Ալավերդցիների պատվիրակությունը գալիս է Երևան հանդիպելու Տիգրան Ավինյանի հետ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրավիրել է Ալավերդիում ակցիա իրականացնող աշխատակիցների պատվիրակությանը հանդիպման և 10 հոգանոց պատվիրակությունն այս պահին ուղևորվում է Երևան: Այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրուցում ասաց «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը: 

Նշենք, որ այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներն այսօր փակել էին միջպետական ճանապարհը՝ պահանջելով խնդրի լուծում: Այս պահին գործարանն տեխնիկապես ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքները, իսկ մինչ այս՝ արտադրություն չէր տալիս, բայց վառարանները վառվում էին: Փոխվարչապետի հրավերից հետո քաղաքացիները բացել են ճանապարհը:

«Որքանով տեղյակ եմ, պատվիրակության կազմում գործարանի սեփականատերերից չկան. միայն աշխատակիցներ են: Հարցի շուրջ Կառավարության դիրքորոշումը դեռևս պարզ չէ: Իմ տեղեկություններով այսօր չի կայացել նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու ընկերության սեփականատերերի հետ հանդիպումը»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Ինչպես հայտնել ենք, օրերս տեղի է ունեցել «Վալլեք» խմբի ընկերությունների սեփականատեր Վալերի Մեջլումյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խնդրի շուրջ առաջին հանդիպումը: Օլեգ Դուլգարյանը հայտնեց, որ հանդիպման ընթացքում բնապահպանական տուգանքի չեղարկման հարց չի քննարկվել:

«Հիմնականում խոսքը երկու հարցի մասին է. առաջինը, որ թույլ տրվի, որպեսզի գործարանն արտանետումներն իրականացնի նորմայից 7-8 անգամ ավել և մյուսը, որ Կառավարությունը միջամտի և թույլ չտա, ՎՏԲ բանկին պարտավորությունների դիմաց վերցնել գործարանը: Դեռևս հստակ հայտարարություն չկա, միգուցե այսօր ինչ-որ բան պարզ լինի»,- եզրափակեց «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամը:

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ «Էյ-Սի-Փի» ՓԲԸ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքային կոլեկտիվը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գրելով. «... Ալավերդու պղնձաձուլական գործարանի կոլեկտիվն այսօր գտնվում է անորոշության մեջ. մենք չգիտենք մեր հետագա ճակատագիրը: Ընկերության աշխատանքով ապահովվում է Ալավերդի քաղաքի բնականոն կյանքը: Գործարանի փակվելը նշանակում է Ալավերդու և հարակից շրջանների բնակչության արտագաղթ»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում