Ինչպիսի իրավիճակ է Ալավերդու պղնձաձուլական գործարանում. Տեսչական մարմնի ստուգումների արդյունքներ
«Ալավերդու ձուլարանում տեսչական ստուգումներն ավարտեցինք: Մթնոլորտային օդի և ջրերի աղտոտման, թափոնները ոչ պատշաճ պահպանելու համար շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 380 միլիոն դրամ, որը ներկայացվել է ACP ընկերությանը վճարելու համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:
Վերջինս մանրամասնում է. «Ստուգման արդյունքներից ելնելով՝ տեսչական մարմինը պետք է ընկերությանը հանձնարարական տա խախտումները վերացնելու մասին: Նախապես որոշվել էր ընկերությանը պարտավորեցնել իրականացնել որոշակի միջոցառումներ արտանետումները նվազեցնելու համար, սակայն ընկերության ներկայացուցչի հետ այդ հարցը քննարկելիս եկանք այն եզրահանգման, որ դա ինքնախաբեություն է, որով զբաղվել են նախորդ իշխանությունները՝ տրված թույլտվությանը զուգահեռ 2013-2017 թվականների համար նմանօրինակ պայմաններ ներկայացնելով: Դրանք իմիտացիոն պայմաններ էին, որոնք չէին կարող իրականացվել (ֆիլտրեր տեղադրելու և այլ եղանակներով ծծմբի անհիդրիդի և այլ տարրերի արտանետման ծավալների նվազեցում 90 և այլ տոկոսներով և այլն):
Իրավիճակից ելնելով՝ մենք ընկերությանն առաջարկեցինք այս հարցի վերաբերյալ Ալավերդիում կազմակերպել հանրային քննարկում և իրականության վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը ներկայացնել մարդկանց: Հանրային քննարկման արդյունքում կներկայացվի առկա իրողությունը և ձուլարանի հետագա գործունեության հնարավոր հեռանկարները: Քննարկման արդյունքները կնպաստեն, որ բնապահպանական տեսչությունը հստակեցնի ստուգման արդյունքներով ներկայացվելիք հանձնարարականի շեշտադրումները:
Անձամբ ինձ համար սա նաև լուրջ մարտահրավեր է հետագայում ևս վարչարարության և պետական մարմնի կողմից որոշումների ընդունման գործընթացում հանրային գործուն մասնակցություն ապահովելու համար, ինչը կարող է լինել ուղիղ ժողովրդավարության պրակտիկ դրսևորում: Քննարկումը կլինի երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի մեկին, ժամը 11:00-ից, Ալավերդու մշակույթի պալատում: Հրամմեցեք»: