Վարչապետի որոշմամբ հաստատվեց Ամուլսարի խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խումբը
«Աշխատանքային խմբի կազմն ու աշխատակարգը վարչապետի որոշմամբ հաստատվեց: Ցանկից հանվել են այն մասնագետների անունները, որոնք ունեին շահերի բախում, քանի որ մասնակցել են առաջին ուսումնասիրման օբյեկտ հանդիսացող՝ Ամուլսարի հանքավայրի ՇՄԱԳ հաշվետվությունների մշակման աշխատանքներին: Իմ ներկայացրած կազմից բացակայում են միայն Հարություն Մովսիսյանի և Հակոբ Սանասարյանի անունները, որոնք ընդգրկվելու են աշխատանքային խմբում իմ կողմից»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի՝
1. Ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետությունում միջազգային ստանդարտներին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցելու նպատակով:
2. Հաստատել՝
1) աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N1 հավելվածի:
2) աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N2 հավելվածի.»
Խմբի կազմին և աշխատակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Արթուր Գրիգորյանը նաև մանրամասնում է. «Խմբում ընդգրկվելու են նաև Լևոն Գալստյանը և Աննա Շահնազարյանը, Գոռ Հակոբյանը, Նարե Արամյանը («Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ)՝ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ազդակիր համայնքներից՝ Միհրդատ Ներսիսյանը, Հասմիկ Սարգսյանը, Ահարոն Արսենյանը, Արմեն Վարդանյանը, Արամ Հակոբյանը և Թեհմինե Ենոքյանը: Լիդիան Արմենիա ընկերությունն առաջարկել է Հայկ Ակարմազյանին, Լարի Բրեքենրիջին և Ջոաննա Թրեվիքին: Լրագրողների համար աշխատանքային խմբի գործունեությունը բաց է: Լրատվական կազմակերպություններից խմբում ներգրավվելու և աշխատելու հայտ են ներկայացրել Հետք, Էկոլուր, Էկոնյուզ և Իպրես լրատվամիջոցները:
Ժամկետները բավականին սեղմ են՝ ընդամենը 12 աշխատանքային օր, որի հաշվարկը սկսվելու է աշխատանքային խմբի առաջին նիստի օրվանից: Ժամկետն անշուշտ շատ կարճ է, բայց հաշվի առնելով, որ բոլոր հանքավայրերի վերաբերյալ առկա է ահագին մեծ ծավալի ինֆորմացիա, կարծում եմ կհասցնենք ինֆոն համադրել ու արդյունավետ աշխատել:
Որոշ լոգիստիկ հարցերի կարգավորումից հետո՝ մոտ օրերս խմբի առաջին նիստը կնշանակենք»: