Մանրամասներ. Ամուլսարում հայտնաբերվել է նոր կարմիրգրքյան բույս և թիթեռ

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկվել է նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը: 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն մանրամասներ է հայտնել ստուգման առնչությամբ. «Ստուգման արդյունքում բացահայտվել են նոր էկոլոգիական գործոններ: Դրա հիման վրա մենք որոշում են կայացրել Բնապահպանության նախարարությանն առաջարկություն ներկայացնել ուժը կորցրած ճանաչելու եզրակացությունը, որը տրամադրվել էր Ամուլսարի հանքավայրի շահագործման համար: Եվ ընկերությանը հանձնարարել ենք ձեռնպահ մնալ որոշակի գործողությունների կատարումից, մասնավորապես՝ ընդերքօգտագործման հետ կապված ցանկացած գործունեություն, այդ թվում՝ շինարարական աշխատանքներ, մինչև նոր փորձաքննական եզրակացություն տրամադրելը: Ներգրավել ենք կենսաբազմազանության ոլորտի տարբեր մասնագետների, ովքեր իրենց ուսումնասիրության արդյունքում բացահայտել են մեկ կարմիրգրքյան բուսատեսակ՝ ոզնաթուփ մեխակ և մեկ կենդանական աշխարհի ներկայացուցիչ՝ Ապոլոն տեսակի թիթեռ: Դա հայտնաբերվել է այն վայրում, որը պետք է ենթարկվի ընդերքօգտագործման, այսինքն՝ բուն բացահանքի տարածքում»:

Նշենք, որ Ոզնաթուփ մեխակ (Acantholimon caryophyllaceum Boiss) բուսատեսակն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում և համարվում է խոցելի տեսակ (VU* B 1 ab(iii) + 2 ab(iii)): Տարածման շրջանի մակերեսը պակաս է քան 5000 քառ. կմ, բնակության շրջանի մակերեսը՝ պակաս քան 500 քառ. կմ: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում՝ կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ: 

Իսկ Ապոլոն (Parnassius apollo) տեսակի թիթեռը, որը նույնպես ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում, ընդգրկված է նաև միջազգային Կարմիր ցուցակում (IUCN): Նշված չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU A1cde: Տեսակը ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի Հավելված II–ում: Հայտնի է Գեղարքունիքի (ք. Ս ևան, գ. Սեմյոնովկա), Տավուշի (ք. Դիլիջան ), Կոտայքի (Հանքավան, Արզական, Ծաղկաձոր), Վայոց ձորի (Ջերմուկ ք., Գնիշիկ գ. շրջակայք), Սյունիքի (Լիճք, Շիշկերտ գգ. շրջակայք, ք. Քաջարան, Փխրուտ լքված գ.) մարզերից, Արայի լեռից: Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում և «Դիլիջան», «Սևան» ու «Արևիկ» ազգային պարկերում, ինչպես նաև մի շարք անտառային արգելավայրերում:

Նշված կենդանատեսակի վրա ազդեցությունը չի գնահատվել նախկինում և փորձաքննության չի ենթարկվել: Սա հանդիսանում է նոր էկոլոգիական գործոն, որովհետև «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքով արգելվում է ցանկացած տեսակի ընդերքօգտագործում այն տարածքներում, որտեղ կա կարմիրգրքյան կենսաբազմազանություն: Տվյալ պարագայում այդ կենսաբազմազանությունը բացահայտվել է: Դրա վրա ազդեցությունը գնահատված չէ և փորձաքննության ենթարկված չէ: Մենք փորձել ենք առավելագույնս անվիճելի հարցերի վրա կենտրոնանալ և ընկերության առարկություններով ակտից դուրս ենք թողել այնպիսի դրույթներ, որոնք կարող էին վեճի տեղիք տալ: Մեկ թիթեռի առկայությունն էլ բավական է, որպեսզի փորձաքննությունն ուժը կորցրած ճանաչվելու վերաբերյալ առաջարկությամբ հանդես գանք»,- մանրամասնում է Արթուր Գրիգորյանը: 

Այժմ, Բնապահպանության նախարարության իրավասության ներքո է գտնվում ուսումնասիրելով տվյալ առաջարկությունը որոշում կայացնել: 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում