«Արմօյլ»-ը շարունակում է շինարարական աշխատանքները. Տեսչական մարմինը կդիմի իրավապահ մարմիններին (տեսանյութ)

Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչները շարունակում են ահազանգել «Արմօյլ» ՓԲԸ տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների մասին: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է տեսանյութեր և լուսանկարներ ստանալ իրականացվող աշխատանքներից: 

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը որոշում կայացրեց կասեցնել ընկերությանը տրված թույլտվությունը, քանի որ հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել էր, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում նավթավերամշակման գործարանի շինարարությունը սկսելուց առաջ «Արմօյլ» ՓԲԸ չի իրականացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի հիման վրա գործարանի հետագա կառուցմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն։ 

Այնուամենայնիվ, հուլիսի 20-ին հնչեց առաջին ահազանգն այն մասին, որ աշխատանքները շարունակվում են: Տեղեկատվության հետքերով «Արմօյլ» ՓԲԸ տարածք այցելեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը: 

Այսօր՝ հուլիսի 24-ին, բնակիչները կրկին վստահեցնում են, որ ընկերությունն իրականացնում է շինարարական աշխատանքներ, չնայած դրանց կասեցման մասին համապատասխան որոշման առկայության: Ներկայացնում ենք նաև տեսանյութ:

 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանի հետ, ով նշեց. «Մենք ևս ստանում ենք ահազանգեր: Այժմ, տեսչական մարմինը նյութեր է նախապատրաստում, որոնցով կդիմի իրավապահ մարմիններին տեսչական մարմնի որոշումն ի կատար ածելու նպատակով»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում