Կնվազեն ջերմոցային գազերի արտանետումները՝ ապահովելով 50-60 տոկոս էներգախնայողություն

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի նիստը։

Կանաչ կլիմայի հիմնադրամի /ԿԿՀ/ կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող վերոնշյալ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում առկա շենքերի ֆոնդից ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը՝ շենքերի ջերմային մեկուսացմամբ ապահովելով մոտ 50-60 տոկոս էներգախնայողություն: ԿԿՀ-ի կողմից աշխարհում ֆինանսավորված 10-րդ, իսկ եվրասիական տարածաշրջանում առաջինը համարվող այս ծրագրի իրականացման համար տրամադրվել են 20 մլն դոլար դրամաշնորհային միջոցներ:

Ծրագրի խորհրդի համանախագահներ Էրիկ Գրիգորյանի և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիասինի ներածական խոսքերից հետո նիստի մասնակիցները հաստատել են օրակարգը և խորհրդի նոր կազմը։

Պատասխանելով նախարար Էրիկ Գրիգորյանի հարցին, թե արդյո՞ք հաշվի են առնվել նախորդ նիստի ժամանակ հնչած ջերմամեկուսացվող հանրային շենքերի չափաբաժինը և բնակելի շենքերի համար նախատեսված ֆինանսական սուբսիդիայի չափերը մեծացնելու մասին առաջարկությունները՝ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը տեղեկացրել է, որ փոփոխությունների ծրագրային հայտն ուղարկվել է ֆինանսավորող կազմակերպությանը։

Ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը խորհրդին է ներկայացրել մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները և տարեկան աշխատանքային պլանը։ Հետագա աշխատանքների և լուծելիք խնդիրների մասին զեկույցով հանդես է եկել Ծրագրի միջազգային տեխնիկական խորհրդատու Մարինա Օլշանսկայան։

Քննարկումների արդյունքում խորհուրդը հաստատել է նախորդ ժամանակահատվածում ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում