Հրդեհ՝ «Արևիկ» ազգային պարկի հարակից տարածքում. այրվել են գիհիներ (ֆոտո)
«Արևիկ» ազգային պարկի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է մարել: Ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանը մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում հայտնեց, որ այրվել է մոտ 10 հա տարածք, սակայն հրդեհը հաջողվել է մարել մինչև ազգային պարկի տարածք մտնելը: Հրդեհ բռնկվել էր նաև մի քանի օր առաջ, որը ևս մարվել էր, սակայն, ըստ ամենայնի, ոչ ամբողջությամբ:
Գագիկ Գևորգյանը հայտնեց, որ հրդեհը հաճախ ժայռերի արանքով տեղափոխվում է տարածքից տարածք և տեսանելի չէ մարդու աչքի համար: Այս անգամ փրկարարների, պարկի աշխատակիցների ջանքերով հնարավոր է եղել կանգնեցնել հրդեհը և այն չի հասել ազգային պարկի տարածք: Հրդեհը սկիզբ է առել Մեղրիից և այրվել են հիմնականում տապալված ծառերը, թափուկները և խոտածածկ տարածքները: Տուժել են նաև մի քանի գիհիներ:
Ազգային պարկի տնօրենը նշեց, որ տեղանքը դժվարանցանելի է եղել և հրդեհի հետ պայքարողները ստիպված են եղել 4 ժամ ոտքով քայլել: Չի եղել նաև համապատասխան մեքենա: Վերջինս մանրամասնում է, որ Ազգային պարկն ունի հրդեհի դեմ պայքարելու տեխնիկա, սակայն չունի այդ տեխնիկան տեղափոխելու համար նախատեսված մեքենա: Հրդեհի վայր հասնելու համար Մեղրի համայնքի ղեկավարը տրամադրել է իր անձնական մեքենան: