Ինչ է քննարկել փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ

Հոկտեմբերի 19-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ընդունեց Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների:

Հանդիպման ընթացքում պղնձաձուլարանի աշխատակիցները նշեցին, որ գործարանի հավանական փակման դեպքում շուրջ 630 աշխատակիցներ կկորցնեն աշխատանքը, ինչը կհանգեցնի Ալավերդի քաղաքում սոցիալական վիճակի կտրուկ վատթարեցմանը: Աշխատակիցների հիմնական պահանջն էր ապահովվել պղնձաձուլարանի հետագա աշխատանքը՝ անկախ դրա պատկանելիության հարցից:

Վարագ Սիսեռյանը նշեց, որ Տիգրան Ավինյանի գրասենյակը անընդհատ կապի մեջ է պղնձաձուլարանի ղեկավարության հետ և այժմ լուծումներ են փնտրվում՝ գործարանի աշխատանքը չդադարեցնելու նպատակով: Երկուշաբթի նախատեսվում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը, որի արդյունքում ակնկալվում է, որ հստակ կլինի թե որ ուղղությամբ են հետագա աշխատանքները տարվելու:

Վարագ Սիսեռյանը նաև հավելեց, որ անկախ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից, անհրաժեշտ է աշխատանքներ տանել նոր ներդրումներ ներգրավվելու և հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ, որոնք կբերեն աշխատատեղերի ստեղծմանը և մարզերի, քաղաքային և գյուղական համայնքների կայուն զարգացմանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրեցին՝ պահանջելով շարունակել գործարանի աշխատանքները: 

«SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը մեզ հետ զրույցում հայտնեց. «Հիմնականում խոսքը երկու հարցի մասին է. առաջինը, որ թույլ տրվի, որպեսզի գործարանն արտանետումներն իրականացնի նորմայից 7-8 անգամ ավել և մյուսը, որ Կառավարությունը միջամտի և թույլ չտա, ՎՏԲ բանկին պարտավորությունների դիմաց վերցնել գործարանը: Դեռևս հստակ հայտարարություն չկա, միգուցե այսօր ինչ-որ բան պարզ լինի»:

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ «Էյ-Սի-Փի» ՓԲԸ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքային կոլեկտիվը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գրելով. «... Ալավերդու պղնձաձուլական գործարանի կոլեկտիվն այսօր գտնվում է անորոշության մեջ. մենք չգիտենք մեր հետագա ճակատագիրը: Ընկերության աշխատանքով ապահովվում է Ալավերդի քաղաքի բնականոն կյանքը: Գործարանի փակվելը նշանակում է Ալավերդու և հարակից շրջանների բնակչության արտագաղթ»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում