«Ջերմուկի մանդակն այլևս վաճառել հնարավոր չէ». Ամուլսարի հանքի չերևացող վնասները (ֆոտո)
Ջերմուկի բնակիչները շարունակում են տեղեկություններ հայտնել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետևանքով համայնքի և բնակիչնրի կրած վնասների մասին: Այս անգամ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը հայտնում է, որ վնաս են կրել ուտելի կերաբույսների հավաքչությամբ և վաճառքով զբաղվող տեղաբնակները:
Վազգեն Գալստյանը մասնավորապես գրում է. «Նկարում մանդակ-մանդիկ-աշի ուտելի կերաբույսն է, որից գարնանը Ջերմուկի սարերից օրական մի քանի տոննա հավաքում և վաճառում էին։
Հին ու բարի ժամանակներում այս կերաբույսի շնորհիվ կարողացավ գոյատևել Ջերմուկի բնակչությունը։ Սա շատ շատերի հիմնական եկամտի աղբյուրն էր և է, քանի որ ձմռան կուտակված պարտքերը փակելու միակ արագ միջոցը դաշտի բարիքն հավաքելն ու վաճառելն էր։
Նկարում պատկերվածը մոտ 800 կգ մանդակ է, որը թափել են, քանի որ Երևանում հրաժարվել են գնել Ջերմուկից հավաքված մանդակը։ Ջերմուկցիներս Հրայրին գիտենք՝ աշխատասեր ու սեփական քրտինքով իր հացը վաստակող մարդ է, իսկ թափված մանդակն ինքը հատուկ ետ է բերել Ջերմուկ, որպես ի լուր բոլոր անհավատներին և թերահավատներին, որ Ջերմուկի մանդակն այլևս վաճառել հնարավոր չէ»:
Նշենք, որ Ամուլսարի ոսկու հանքը դեռ շինարարության փուլում է և չի շահագործվում: Ավելին, հանքում կատարվող աշխատանքները դադարեցված են, քանի որ Ամուլսարի հանի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները փակել են դեպի հանք տանող դաշտային ճանապարհները: Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ԲԸՏՄ ղեկավար Արթուր Գրիգորյանը: