Ով է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարարը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օրերս հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Գարեգին Բաղրամյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական նախարար Արթուր Գրիգորյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ Գարեգին Բաղրամյանը նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ապահովելով էներգետիկ համակարգի կայուն զարգացումը՝ կունենանք տնտեսության բավականին մեծ աճ: «Ամեն ինչ պետք է անենք: Կան ծրագրեր: Չհաջողելու իրավունք չունենք: Կարծում եմ, որ պետք է ապացուցեմ, որ նշանակման մեջ չեք սխալվել, պարոն վարչապետ»,- ասել է նա:
Նշենք նաև, որ այս տարվա հունիս ամսին Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ: 2013թ.-ին վերջինս հանդիսացել է նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ: Մասնավորապես 2013թ.-ի մայիս ամսին Գարեգին Բաղրամյանը հայտարարեց գազի սակագնի բարձրացման մասին՝ 1 խմ գազի դիմաց որպես նոր գին սահմանվեց 156 դրամը: