Դրախտիկն աշխարհի կենտրոնն է. Էկոլոգիապես մաքուր և ծաղկուն «երազանքի գյուղը» (ֆոտոշարք)

«Դրախտն իրական է և այն Հայաստանում է». համոզված են ամիսներ առաջ «հրեշտակ» դարձած 21 երիտասարդները, ովքեր ամբողջ ուժով լծվել են երազանքն իրականություն դարձնելու դժվարին գործին: 

Դրախտիկ. Գեղարքունիքի մարզում գտնվող շուրջ 1000 մարդ բնակչությամբ փոքրիկ, յուրահատուկ կոլորիտային և երազային գույներով լեցուն գյուղ, որտեղ շուտով իրականանալու են բոլորի երազանքները: Հայաստանի տարբեր վայրերից հավաքված 21 երիտասարդներ ամիսներ առաջ տվել են գյուղի զարգացման նախագծի մեկնարկը և Դրախտիկն ընտրել են որպես իրենց պատկերացումներն իրական դարձնելու լավագույն տարբերակ: «Երազանքի թիմն» անգամ «երազանքի տուն» ունի, որի գտնվելու վայրը կարող է ցույց տալ Դրախտիկի յուրաքանչյուր բնակիչ:

Հրեշտակներից Արմենուհի Սաֆարյանը մարքեթինգի մասնագետ է և իր հմպտություններն էլ ավելի շատ է օգտագործելու գյուղի զարգացման համար: «Փորձելու եմ անել առավելագույնը կյանքն այստեղ դրախտի վերածելու համար: Ամենակարևորը գյուղում փոխում ենք մարդկանց մտածելակերպը: Դրա վառ ապացույցը գյուղի երեխաների ձեռքով նկարազարդված և արդեն տեղադրված աղբամաններն են: Դրանից օրեր առաջ մենք այստեղ շաբաթօրյակ էինք արել և երեխաներն իրենց ձեռքերով պատրաստեցին, նկարազարդեցին աղբամանները: Փշաքաղեցնող տեսարան է, երբ քո օրինակով մարդկանց կարողանում ես սովորեցնել ու գիտելիքը տեղ է հասնում: Մարդիկ ունեն հույսի պակաս, մտածելակերպի խնդիր, կարծրատիպեր, որոնք խանգարում են առաջ գնալ: Ամենամեծ շեշտը դնելու ենք կարծրատիպերը կոտրելու վրա. մարդիկ պետք է հասկանան, որ իրենց գյուղն աշխարհի կենտրոնն է, ամեն ինչ պտտվում է հենց գյուղի շուրջը: Մենք մեր ամբողջ ներուժը ներդնելու ենք այստեղ դրախտային միջավայր ստեղծելու համար»,- ասում է Արմինեն:

Դրախտիկի զարգացման թիմի անդամներից մեկ ուրիշն էլ պատմում է, թե ինչպիսի դժվարությամբ կարողացան ազատվել աղբի խնդրից: Չնայած անդադար տարվող մաքրման աշխատանքներին, բնակիչները շարունակում էին աղբը չնախատեսված վայրում թափել: Այդ ժամանակ հրեշտակներին օգնության են եկել գյուղի երեխաներն ու դեռահասները, ովքեր սեփական օրինակով մեծահասակներին սովորեցրել են սիրել իրենց գյուղը: Գյուղի երեխաները նաև հետաքրքիր լծակ են ունեցել. տուգանել կարգը խախտած համագյուղացիներին: Արդյունքն արդեն ակնհայտ է. գյուղի ամբողջ տարածքում տեղադրված են երեխաների ձեռքերով նկարազարդված աղբամաններ:

««Երազանքի գյուղում» կամավոր եմ, ինչպես մյուս 20 հրեշտակները: Թիմով հավաքվել և քննարկել ենք, թե մենք ինչ կարող ենք անել երկրի համար և որոշել ենք ընտրել մի ծերացող գյուղ, որտեղ կանենք ագրոհեղափոխություն, մտածելակերպի հեղափոխություն, կսովորեցնենք գյուղացուն, որ դրամը օդ է և մենք ենք ստեղծում այն»,- ասում է «Կանաչ արահետ» ՀԿ (Green Lane) մարքեթինգի խորհրդատու Ստելլա Սարուխանյանը և շարունակում,- «Գյուղում արդեն մոտ 1000 զբոսաշրջիկ ենք ունեցել՝ հյուրեր, հովեկներ և բավականին շարժ կա, ակտիվ են երիտասարդները: Շեշտը նաև դնում ենք դպրոցականների վրա, որպեսզի այդ սերնդի հետ աշխատելով արդեն պատրաստի լիդերներ ունենանք գյուղում, ովքեր սիրելով իրենց գյուղը, այն աշխարհի կենտրոնը տեսնելով, գյուղից չհեռանան, այլ քաղաքը բերեն գյուղ»:

Ստելլա Սարուխանյանը նշում է, որ նպատակը ոչ թե ուղղակի զբոսաշրջության զարգացումն է, այլ աղքատության կրճատումը գյուղական տուրիզմի զարգացման միջոցով, որպեսզի գյուղացին կարևորի իր անձը, իր տունը որպես ռեսուրս և գումար վաստակելով չմտածի քաղաք գնալու մասին: «Բարդ է, որովհետև այն 30 տարվա վերաբնակեցված գյուղ է. մի մասը Բաքվից, Արցախի կողմից ներգաղթած են, իսկ մյուս մասը՝ Արծվաշենից: Երկու բարբառ, երկու բնավորություն, երկու սթրեսի ենթարկված ժողովուրդ մեկ գյուղում, բայց քիչ թե շատ ինտեգրվել են, իսկ ովքեր չեն ինտեգրվել արտագաղթել են: Բնակիչները շատ պատրաստակամ գտնվեցին և պարզվեց, որ իրենք չգիտեին, որ սիրում են իրենց գյուղը: Այժմ անգամ աքաղաղի կանչն իրենց համար յուրահատուկ երևույթ է, հորթերին դիմավորելն արդեն անում են սիրով, ոչ թե որպես հոգս կամ պարտականություն: Ամեն մեկը յուրովի սիրում է իր գյուղը»,- պատմում է նա:

Գործարար Մայիս Մարգարյանը նշում է, որ ամբողջ թիմով փորձել են Դրախտիկի համար առանձնացնել գյուղի առավելությունները, որոնք էլ հետագայում կդառնան խորհրդանիշներ: «Ինձ գրավել է գաղափարը, որն էլ ստիպեց միանալ և իհարկե գյուղի մոտ լինելը Սևանին, որովհետև ես Սևանը շատ եմ սիրում: Առաջին հերթին Սևանին մոտ լինելը ջրային ժամանցի բազմազան լինելու և սեզոնի երկարաձգման մասին է վկայում:

Արեգունու լեռները, որտեղ գտնվում ենք, շատ կհետաքրքրի նաև լեռնագնացներին, քանի որ տարածաշրջանի ամենաբարձր սարը՝ Կարկտասարն այստեղ է: Մենք արդեն հասցրել ենք մի քանի արշավախմբեր բերել այստեղ: Գյուղի էկոլոգիապես մաքուր վիճակը. այստեղի զարգացած անասնապահության մեջ ոչ մի դեր չունի քիմիան, մոտակայքում չկան գործարաններ, ամեն ինչ մաքուր է և բարձր որակի գյուղմթերք է արտադրվում:

Մոտակայքում ունենք հանքային աղբյուրներ. Թթու ջուր կոչվող աղբյուրը կարող է ևս դառնալ Դրախտիկի այցեքարտերից մեկը: Այստեղ նաև շատ են սագերը, որոնք նույնպես կարելի է բրենդավորել: Հետաքրքրությունը հենց նրանում է, որ գյուղը բարդ է, ոչ ոք չի էլ ուզել հեշտ գյուղ ընտրել, հակառակը, ընտրության կրիտերիաներից մեկը եղել է ընտրել բարդ իրավիճակում գտնվող գյուղ և հասցնել լավ կետի»,- մանրամասնում է Մայիսը:

Կենդանապաշտպան Կարինե Փանոսյանն էլ կարևորում է ազգային մշակույթի ներդնումը գյուղի զարգացման գործում: Հենց այս նպատակով որոշում կայացվեց այս տարի Դրախտիկում նշել հայկական ազգային ամենագեղեցիկ, ամենահին տոներից մեկը՝ ժողովրդական ազգային Վարդավառը: «Մենք ոչ մի բան չհորինեցինք. ընդամենը ցույց տվեցինք գյուղացուն, որ ինքը ունի ռեսուրս և առանց որևէ ջանք գործադրելու, սեփական ռեսուրսն օգտագործելով կարող է հասնել դրական արդյունքի, միայն որովհետև նա կարող է փոխել վերաբերմունքը սեփական համայնքի, սեփական կենցաղի նկատմամբ»,- ասում է Կարինեն և ընդգծում,- «Գյուղացին հասկացավ, որ այն, ինչ նա ունի բավական է զբոսաշրջիկ ընդունելու համար: Կարևոր քայլ արեցինք. որոշեցինք այստեղ կազմակերպել Վարդավառը, որը իհարկե տարբերվում է եկեղեցականից նրանով, որ ժողովրդական Վարդավառը միշտ նշվել է հուլիսի 20-ի հաջորդող կիրակին»:

Բացի Վարդավառից Դրախտիկում «Երազանքի թիմի» նախաձեռնությամբ կազմակերպվեց նաև «Color Party», որն արդեն իսկ դարձել է մայրաքաղաքի երիտասարդության սիրելի միջոցառումներից մեկը: Կապուտակ Սևանի ափը ներկվել էր ծիածանի բոլոր գույներով, լիցքավորվել նոր էներգիայով և ջերմությամբ: Իսկ գիշերը թեժ կրակի շուրջ հավաքված երիտասարդները կիթառի ձայների ուղեկցությամբ ճանապարհում էին օրվա լավ հուշերը:


«Բոլորին հրավիրում ենք մեզ մոտ՝ մեր Դրախտիկ: Եկե՛ք, տեսե՛ք, որ Դրախտը Հայաստանում է՝ և՛ պատմական, և՛ իսկական, և՛ պաշտոնապես, և՛ անձնագրով»,- ասում է 21 հրեշտակներից Անի Մխիթարյանը և շարունակում,- «Մենք ունենք նամակ աշխարհին. հրավիրում ենք բոլորին ներդրում անելու այս ծրագրի մեջ և գյուղում ընդհանրապես:

 

Աշխարհում ամեն ոք, ով հետաքրքրված և ոգևորված է, կարող է պարզապես կապ հաստատել մեզ հետ, մենք սիրով կընդունենք: Բացի այդ, մենք նաև «Դրախտի անձնագրեր» ունենք (Passport to paradise) իրենց անուն ազգանունով, կնիքով: Գյուղը զբոսաշրջության զարգացմանը, ներդրումներին պաստրաստ է: Ծրագիրը սպասում է նրանց, ովքեր համարում են, որ կարող են դառնալ մեր թիմի անդամ»:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում