«Սևանի իշխան»-ը շեղվել է ծրագրային ցուցանիշներից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Վարչապետն այցելել է Լճափ և Կարճաղբյուր համայնքներ` ծանոթացել «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» ընթացքին: Ծրագիրն իրականացնում են «Սևանի իշխան» և «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունները` ստեղծված «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից: Կառավարության պահուստային ֆոնդից 2013-2017 թթ. համալիր ծրագիրն իրականացնելու նպատակով հիմնադրամին որպես նվիրաբերություն հատկացվել է 9,0 մլրդ դրամ:

Նիկոլ Փաշինյանը նախ եղել է Լճափ համայնքում գործունեություն ծավալող «Սևան Ակվա» ընկերության ցանցավանդակային տնտեսությունում: Կառավարության ղեկավարին ներկայացվել են լճում տեղակայված ցանցերը, Սևանի իշխանի Գեղարքունի և Ամառային տեսակի մանրաձկան բաց թողնման աշխատանքները: Նշվել է, որ 2018 թ. հուլիսի 1-ի դրությամբ փաստացի առկա ձկան քանակը կազմում է 92 տ: Լճափից վարչապետն ուղևորվել է Կարճաղբյուր համայնք, որտեղ շրջայց է կատարել «Սևանի իշխան» ՓԲԸ ձկնարտադրության համալիրում, ծանոթացել մանրաձկան արտադրության գործընթացին, գործարանի արտադրական հզորություններին:

Այնուհետև վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամիվարչական շենքում տեղի է ունեցել խորհրդակցություն` շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և հիմնադրամի ղեկավար կազմի մասնակցությամբ: Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է ծրագրի իրականացման շրջանակում կատարված աշխատանքների, արձանագրված արդյունքների և առկա խնդիրների մասին. 2015-2018 թթ. ընթացքում բաց է թողնվել շուրջ 2,355,000 մանրաձուկ, իրականացվել է Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոլոգիական ընդհանուր խնդիրների գույքագրում և ջրի որակի վերահսկողություն, կառուցվել է Հայաստանում 1-ին ջրի փակ շրջանառության համակարգով աշխատող 50 տ հզորությամբ մանրաձկան գործարան, Սևանա լճում ստեղծվել է ցանցավանդակային տնտեսություն, կազմակերպվել է վերամշակված ձկնամթերքի արտադրությունու իրացում: Պատասխանատուների խոսքով, սակայն, իրացումներից ակնկալվող ծավալները որոշակիորեն շեղվել են ծրագրային ցուցանիշներից մի շարք պատճառներով, ինչպիսիք են տարերային ձկնորսությունը, ձկների հիվանդությունները, գետերից անկանոն ջրառը, ձվադրավայրերի խնդիրները:

Վարչապետը կարևորել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» արդյունավետ իրականացումը և հանձնարարել պատասխանատուներին` կառավարություն ներկայացնել ծրագրի հետագա շահութաբերության կանխատեսումների վերաբերյալ գնահատական` ծրագրի հետագա ընթացքին վերաբերող հարցերը քննարկելու համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում