Երևանի նորընտիր քաղաքապետը խոստացել է 500 000 ծառ տնկել. ծրագրի բնապահպանական մաս
Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններում ձայների մեծմասնությամբ հաղթանակ տարավ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, ինչը նշանակում է, որ Երևան քաղաքն օրերս նոր քաղաքապետ կունենա՝ Հայկ Մարության: Վերջինիս օգտին քվեարկել է ընտրողների 81.06 տոկոսը` 294 109 ընտրող, երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է ՝ 6,95 տոկոս արդյունքով կամ 25 219 ընտրող: Հավաքված քվեների քանակով երրորդը «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով կամ 18 112 ընտրող:
Նշենք, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքն իր նախընտրական ծրագրում մի քանի կետեր է առանձնացրել «Աղբահանություն» և «Շրջակա միջավայր և առողջ ապրելակերպ» խորագրով: Այսպիսով «Աղբահանություն» խորագրի տակ ներկայացված են՝
- Վերանայել Երևանի փողոցների մաքրման, աղբահանության և ձնամաքրման աշխատանքների կազմակերպման գործընթացը:
- Հիմնել աղբի վերամշակման գործարան:
- Տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծել աղբը տարանջատված տարաներում թափելու հնարավորություն:
«Քաղաքաշինություն» խորագրի ներքո նշված է.
- Արևային էներգիայի և էներգախնայող համակարգերի օգտագործմամբ ընդլայնել փողոցների լուսավորման ցանցը:
«Շրջակա միջավայր և առողջ ապրելակերպ» խորագրի ներքո.
- Տնկել 500 000 ծառ մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Ստեղծելով ոռոգման համակարգ` կանաչապատել Նորքի անտառները և Սարալանջի փողոցին հարակից տարածքները: Ծանր մետաղներով աղտոտված տարածքներում տնկել դրանք չեզոքացնելու հատկություն ունեցող բուսատեսակներ:
- Բարեկարգել և ընդլայնել հանրային կանաչ տարածքները:
- Վերագործարկել բոլոր չգործող շատրվաններն ու նախաձեռնել նորերի կառուցումը:
- Թափառող շների գլխաքանակի կառավարման համար կիրառել բացառապես ստերջացման մեթոդը:
- Վարչական բոլոր տարածքներում հատկացնել վայրեր շների զբոսանքի համար:
- Մաքրել հանրային նշանակության տարածքները, այդ թվում` Հրազդանի կիրճը, Երևանյան լիճը և դրա շրջակայքը»: