«Սրտի կսկիծով և վշտացած». Սևանա լճից հավելյալ ջրառ կիրականացվի

«Անկեղծ ասած, սա երևի մեր Կառավարության օրակարգում երբևէ եղած ամենաանցանկալի հարցերից է»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և սկսեց այսօր Կառավարության հերթական նիստը, որի ընթացքում քննարկվում էր Սևանա լճից մինչև 40 միլիոն խորանարդ մետր ջրառ իրականացնելու հարցը: 

«Շատ բուռն քննարկումներ եղան և այդ քննարկումների ընթացքում մեզ համար ակնհայտ դարձավ, որ կա որոշակի ռիսկ և մենք կարող ենք գյուղատնտեսության համար բավական վատ և փակուղային իրավիճակ ստեղծել, որը մյուս կողմից փակուղային է Կառավարության համար կրկնակի՝ մի դեպքում գյուղատնտեսության համար, մյուս կողմից այն քաղաքական համոզմունքի համատեքստում, որ Սևանա լճին չի կարելի վերաբերվել որպես տարրա և ցավոք, մեր ոռոգման համակարգի գործունեությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Մենք պետք է անպայմանորեն այդ հարցերի պատասխանները ստանանք»,- մանրամասնեց վարչապետը: 

Վարչապետը նշեց, որ եթե գոյություն ունի ջրային մաֆիա, ապա պետք է արագ կապիտուլյացիայի ենթարկվի: 

Նշված՝ 21-րդ հարցով առաջարկվում էր հավանություն տալ 2018թ.-ին Սևանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 210 մլն խմ ծավակը, այսինքն՝ հավելյալ ջրառը կկազմի մինչև 40 մլն խմ ծավալով ջուր: 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց. «Այս գործընթացի շրջանակում որոշակի հավելյալ գումարներ են առաջանալու և արդեն նույնիսկ մոտավորապես 1.6 մլրդ դրամ գումար ունենք այդ արտաբյուջետային հաշվին: Ես ուղղակի լրացնեմ, որ այդ գումարներն ուղղվելու են Սևանից ջրառի նվազեցմանն ուղղված միջոցառումներին: Այդպիսով, այդ հավելյալ գումարները նաև կօգտագործվեն հենց այն նպատակի համար, որ կանխվի Սևանից հետագա հավելյալ ջրառը»: 

Վարչապետը հավալեց, որ դեռ հունիսին խնդիր էր դրվել ամեն ինչ անել, որ հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չլինի, հետո իրեն զեկուցվել է, որ նման անհրաժեշտություն չի լինի, այնուհետև՝ որ կլինի, և այսպես շարունակ:

 

«Կառավարությունում մի քանի քննարկումներ են եղել, և քննարկման ժամանակ իրավիճակ ունեինք, որ դրա մասնակիցները երկու մասի էին բաժանվել. մի մասը պնդում էր, որ հնարավոր է կարիքները հոգալ առանց ջրառ իրականացնելու, իսկ մյուս մասը պնդում էր, որ հնարավոր չէ, և կկանգնենք աղետի առաջ: Մենք եկանք այն որոշման, որ երաշխավորելու համար իրավիճակն այսպիսի որոշում կկայացնենք, բայց մյուս կողմից կստեղծենք օպերատիվ խումբ, որը նույնսիկ օրենքի ընդունման պարագայում բոլոր մանրամասներով կուսումնասիրի իրավիճակը և կփորձի խնդիրները կառավարել այնպես, որ եթե կա որևէ գործնական հնարավորություն սեզոնը փակել առանց այս հավելյալ 40 մլն-ին կպնելու, այդ խնդիրը լուծել: Բայց ամեն դեպքում, ունենալ իրավիճակ, որ մարդ ես, եթե հանկարծ պարզվի, որ բերքը ոչնչանալու է կամ ոչնչանում է, մենք այնուամենայնիվ այս ջրառը իրականացնենք: Այդ 25 գումարած 15 մլն-ը մենք դիտարկում ենք, որպես պոտենցիալ գյուղատնտեսական աղետից խուսափելու ձև»,- մանրամասնեց վարչապետը:

Հնչեցին մի քանի հարցեր, որոնց ի պատասխան Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ասաց. «Ինչ վերաբերում է Սևանա լճի առկա իրավիճակին, մենք քննարկումներ ենք ունեցել Բնապահպանության նախարարության հետ և նախարարը նույնպես հավաստիացնում է, որ այս պահի դրությամբ Սևանա լճի նիշի հետ կապված տատանումը շատ չնչին է լինելու, սակայն կա Սևանա լճի կեղտոտվածության հարց, այն կայանները, որոնք պետք է գործեն, որպեսզի Սևանի ջուրն ավելի մաքուր լինի, այդտեղ մենք խնդիր ունենք: Հիմնական նպատակը լինելու է, որպեսզի այդ մաքրման կայանների վրա ծախսվեն գումարներ, որպեսզի Սևանա լճի էկո վիճակն ավելի արդյունավետ լինի: Արփա-Սևանի մասով այս պահին մենք աշխատանքային խումբ ունենք ձևավորված: Թունելում վերանորոգման աշխատանքներ են կատարվում, սակայն մենք նախատեսում ենք 2019թ.-ին Արփա-Սևանով հավելյալ ջուր տեղափոխել դեպի Սևանա լիճ, որպեսզի կարողանանք նաև այս տարվա և նախորդ տարիների հավելյալ ջրառը վերականգնենք»: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հարցին, թե ներգրավված են արդյոք նշված գործընթացներում մասնագիտական շրջանակներ և հասարակության ներկայացուցիչներ, Արթուր Գրիգորյանը պատասխանեց. «Բուռն քննարկումներ են եղել, մասնակցել են բոլոր շահագրգիռ կողմերը, որոնց արդյունքում էլ ձևավորվել է այսօրվա իրավիճակը: Մենք կորուստների մասն էլ ենք խիստ գնահատել և տեսնում ենք լուրջ խնդիր»: 

Վերոնշյալ հարցին արձագանքեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ ասելով. «Մենք խնդիր ունենք այս ռեզերվն ունենալ, բայց ամեն ինչ անել, որպեսզի պարզենք իրականությունը, թե ինչ է կատարվում այդ համակարգում»: 

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ հարցի շրջանակներում նաև կցանկանար մի քանի ընդհանուր պարզաբանումներ տալ: «Ըստ էության, տարեկան Հայաստանում ձևավորվում է 7-8 խմ մակերևութային ջուր, սակայն մեզ պետք է դրա ընդամենը 25 տոկոսը: Մեր պահանջարկն ընդամենը 25 տոկոսն է՝ 2 մլրդ-ի շրջակայքում: Եվ ուղղակի, աբսուրդային է իրավիճակը, որ այսօր մենք քննարկում ենք լրացուցիչ 40 մլն խմ բաց թողնելու հարցը, քանի որ հարցը շատ ավելի լայն է. ջրային ռեսուրսները ճիշտ չեն կառավարվում: Մենք այն բացառիկ երկրներից ենք աշխարհում, որ ինքնաբավ է ջրերի առումով, սակայն մենք ունենք խրոնիկ խնդիրներ: Կարծում եմ՝ մեր ռազմավարությունն ավելի համարգային պետք է լինի, որպեսզի բոլոր ջրի պահանջարկ ունեցող ջօրգտագործողների պահանջարկները բավարարվեն՝ հաշվի առնելով մի կողմից աճող պահանջարկը, մյուս կողմից նվազող առաջարկը կապված կլիմայական փոփոխությունների և այլ խնդիրների հետ: Արդեն ունենք հետազոտություններ, որ 2030թ.-ին մակերևութային ջրերը 11 տոկոսով նվազող կլինեն: Այսինքն, այս կոնֆլիկտները գնալով ավելի ու ավելի շատ են լինելու, սակայն ջրամբարների կառավարումը և տարբեր այլ խնդիրները պայմանավորված են մի քանի անձնական և անհատական հարցերով: Մասնավորապես, մենք ուսումնասիրել ենք ջրամբարների տակ գործող հէկ-երի արտադրողականությունը և տեսնում ենք, որ բազմաթիվ հէկ-եր, որոնք ոռոգման սեզոնից դուրս չպետք է այդքան էլ էներգիա արտադրեին, բայց արտադրում են: Օրինակ, այս տարի 2 ամիս անդադար տեղումներ եղան, սակայն էլի ունենք ջրամբարների թերլցվածություն, հետևաբար բոլոր հարցերը պետք է կոմպլեքս դիտարկվի: Սևանի մասին օրենքի մասով ուզում եմ նաև ֆիքսել, որ օրենքով արգելվում է բացասական հաշվեկշիռը, ինչը նշանակում է, որ ամեն դեպքում Սևանի մասով բացասական հաշվեկշիռ չպետք է ունենանք: Սա բոլորս ֆիքսենք»: 

Նախարարը տեղեկություններ հայտնեց նաև Արփա-Սևան թունելի հետ կապված. «Ըստ պլանի 2019թ.-ի ապրիլի մեկից թունելը կսկսի գործել ամբողջ հզորությամբ, մոտ 250 մլն խմ տարեկան ջուր հնարավոր կլինի տեղափոխել: Սակայն կրկին պետք է անդրադառնանք Որոտան-Արփա կառուցված թունելին և ջրի տեղափոխման համակարգին, որը ոչ մի օր չի աշխատել և հասկանանք՝ կա՞ հնարավորությունը դա օգտագործելու: Ուղղակի խորհուրդ կտամ և բոլորիս կոչ կանեմ, որպեսզի ջրի կառավարման հարցը, որը ոչ միայն Հայաստանում այլև տարածաշրջանում ավելի ու ավելի կրիտիկական է դառնում, դիտարկենք համակարգի մեջ և փորձենք լուծումները տալ: Ջուրը շատ թանկ ռեսուրս է»: 

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հավելեց. «Այս լուծումը, որը մենք առաջարկում ենք կարճաժամկետ կտրվածքով պարտադրված, գուցե անցանկալի, բայց այլընտրանքը չունեցող լուծում է, որին մենք եկանք երկարատև քննարկումների արդյունքում»: 

Քննարկումների արդյունքում նախագիծն ընդունվեց:

«Բոլորը դեմ են, բայց ոչ մեկը չի արտահայտվում բարձրաձայն»,- եզրափակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Հավելենք նաև, որ նախագծին պետք է հավանություն տա նաև Ազգային ժողովը: 2018 թվականի օգոստոսի 28-ին ժամը 11:00-ին կառավարության առաջարկով տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում «Սանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն է:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում