Իրավական հակասություններ՝ Ամուլսարի ծրագրում. ինչպես է բացատրում «Լիդիան Արմենիա» ընկերությունը

Օրերս տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի հանդիպում, որտեղ քննարկվեցին կենսաբազմազանության հետազոտությունների շուրջ առաջացած խնդիրները և «Լիդիան Արմենիա» ընկերության փորձագետի կողմից ներկայացվեց թեմայի շուրջ լրցուցիչ տեղեկատվություն: «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից քննարկմանը մասնակցում էր միջազգային փորձագետ Ջոաննա Թրեուիք, ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը («Հայաստանի թռչունների պահպանման միություն» ՀԿ), ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ Գեորգի Ֆայվուշը, ընկերության Կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը և այլոք: Աշխատանքային խմբի անդամներից ներկա են եղել ԲԸՏՄ ղեկավար Արթուր Գրիգորյանը, փաստաբան Նազելի Վարդանյանը, «Փրո Փոուզ» միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը, բնապահպան Աննա Շահնազարյանը, EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանը, լրագրող Թեհմինե Ենոքյանը և այլոք:

Ջոաննա Թրեուիքը հայտնեց, որ իր հիմնական գործառույթն է եղել կենսաբազմազանության մասով կոորդինացնել աշխատանքները և հասցնել միջազգային ստանդարտներին: «Այսինքն, գործունեությունը պետք է համապատասխանեցվեր թե՛ տեղական ստանդարտներին, թե՛ միջազգային: Ձևավորվեց նոր թիմ ելակետային տվյալներ հավաքագրելու նպատակով: Կապ հաստատեցինք տեղի գիտական ինստիտուտների հետ՝ Բուսաբանության, կենդանաբանության ինտիտուտների և այլն: Թիմը սկսել է աշխատել 2011թ.-ից և ներգրավվել են բոլոր շահագրգիռ կողմերը, 2012թ.-ին մենք արդեն շատ լավ պատկերացնում էինք, թե տարածքում ինչի հետ գործ ունենք»,- նշում է Թրեուիքը: 

Հիշեցնենք, որ 2012թ.-ին ծրագրի տարածքի Արշակ տեղամասում հայտնաբերվել է հազվագյուտ մատնունի ծիրանավոր բուսատեսակը (Potentilla porphyrantha), որի համար էլ մշակվել են «պահպանման միջոցառումներ»:

Ջոաննա Թրեուիքը մանրամասնում է. «2013թ.-ին հանքի շահագործման տարածքը ճանաչվեց որպես մատնունի ծիրանավոր բուսատեսակի կրիտիկական աճելավայր/հաբիթաթ (Critical habitat), ինչը ենթադրվում էր, որ պետք է խոշոր ֆինանսական ներդրումներ արվեն կենսաբազմազանության պահպանման մասով»:

Նշենք, որ բուսատեսակը հայտնաբերվել է հայ բուսաբան-կարգաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեանորա Գաբրիելյանի կողմից, ով տարածք էր այցելել սեփական նախաձեռնությամբ: Գեորգի Ֆայվուշն ընդգծեց, որ տիկին Գաբրիելյանը տարածք էր այցելել մինչև իրենց խմբի դաշտային աշխատանքների սկիզբը, այդ իսկ պատճառով նրանցից առաջ էր ընկել:

Ջոաննա Թրեուիքը նշեց, որ տարածքը մինչ այդ հայտնի չէր, որպես աճելավայր (habitat). հայտնաբերվածը նոր պոպուլյացիա էր: Տարածքը աճելավայր է ճանաչվել ընկերության ֆինանսավորող կազմակերպությունների կողմից՝ IFC, Համաշխարհային բանկ և այլն, որոնք տվյալ դեպքում ունեն պահպանության տարբեր ստանդարտներ: Ֆինանսավորող ընկերությունները հաշվի են առնում և՛ IUCN ստանդարտները, և՛ մյուս հայտնի ստանդարտները, դրանք օգտագործում են սեփական ստանդարտը մշակելու համար և այդպիսով ճանաչում են տարածքը աճելավայր: Համաձայն ֆինանսավորող կազմակերպությունների պահանջների՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը մշակել է համապատասխան ծրագիր: Միջազգային ընդունված ստանդարտի համաձայն, գոյություն ունի «No Net Loss» (հավասարակշռության պահպանում) գաղափարը, ինչը նշանակում է, որ պատճառված վնասը պետք է վերադարձնել «+1» (պատճառված վնասից ավելին) սկզբունքով, և եթե ընկերությունը չհամապատասխաներ նշված սկզբունքին, ապա չէր ստանա ֆինանսավորում:

Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ 2010-2015թթ. իրականացվել է ելակետային տվյալների հավաքագրում, իսկ բույսը կրիտիկական հաբիթաթ ճանաչվել է 2013թ.-ին:

Բնապահպան Աննա Շահնազարյանը հարց բարձրցրեց, թե «Լիդիան Արմենիա» ընկերության հետախուզական աշխատանքների արդյունքում, որքանո՞վ է վնասվել կամ վնասներ կրել մատնունի ծիրանավոր բուսատեսակն ու դրա աճելավայրը: Ի պատասխան Բուսաբանության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ Գեորգի Ֆայվուշը նշեց. «Մատնունի ծիրանավոր բուսատեսակը ընդգրկվել է ՀՀ կարմիր գրքում 2010թ.-ի սկզբում, Կարմիր գրքում նշվում է տեսակի ընդամենը 2 պոպուլյացիա: Այսօր, մեր հետազոտություններից հետո, պարզ է դառնում, որ Հայաստանում կա 5 պոպուլյացիա, ընդ որում՝ Ամուլսարում հայտնաբերված նոր պոպուլյացիան գտնվել է միայն 2012թ.-ին և այդ պատճառով այն Կարմիր գրքում որևէ կերպ նշված չէ: Պարզվում է, Ամուլսարի պոպուլյացիան Հայաստանում ամենամեծերից մեկն է: Եվ ընդհանրապես այս տեսակը հանդիպում է միայն Հայաստանում, 2 պոպուլյացիա՝ Նախիջևանում և մեկը՝ հյուսիսային Իրանում: Վե՛րջ, այլևս ոչ մի տեղ չի աճում: Այդ պատճառով բավականին նեղ արեալային է և բնականաբար, պետք է ներառվի IUCN կարմիր ցուցակում, բայց դա դեռ արված չէ, քանի որ դա բավական բարդ բյուրոկրատական գործընթաց է, սակայն ժամանակի ընթացքում կարվի: Մինչև Ամուլսարում այդ տեսակի հայտնաբերելը, նախնական հետազոտությունների ընթացքում տեսակին ոչ մի վտանգ չի սպառնացել, ոչ մի բան տեղի չի ունեցել, քանի որ այն աճում է այնպիսի վայրերում, որտեղ ոչ մի աշխատանք չի տարվում. բույսն աճում է քարերի, ժայռերի արանքում և նախնական ուսումնասիրության ընթացքում ոչ մի վնաս չի կրել: Այսինքն, ամբողջ պոպուլյացիան ինչպես եղել, այդպես էլ մնացել է: Բույսով սկսեցին զբաղվել, երբ որ արդեն հայտնի էր, թե որ տարածքն է տուժելու հանքային գործունեության ընթացքում: Հետազոտվել է ամբողջ պոպուլյացիան և հաշվարկվել է մոտ 7000 հատ բույս: Այն տարածքում, որտեղ իրականացվելու է հանքային գործունեություն, մոտ 2000 օրինակ հատուկ եղանակով հավաքվել է և դրանք, կրկին ՀՀ կառավարության թույլտվությամբ, տեղափոխվել են Սևանի բուսաբանական այգի, որտեղ մոտ 1000-ը տնկվել են տարրաների մեջ և մոտ 1000-ն էլ տնկվել են հատուկ պատրաստված բլուրների վրա, մի քանիսն էլ բերվել են Երևանի բուսաբանական այգի: Այս աշխատանքների հիմնական նպատակը ոչ միայն տեսակի պահպանումն է, այլև պահպանումն ու բազմացումը, որպեսզի երբ աշխատանքներն ավարտվեն և սկսվի հողերի ռեկուլտիվացիոն աշխատանքները, բույսը հնարավոր լինի նորից վերադարձնել նույն վայրերը: Բացի այդ, հենց Ամուլսարի տարածքում ևս տարածք է հատկացվել բույսերի պահպանման համար: Ես կասեմ, որ այդ աճելավայրը մեր աշխատանքների հետևանքով չի վնասվել»:

Աննա Շահնազարյանը խնդրեց մեկնաբանել, թե այդ դեպքում ինչպես է իր զեկույցում IFC-ին նշում, որ հետախուզական աշխատանքների ընթացքում վնասվել է բույսի աճելավայրը: 

Ջոաննա Թրեուիքն ասաց. «Այս հարցի շրջանակներում ես IFC-ի հետ կապի մեջ եմ եղել: IFC առաջին այցի ժամանակ, երբ եկան, տեսան և հետախուզական աշխատանքների ժամանակ իրենց մոտ առաջացել են հարցեր-բողոքներ հորատման հրապարակների մաքրության հետ կապված, ճանապարհները բացելու հետ կապված: Ինչպես Գեորգին ասաց, տվյալ բույսն աճում է հատկապես քարակույտերի գլուխներին և ճանապարհները բացելու համար մենք այնտեղ պայթեցման աշխատանքներ չենք իրականացրել և չեմ կարծում, թե վնաս է հասցվել բույսին: Քանի որ այդ ժամանակ տվյալ տարածքները դեռ հետազոտված չեն եղել, չեմ կարող պնդել և կարծել, որ որևիցէ վնաս է հասցվել: Երբ մենք իմացանք, որ մատնունի ծիրանավորը տարածքում է, մենք հաշվել ենք ամեն մի բույսը և գրանցել՝ համոզվելու համար, որ աշխատանքներ իրականացնող մարդիկ չեն վնասի ու անգամ չեն քայլի այդ տարածքով: IFC հիմնական խնդիրները, հարցերը կապված են եղել կատարված աշխատանքների, ճանապարհների բացման հետ, բայց ոչ կոնկրետ հենց մատնունի ծիրանավորի»:

Կազմակերպության փորձագետը նշում է, տվյալ բույսի դեպքում մի պոպուլյացիան հենց բացահանքի վրա է, որտեղ հնարավոր չէ կիրառել միջազգային ընդունված փորձը՝ խոսափել վնասից: «Մենք առաջարկեցինք, որպեսզի առանձնացվի անձեռնամխելի տարածք, որտեղ նաև արջն է ապրում և բույսի մեծ քանակ կա, ու այդ տարածքում կազմակերպությունը չի պատրաստվում որևէ հանքարդյունաբերական գործունեություն և այլ միջոցառումներ իրականացնել»,- մանրամասնեց Թրեուիքը:

Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ գործունեության ընթացքում իրականացվելու է մոնիթորինգ, որի ժամանակ վերահսկվելու է ինչպես բույսերի կարգավիճակը, այնպես էլ տարածքում գտնվող արջի: Այս պատճառներով էլ ընկերությունը պատրաստվում է իրականացնել փոխհատուցման ծրագիրը՝ այս դեպքում «Ջեմուկ» ազգային պարկի ստեղծումը, որը նոր աճելավայր կհանդիսանա կենդանիների համար:

Բնապահպան Աննա Շահնազարյանն ընդգծեց, թե նշված մեթոդները՝ խուսափել, մեղմացնել և այլն, չեն դիտարկվում ՀՀ օրենսդրությամբ: «ՀՀ օրենսդրությունը միայն մեկ մոտեցում ունի և դա խուսափելն է բացարձակապես կամ նույնիսկ դրանից ավելի խիստ մոտեցում՝ բացարձակապես արգելումն է տնտեսական գործունեության, որտեղ կան վտանգված բուսատեսակներ: Հարցը հետևյալն է, ՀՀ օրենսդրությունն արգելում է, ոչ թե խուսափել, մեղմացնել և հետո փոխհատուցել, դրանք մեր օրենսդրությամբ նախատեսված չեն, ինչպես նաև ՀՀ կողմից ստորագրված «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիան է հստակ սահմանում, որ դա պետք է պահպանվի: Ինչպե՞ս է IFC ստանդարտի և ՀՀ օրենսդրության այս հակասությունը Դուք կամ հենց IFC-ն փորձում հասկանալ կամ լուծել»:

Մեջբերում. «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրք, հոդված 26. Ընդերքօգտագործման արգելումը

3) Հայաuտանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաև եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ:

«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք, հոդված 17. Բուսական աշխարհի հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող օբյեկտների պահպանությունը

Հողօգտագործողները, որոնց տարածքներում աճում են Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակներ, պարտավոր են միջոցներ ձեռնարկել դրանց պահպանության համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց աճելավայրերի վատթարացմանը:

Ընկերության փորձագետ Ջոաննա Թրեուիքը պատասխանեց. «Ըստ տեղի օրենսգրքի այդ կետը խնդիր է առաջացնելու ցանկացած հանքարդյունաբերողի կամ տնտեսվարողի համար, քանի որ այն ասում է՝ եթե կա կարմիրգրքյան տեսակ, այն չի մանրամասնում մեկ բույսի մասին է խոսքը, թե՞ պոպուլյացիայի: Այս պատճառով շատ դժվար էր աշխատել այդ կետի հետ, քանի որ մենք չգիտեինք, թե ի՞նչ է նախատեսված այս կետով, քանի որ Հայաստանն այնքան հարուստ է կենսաբազմազանության մասով, որ ինչ-որ գործունեություն ծավալելիս հնարավոր է գտնես մեկ կարմիրգրքյան բույս: Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել այդ կետի մասին և թե ի՞նչ է այն նշանակում: Այդ կետի պատճառով Հայաստանում ընդհանրապես դժվար կլինի հանքարդյունաբերությամբ զբաղվելը: Նախարարության հետ մենք քննարկել ենք, թե արդյո՞ք այդ կետը նշանակում է՝ մենք հաշվի ենք առնում անգամ մեկ բույսը և հեռանում ենք հիմա, թե՞ գտնում ենք խուսափելու եղանակներ»:

Ջոաննա Թրեուիքը նաև ընդգծում է, որ այլ ընկերության պարագայում հնարավոր է անգամ ոչ ոք չիմանար այդ պոպուլյացիայի մասին և տվյալ ընկերությունը պատասխանատու մոտեցում է ցուցաբերել և գործողություններն իրականացրել է միջազգային ստանդարտներին համապատասխան: Ընդգծենք, որ հանքի ծրագրի տարածքում մատնունի ծիրանավորն առաջին անգամ հայտնաբերվել է անկախ փորձագետ Էլեոնորա Գաբրիելյանի կողմից:

Նշենք, որ 2014թ.-ին ՀՀ Կառավարությունը որոշում է ընդունել ընդհանրապես Կարմիր գրքում ներառված բուսատեսակների հետ կապված, թե ի՞նչ կարելի է անել դրանց հետ: Ինչպես ասում է Ֆայվուշը, տվյալ որոշմամբ թույլատրվում է կարմիրգրքյան բուսատեսակները տեղափոխել հատուկ պահպանվող տարածքներ, բուսաբանական ինտիտուտների տարածքներ:

Մեջբերում. «ՀՀ բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում, մաս 2-րդ. բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման միջոցառումները.

4. Հողերում Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում (այսուհետ՝ կարմիր գիրք) գրանցված տվյալ բուսական տեսակի նոր պոպուլյացիաների հայտնաբերման դեպքում դրանց պահպանության նպատակով սույն կարգի 3-րդ կետով նախատեսված միջոցառումների հետ միասին տնտեսական գործունեություն իրականացնողները՝

1) առանձնացնում են օգտագործման նպատակով տրամադրված տարածքում պահպանվող գոտիներ, որոնք ունեն տեղական նշանակություն և անհրաժեշտ են կարմիր գրքում գրանցված բուսատեսակների` սույն կետում նշված նոր պոպուլյացիաների կենսունակության ապահովման նպատակով.

2) ժամանակավորապես սահմանափակում են առանձնացված պահպանվող գոտիներում տնտեսական գործունեության որոշ տեսակներ, եթե դրանք կարող են բերել նշված բուսատեսակների աճելավայրերի վիճակի վատթարացմանն ու պոպուլյացիաների կենսունակության խաթարմանը.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված միջոցառումների իրականացման անհնարինության դեպքում կարմիր գրքում, որպես տվյալ բույսի աճելավայր չգրանցված տարածքներից, բույսերի բնական վերարտադրության նպատակով տեղափոխում են տնտեսական գործունեության արդյունքում ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող բույսերի առանձնյակները տվյալ տեսակի համար նպաստավոր բնակլիմայական պայմաններ ունեցող որևէ բնության հատուկ պահպանվող տարածք կամ բուսաբանական այգիների տարածք, կամ կարմիր գրքում որպես տվյալ բույսի աճելավայրեր գրանցված որևէ տարածք, իսկ բույսերի սերմերը տրամադրում են համապատասխան մասնագիտացված կազմակերպությանը՝ գենետիկական բանկում պահելու և հետագայում տեսակի վերարտադրությունը կազմակերպելու նպատակով:

«Լիդիան Արմենիա» ընկերության Կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանն ասաց, որ վերոնշյալը միանշանակ չէ, քանի որ օրենսգիրքը դուրս է եկել 2012թ.-ին, իսկ ընկերությունն ունի այդ թույտվությունը դեռ 2009թ.-ից: «Բացի այդ, անհրաժեշտ էր ունենալ շատ բացատրություններ կամ ենթաօրենսդրական ակտեր վերոնշյալ կետի կապակցությամբ, թե չէ սխալ կարող է ընկալվել կամ ուղիղ չէ: Հետո, երբ դուրս եկավ Կառավարության որոշումը հնարավոր եղավ տեղափոխել»,- մանրամասնեց նա:

Նշենք, որ վերոնշյալ մեկնաբանությունները, որոնք ըստ ընկերության ներկայացուցիչների խոչընդոտել են օրենսգրքի տվյալ կետը հասկանալու գործում, բացակայում են նաև Կառավարության կողմից ընդունված որոշման մեջ: Այնուամենայնիվ, դա չի խանգարել ընկերությանը բույսի տեղափոխման ծրագիր իրականացնել:

Մեջբերում. «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրք, ընդունվել է 28.11.2011
«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք, ընդունվել է 23.11.1999
«ՀՀ բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում, ընդունվել է 31.07.2014

«Իմ կարծիքով, տվյալ որոշումը ընդերքի մասին օրենսգրքի հետ կապված չի, բայց որ ազդեցություն ունենում է, դա միանշանակ է: Այսինքն մի բան, որ տարածքում աճում է, կառավարության մի որոշումով մեզ թույլ են տալիս այնպես անել, որ դա այնտեղ չաճի: Բայց դա ինչպես են անում՝ միջազգային ստանդարտին համապատասխան, այո՛, միանշանակ: «Լիդիան Արմենիա» ընկերությունը հետևել է ՀՀ օրենսդրությանը, մենք չենք իրականացրել գործունեություն այն տեղերում, որտեղ արգելված է դա անել: Եղել է համապատասխան որոշում, դրանից հետո ներկայացվել է ՇՄԱԳ, անցել է ևս մեկ տարի, դրանից հետո մենք կնքել ենք նոր թույլատվություն 2015թ.-ի օգոստոսին, նոր իրականացրել ենք այդ աշխատանքները: Մենք չենք տեղափոխել ծաղիկը, մինչև տարբեր հաշվետվություններ չենք ներկայացրել, մենք շահագործում դեռևս չենք էլ սկսել: Այսինքն, ընկերությունը հետևել է ՀՀ օրենքին»,- ասաց Ա. Ստեփանյանը:

ԲԸՏՄ ղեկավար Արթուր Գրիգորյանն ընդգծեց, որ ամեն դեպքում, խնդիրը դիրքորոշումները հայտնելու մեջ է: «Տեխնիկական տեսանկյունից մեկ բան ասեմ: «Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքով իրավական ակտերը մեկնաբանվում են քերականական կանոններին համապատասխան: Եվս մեկ կանոն կա, որ եթե տվյալ նորմը ուղիղ չի պարունակում պայման, որը պահանջում է մեկնաբանություն կամ ենթաօրենսդրական ակտ, ապա դրա կարիքը չկա: Հիմա, «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածի բացարձակ քերականական մեկնաբանման համաձայն, ստացվում է, որ տվյալ տարածքում չի կարող իրականացվել ընդերքօգտագործում, եթե տվյալ օգտագործման արդյունքում տվյալ բուսատեսակի աճման վայրը վնասվում է: «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի և «Ընդերքի մասին» օրենսգրքի հարաբերակցության զուտ իրավական մասով ասեմ, որ այստեղ կա սուբորդինացիա իրավական ակտերի և օրենսգիրքն ավելի բարձր իրավական ուժ ունի, քան օրենքը տվյալ պարագայում: Սա բացարձակորեն է, և եթե օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է ավելի բարձր իրավական ակտում նախատեսված պայմանին, ապա գործում է ավելի բարձր իրավական ակտում նշված նորմը: Սա ես չեմ ասում հակադրվելու համար, զուտ իրավական տեխնիկան եմ ընդգծում»,- ասաց նա:

 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում