Բնապահպանության նախարարությունը ՀԷԿ-երի ոլորտում կարևոր փոփոխություններ է ձեռնարկել
Օրերս տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Խորհրդարանականների քննարկմանը ներկայացվել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի՝ հաշվի առնելով, որ վերջին տարիներին փոքր ՀԷԿ-երի զարգացմանը զուգընթաց առաջացել են էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ՝ կառավարությունը որոշել է դրանց կառուցման համար կիրառել սահմանփակումներ: Փաստաթղթով ամրագրվել են փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար արգելված գոտիների և գետերի ցանկը: Դրանք այն գետերն են որոնք գրանցված են կարմիր գրքում և ջրերում առկա են էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր: Կարգելվեն նաև փոքր ՀԷԿ-երի կառուցումն այն վայրերում, որտեղ շրջանցվում են ջրաչափերը և տարածքում կան հուշարձաններ:
Առաջարկներն ընդունելի են պատգամավորների համար: Նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող օրինագծերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքում կարող եք ծանոթանալ վերոնշյալ օրենքի նախագծին ամբողջությամբ:
«ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման հիմնավորման մեջ ասվում է. «Վերջին տարիներին փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ընթացքում առաջացել են էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք ոլորտը դարձրել են բարձր ռիսկայնության և հրատապ լուծում են պահանջում:
Փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը էական վնաս է հասցնում բնությանը, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց նկատվում է կենսաբազմազանության կորուստ, վտանգվում են Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական տեսակները, գետերը ծանրաբեռնվում են դերիվացիոն խողովակներով և հայտնվում ճգնաժամային վիճակում:
Ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը և հավասարակշռությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և գետերի ցանկը, որոնք կկանխարգելեն շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները»:
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակված նախագծով ակնկալվող արդյունքն է. ««Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ջրաէկոհամակարգի պահպանությանը և հավասարակշռության ապահովմանը»: