Սևանա լճում ֆոսֆատ և ամոնիում իոնների կոնցենտրացիաները բարձր են դիտվել. նոր մանրամասներ

2018 թվականի գարնանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Սևանա լճում ֆոսֆատ և ամոնիում իոնների կոնցենտրացիաները բարձր են դիտվել, և ջերմաստիճանի կտրուկ աճը նպաստավոր պայմաններ է ստեղծել լճի ինտենսիվ ծաղկման համար: Այս մասին հայտնում է Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:  

Ֆոսֆատ իոնի կոնցենտրացիայի միջին արժեքը մակերևութային և միջին շերտերում գնահատվել է 0.08 մգ/լ, իսկ հատակամերձ շերտում՝ 0.15 մգ/լ, որոնք չեն գերազանցում ՀՀ էկոլոգիական նորմը (0.3 մգ/լ): Ամոնիում իոնի միջին կոնցենտրացիան մակերևութային շերտում 0.25 մգ/լ, իսկ հատակամերձ շերտում՝ 0.17 մգ/լ, որոնք չեն գերազանցում ՀՀ էկոլոգիական նորմը (0.5 մգ/լ):

Նիտրատ իոնի կոնցենտրացիայի միջին արժեքը մակերևութային շերտում գնահատվել է 0.19 մգ/լ, իսկ հատակամերձ շերտում՝ 0.12 մգ/լ: Դիտված կոնցենտրացիաները չեն գերազանցում ՀՀ էկոլոգիական նորմը (11 մգ/լ):

Լճի ընդհանուր էկոլոգիական վիճակը տարբեր հատվածներում և խորություններում ավելի մանրամասն կուսումնասիրվեն ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հետ համատեղ հուլիսի 30-31-ի գիտարշավի ընթացքում:

Նշենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրապարակել է Սևանա լճի արբանյակային լուսանկար, որը ցույց է տալիս լճում տոքսիկ ջրիմուռների տարածվածության աստիճանը սկզբնական օրերին: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում