Սևանա լճի հաշվեկշիռը բացասական է. ԱԻՆ կանխատեսումներ
Սեպտեմբերի 21-ի դրությամբ Սևանա լճից տարվա ընթացքում բաց թողնված ջրի ծավալը կազմել է 195.757 մլն խմ ջուր: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հրապարակած տվյալներից: Սա նշանակում է, որ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի կողմից նշված հավելյալ 25 մլն խմ ջրառն արդեն իսկ իրականացվել և գերազանցվել է:
Նշենք, որ շեշտը դրվում է 25 մլն հավելյալ ջրառի վրա, քանի որ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսմամբ, հենց այդ ծավալը գերազանցելու դեպքում լճի հաշվեկշիռը կդառնա բացասական: «Ամեն ինչ անելու ենք, որ առաջին փուլի համար նախատեսված 25 մլն խմ ջուրը չգերազանցենք, եթե իհարկե ամառն իր լիազորությունները շատ չչարաշահի»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ նշել է Ջրային կոմիտեի նախագահը:
Սևանա լճի բացասական հաշվեկշռի մասին մենք /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ զրուցեցինք ԱԻՆ հիդրոլոգիայի կենտրոնի պետ Էդգար Միսակյանի հետ, ով ասաց. «Կանխատեսման մեթոդիկայի հիման վրա ամեն տարի հաշվարկվում է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրությունը տարեվերջին: Եվ հաշվարկը կատարվում է արդեն 170 մլն խմ ջրառի դեպքում, ջրգծվում է պայմանավորված եղանակակլիմայական պայմաններով, իսկ դրանով էլ պայմանավորված ջրային ռեսուրսների ներհոսքը Սևանա լիճ: Ըստ կանխատեսումների, եթե 25 մլն խմ-ից ավել ջրառ իրականացվեր Սևանա լճի մակարդակը բացասական կփակվեր, այսինքն՝ հունվարի 1-ի դրությամբ, այս տարվա դեկտեմբերի 31-ին բացասական կլիներ: Որպեսզի տեսնենք հաշվեկշիռը դրական է, թե բացասական, իհարկե, դա հայտնի կլինի տարվա վերջում՝ դեկտեմբերի 31-ին, մեր ամենօրյա հրապարակումներում կտեսնեք: Այդ ժամանակ կլինի հստակ տեղեկատվություն, թե որ մակարդակի վրա է գտնվում և կարելի կլինի համեմատել նախորդ տարվա հետ»:
Ընդգծենք, որ հավելյալ ջրառի իրականացման նախնական օրերին ԱԻՆ հիդրոմետ ծառայությունն ամեն օր ներկայացնում էր Սևանից իրականացվող հավելյալ ջրառի մասին տեղեկություններ, սակայն երբ ընդհանուր ջրառի թիվը մոտեցավ 193 մլն խմ ծավալին (սեպտեմբերի 10-ից), ծառայությունը որոշ ժամանակ դադարեցրեց տվյալներ ներկայացնել: Միայն մեր ճշգրտող զանգից հետո (սեպտեմբերի 13) ԱԻՆ պաշտոնական էջում տեղեկությունը թարմացվեց, սակայն ցուցանիշների չնչին փոփոխությամբ. մի քանի օր ջրառի թիվը տատանվում էր 193-194 մլն խմ ծավալի շրջանակներում:
ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից ներկայացված ցուցանիշների աղյուսակը ցույց է տալիս ջրառի տեմպը սեպտեմբերի 7-ի դրությամբ:
Ներկայացնենք նաև վերջին օրերին իրականացվող ջրառի ծավալները:
Զրուցեցինք նաև «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանի հետ, ով նշեց, որ թվերի մասին հստակ տեղեկատվություն հայտնի կլինի մոտ օրերս, բայց անզեն աչքով տեսանելի է լճի մակարդակի իջեցման ծավալները: «Մենք միշտ իրենց ներկայացրած թվերի հետ էլ ենք կռիվ տալիս: Այն, որ լճի մակարդակն իջել է, փաստ է, բայց նախորդ տարվա հետ համեմատականով, իրենց ներկայացրած թվերի արժանահավատության մասին տվյալներ հայտնի կլինի մի քանի օր անց: Դա հեքիաթ է, ի՞նչն էլ խոշորացույցով նայելու, ինչպե՞ս են նայելու, ո՞վ է նայելու... »,- մանրամասնեց նա:
Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ եթե տվյալները հավաստի են, ապա խախտվում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը: «Օրենքով, Սևանի հաշվեկշիռն իրավունք չունի բացասական լինելու, պետք է ապահովել դրական հաշվեկշիռը: Եվ դա արվել է ոչ թե հենց այնպես, այլ որ լիճը կայուն վիճակում մնա: Շատ ու շատ անգամ կրկնել եմ, որ լճի այդ մշտական տատանումները տանում են էկոհամակարգի վիճակի վատացման և եթե այս տարի էկոհամակարգի վիճակն արդեն վատ էր, բնականաբար մակարդակի իջեցումն պետք է ավելի վատացնի լճի վիճակը: Եթե կլիմայական պայմանները նորից լինեն այնպիսին, ինչպիսին այս տարի էր, այսինքն՝ ջերմաստիճանը բարձր լինի, ապա իջեցման պայմաններում մենք ավելի վատ և խորացված երևույթներ կունենանք: Եվ տարեցտարի այդ գործընթացներն ավելի կխորանան, եթե չդադարեցնեն այդ ամենամյա հավելյալ ջրբացթողումները»:
«Սևանա լճի մասին» ՀՀ օրենք, Գլուխ 3. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 11. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման պետական քաղաքականության հիմնական սկզբունքները
...
բ) Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառումը և լճի էկոլոգիապես անհրաժեշտ մակարդակի բարձրացման ապահովումը.
...
Տիկին Ղուկասյանը նշում է, որ պետք է ապահովել լճի դրական հաշվեկշիռը, ինչն արվում է մի շարք միջոցառումների միջոցով. Օրինակ՝ ջրբացթողումների կրճատում, Արփա-Սևան թունելի միջոցով բերվող ջրի քանակի ապահովում և այլն:
«Բայց այդ միջոցառումները մեր ձեռքին չեն, մենք բնությունից ենք կախված. եթե գետերում հոսքը քչացավ, բնականաբար ջրի ջերմությունն էլ բարձր եղավ գոլորշիացումը մեծ է լինելու և Սևան ավելի քիչ ջուր է հասնելու: Սևանի խնդիրը որտեղի՞ց էր ծագել. ջրի մեծ գոլորշունակության պատճառով 13 լ ջրից 12 լ-ը գոլորշիանում էր և դրա համար որոշել էին իջեցնել մակարդակը, հիմա մենք նույն սխալն ենք թույլ տալիս: Մենք այդ մեծ գոլորշունակության պայմաններում նորից լճի մակարդակ ենք իջեցնում»,- մանրամասնեց Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը:
Մեր ճշգրտող հարցին, թե առկա է արդյո՞ք լճի ճահճացման վտանգ, տիկին Ղուկասյանը նշեց. «Դե բնականաբար, եթե մի քանի տարի այդ տեմպերով շարունակվի ջրի ծաղկումը, ջրիմուռները մահանալուց հետո կուտակվելու են հատակում, օրգանական նյութերի մեծ լրացուցիչ պաշար է մտնելու լիճ և կենսաարդյունավետության երևույթները մեծանալու են, այսինքն՝ լիճը կգնա դեպի էֆտրոֆացման, վիճակի վատացման, ջրի որակի վատացման, ճահճակալման երևույթների ակտիվացման և այլն»:
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր Սևանից արդեն բաց է թողնվել շուրջ 26,5 մլն ( Ըստ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության՝ 25.7 մլն խմ ) խմ ջուր: Նախարարի խոսքով վարչապետի հանձնարարականով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն արդեն բազմաթիվ չարաշահումներ է հայտնաբերել: «Այսինքն այն պահին, երբ ՋՕ-ն ջուրը վերցնում է, այդ հատվածում կարծես ամեն ինչ լավ է, բայց մինչև ՋՕ-ի կողմից դրա ստանձնումը, մենք ջրառի հատվածում ունենք ապօրինի ջրային խողովակներ, որոնք սպասարկում են տարբեր հողօգտագործողների, համայնքների: Մենք ունենք բազմաթիվ պայմանագրեր չունեցող հողատարածքներ, և գյուղացիներն ասում են՝ այո, մենք դրա համար վճարում ենք, բայց վճարում ենք ավելի ցածր սակագին և մեզ ձեռնտու է այդքան վճարել: Այսինքն ունենք պաշտոնյաներ, որոնք քաջ իմանալով սրա մասին, շարունակում են չվերահսկել ջրային պաշարները և Սևանը շատերի համար շարունակում է հանդիսանալ անսպառ ջրային պաշար, որից կարելի է մշտապես օգտվել ու գումարներ գերենացնել, որոնք չեն մտնում բյուջե»,- հայտարարեց նախարարը: