեցել մասնակցելու դրանց:
Ալֆրեդ Աբեդին պնդում է. «Նույն այդ օրը, նույն ուղղորդված մարդիկ, նույն ուղղորդողի մեքենաներով ճանապարհը փակել էին, հենց լսումների օրը: Մենք այդտեղ հայտարարեցինք, որ սկսվելու են լսումները, խնդրում եմ եկեք, գնանք լսումների: Ասացին՝ մենք ոչ մի տեղ չենք գալիս, մենք ճանապարհ ենք փակում, մենք այստեղ կանգնած ենք, բողոքում ենք... լսումների դահլիճում հենց Նատի թաղամասից էլ բավական մարդ կար, արեցինք, փաստաթղթերը կան, բողոքող էլ կար, իրեն բացատրությունը տվեցինք, նույնիսկ դրանից հետո իրենց հետ գնացինք գործարանի տարածք, տեղում բացատրություն տվեցինք»:
Նշենք, որ գործարանում իր մասնաբաժինն ունի նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնը, որի փոխտնօրեն Արայիկ Կեսոյանը ակտիվ մասնակցություն է ունենում նշված գործընթացներին:
Ի վերջո, մի կողմ դնելով բոլոր ուղղորդվածներին, ուղղորդողներին և անդրդվելիներին, փաստը հետևյալն է. ՀՀ կառավարության մի քանի գերատեսչություններ հայտնել են, որ ընկերության գործունեությունը ենթակա է ՇՄԱԳ և տեխնիկական անվտանգության փորձաքննության, ինչը հաստատում են նաև ՀՀ գիտական կառույցների մասնագետները: «Արմօյլ» ՓԲԸ-ն այս ամբողջ ընթացքում չունենալով վերոնշյալ անհրաժեշտ փաստաթղթերն իրականացրել է շինարարական աշխատանքներ և գործարանն արդեն գրեթե պատրաստ է շահագործման: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ընկերության կողմից ստուգումներին խոչընդոտելու հիմքով դիմել է ՀՀ ոստիկանություն, որը ոչ մի կերպ չի արձագանքել: