«Ժողովուրդ ջա՜ն, էլի վերցնելու ենք». «սրտի կսկիծով» դատարկվող Սևանը կրկին կանաչել է
Սևանա լճում կրկին նկատվում են էֆտրոֆացման գործընթացներ: Նոյեմբեր ամսին Սևանա լճի տարբեր հատվածներում կրկին հայտնվում են «ծաղկման» նշաններ, ինչը լուրջ ահազանգ է հանդիսանում լճում կատարվող գործընթացների բացասական լինելու վերաբերյալ:
«Դրախտիկ» համայնքի զարգացման ծրագրի անդամ Մայիս Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկար և գրել. «Ու դեռ արդարացնում են էս հիվանդ վիճակում գտնվող լճի անողոք մսխումը, թե բա Սևանի համար մի քանի սանտիմետրը խնդիր չի»: Վերջինս հայտնում է նաև, որ լուսանկարներն արված են Դրախտիկի ափին, սակայն նմանատիպ իրավիճակ է նաև թերակղզուց մինչ Ծովագյուղ ընկած հատվածում:
Սևանա լիճ, նոյեմբեր 2018թ.
ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից հոկտեմբերի 25-ին հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալն ընդամենը տարվա ընթացքում կազմել է 200.623 մլն խմ: Սա նշանակում է, որ արդեն իսկ իրականացվել է մոտ 30.6 մլն խմ լրացուցիչ ջրառ:
ԱԻՆ հիդրոմետ ծառայություն
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ մենք /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ զրուցել ենք ԱԻՆ հիդրոլոգիայի կենտրոնի պետ Էդգար Միսակյանի հետ, ով ասաց. «Կանխատեսման մեթոդիկայի հիման վրա ամեն տարի հաշվարկվում է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրությունը տարեվերջին: Եվ հաշվարկը կատարվում է արդեն 170 մլն խմ ջրառի դեպքում, ջրգծվում է պայմանավորված եղանակակլիմայական պայմաններով, իսկ դրանով էլ պայմանավորված ջրային ռեսուրսների ներհոսքը Սևանա լիճ: Ըստ կանխատեսումների, եթե 25 մլն խմ-ից ավել ջրառ իրականացվեր Սևանա լճի մակարդակը բացասական կփակվեր, այսինքն՝ հունվարի 1-ի դրությամբ, այս տարվա դեկտեմբերի 31-ին բացասական կլիներ: Որպեսզի տեսնենք հաշվեկշիռը դրական է, թե բացասական, իհարկե, դա հայտնի կլինի տարվա վերջում՝ դեկտեմբերի 31-ին, մեր ամենօրյա հրապարակումներում կտեսնեք: Այդ ժամանակ կլինի հստակ տեղեկատվություն, թե որ մակարդակի վրա է գտնվում և կարելի կլինի համեմատել նախորդ տարվա հետ»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել ոռոգման ոլորտում առկա խնդիրներին և այսպես կոչված «ստվերային այգիներին»: Վերջինս գրել է. «Ոռոգման ջրի արդար բաշխման ու ոռոգման համակարգի սպասարկման կարևոր խոչընդոտներից մեկը «ստվերային այգիներն» են, որոնք փաստացի ջուր են օգտագործում, բայց չունեն պայմանագրեր և, ըստ այդմ, չեն վճարում օրինական վճարները։ Եվ ահա ձեզ եմ ներկայացնում փաստացի ոռոգվող հողատարածքների քարտեզի մի հատված, որը ստացվել է արբանյակային պատկերների վերլուծության միջոցով։ Սա իմ գրասենյակի և մի մասնավոր հետազոտողի համագործակցության արդյունքն է: Կապույտով այն հողերն են, որոնք փաստացի ոռոգվում են, իսկ սև շտրիխներով այն հողերը, որոնց համար ջրօգտագործողների ընկերությունների հետ կնքվել են պայմանագրեր։
Ոռոգման համակարգի ստվերային բաշխում
Այս աշխատանքի արդյունքում «ստվերային այգիները» կբացահայտվեն և կստանան համապատասխան գրանցում, ինչի արդյունքում կստանանք ոռոգվող հողատարածքների իրական պատկերը:
Հարկ եմ համարում ընդգծել, որ համապատասխան գերատեսչությունները պետք է սկսեն էլ ավելի ինտենսիվ կիրառել նորագույն տեխնոլոգիաները նման ուսումնասիրություններում, և այսպիսի խնդիրները պետք է րոպեների ընթացքում բացահայտված լինեն»։
Նշենք նաև, որ Սևանա լճի բացասական հաշվեկշռի պարագայում խախտվում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը, որում հստակ ասվում է. «Հոդված 11. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման պետական քաղաքականության հիմնական սկզբունքները ... բ) Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառումը և լճի էկոլոգիապես անհրաժեշտ մակարդակի բարձրացման ապահովումը»:
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր Սևանի խնդիրը: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը՝ պատասխանելով հաջորդ տարի հավելյալ ջրառը «չմարսելու» մասին հարցին, ասաց. «Եկեք այսօր ևս պատրաստ լինենք, մյուս տարի ևս մարսելու: Կառավարությունը նոր է, երիտասարդ, բայց խնդիրները շատ հին և շատ են: Ես խնդրում եմ սա շատ լուրջ ընդունեք՝ ես որևէ պոպուլիստական հայտարարություններ պատրաստ չեմ անելու, ես ավելի ռեալ պետք է մոտենամ խնդրին, որովհետև դա չի նշանակում, որ 5-6 ամիս հետո մենք բոլոր խնդիրները լուծած կլինենք և Սևանից ջուր չենք վերցնելու: Ժողովուրդ ջա՜ն, էլի վերցնելու ենք, բայց պետք է աշխատենք հնարավորինս կազմակերպել, կառավարել, որպեսզի ինչպես այս տարի կարողանանք հնարավորինս ավելի քիչ դիմել Սևանին: Սա ես կարող եմ ձեզ ասել»:
Ինչպես ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել է Բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը. « ...եթե Սևանը կորցրեցինք, ապա միլիարդներով չենք կարողանալու հետ բերել, որովհետև Սևանի վիճակը լուրջ է: Ինձ համար ժամանակավոր լուծումներ, «յոլլա» գնալն ընդունելի չէ: Այդ խնդիրը մեկ օր պետք է լուծվի, որովհետև Սևանը հիվանդ է: Սա խաղ ու պար չէ: Ջրային կոմիտեն «սովորել է» ու ցանկացած տարբերակով հենվել է Սևանի վրա որպես պահեստային տարբերակ»: