«Դրախտիկը դառնալու է տարածաշրջանի «լոկոմոտիվը»». գյուղական կյանքի հրավառություն՝ «երազանքի գյուղում» (ֆոտոշարք)
«Եկե՛ք, տեսե՛ք, որ Դրախտը Հայաստանում է՝ և՛ պատմական, և՛ իսկական, և՛ պաշտոնապես, և՛ անձնագրով»,- ասում են Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում «հեղափոխություն» անող 21 հրեշտակները: Դրախտիկի «երազանքի թիմը», որը ձևավորվել է գյուղի զարգացման գաղափարի շուրջ, բաղկացած է 21 տարբեր մասնագիտություն ունեցող երիտասարդներից, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում Դրախտիկն աշխարհի կենտրոն դարձնելու համար:
Այս տարի առաջին անգամ Դրախտիկ գյուղում անցկացվեց ազգային ժողովրդական Վարդավառի տոնախմբությունը, որը ըստ ազգային ավանդույթների նշվում է հուլիսի 20-ի հաջորդող կիրակին:
«Ժողովրդական Վարդավառն իր մեջ ներառում է ոչ միայն իրար վրա ջուր լցնելու արարողությունը, այլ մի ամբողջ ծիսական համարգ՝ սկսած ծաղկահավաքից, արևածագը դիմավորելուց մինչև տոնավաճառ, որտեղ գյուղի ժողովուրդը հավաքվել և հաղորդակցվել է, ներկայացրել իր հմպտությունները՝ արվեստագործությունը, արհեստագործությունը և այլն: Վարդավառի միջոցով մենք փորձեցինք ներկայացնել ոչ միայն Դրախտիկի, այլև առհասարակ Գեղարքունիքի ամբողջ մարզի ռեսուրսային համակարգը: Այս հարցում մեզ հսկայական աջակցություն է ցուցաբերում Գեղարքունիքի նորանշանակ մարզպետը՝ Իշխան Սաղաթելյանը: Նա ոչ թե ուղղակի մասնակցում է աշխատանքներին, այլ ամբողջությամբ իր աշխատանքային թիմով ներգրավված է: Երբ մենք 2 օր առաջ հանդիպեցինք պարոն Սաղաթելյանի հետ, նա ասաց, որ ինքը մեզանից մեկն է, մեր թիմի անդամ է և անհամբերությամբ սպասում է տոնին»,- մեզ հետ զրույցում ասաց կենդանապաշտպան, «երազանքի թիմի հրեշտակներից» Կարինե Փանոսյանը:
«Կանաչ արահետ» ՀԿ (Green Lane) մարքեթինգի խորհրդատու Ստելլա Սարուխանյանը նշեց, որ թիմը գյուղում ռեալ աշխատում է մարտ ամսից, ինչը շատ կարճ ժամանակահատված է, սակայն բավական արդյունքների են հասել: «Մարդիկ նույնիսկ հարցնում են՝ դո՞ւք եք հորինել Դրախտիկ անունը, թե՞ դա գյուղի իսկական անունն է: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել համայնքի ղեկավարին: Գյուղը որքան էլ պատրաստակամ լինի, եթե ղեկավարությունը քո հետ կոնտակտի մեջ չի մտնում, դու դժվար ես աշխատում: Ունենք նորանշանակ հրաշալի ղեկավար՝ Ղալեչյան Կարեն անունով վարչական պատասխանատու, ով կամավոր հիմունքներով, առանց որևէ ֆինանսական շահի աջակցել է այս մեր փառատոնի կազմակերպչական աշխատանքներին: Երազանքի թիմի հրեշտակների դեսպանն է գյուղում և կարելի է ասել մի հրեշտակ էլ ինքն է, գյուղի բախտը բերել է»,- ասաց նա:
Կարինե Փանոսյանն էլ առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց գյուղի կանանց, որովհետև կանայք գիտեն՝ որքան դժվար է կենցաղի հետ կարողանալ համակարգել և ներգրավվել մի աշխատանքի մեջ, որը խլում է ժամանակի մեծագույն մասը:
Դրախտիկում ուրախությունը վարակիչ էր. Վարդավառյան տոնավաճառին կային մասնակիցներ ամբողջ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից: Տաղավարներում ներկայացված էր անարատ մեղր, թթուների և օղու տարբեր տեսակներ, գյուղական կյանքի այլ բարիքներ: Տոնավաճառին մասնակցում էին նաև մարզպետ Իշխան Սաղաթելյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը և բազմաթիվ այլ հյուրեր:
Հայկ Կոնջորյանն իր ելույթում ասաց, որ օգտագործելու իր բոլոր հնարավորությունները Դրախտիկին և կազմակերպված միջոցառմանն առավելագույն օգուտ տալու համար:
«Երազանքի դրախտը մենք պետք է առաջիկա տարիների ընթացքում իրականություն դարձնենք: Գյուղն ունի բազմաթիվ խնդիրներ՝ մանկապարտեզի հարց, ջրի հարց, գազի հարց, ենթակառուցվածքների խնդիր և այլն: Այս ամեն ինչը մենք գույքագրում ենք և հերթով փորձելու ենք լուծել: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում այս գեղեցիկ, խանդավառ թիմին: Ես հավատում եմ Դրախտիկի զարգացմանը և ամեն ինչ անելու եմ այս ծրագրերն իրականացնելու համար: Մենք այս գյուղում հաջողելու ենք և անցնենք մյուս գյուղերին: Սա դառնալու է այս տարածաշրջանի լոկոմոտիվը»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: