Տոքսիկ ջրիմուռներ՝ Սևանում. վտանգ չկա՝ արձագանքում են մասնագետները (ֆոտո)
Ինչպես հայտնել ենք, օրերս ահազանգ հնչեց Սևանա լճից: Տեսանյութում երևում էր, ինչպես է ջուրը կանաչ գույն ստացել, ինչն անհանգստացրել է բազմաթիվ բնասերների, բնապահպանների, գիտնականների և հասարակության լայն շերտերի: Այս երևույթի վտանգավորության և վնասակարության, ինչպես նաև Սևանա լճի «ճահճանալու» մասին քննարկումները դեռ չեն դադարում: Թեմայի շուրջ մենք /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ զրուցեցինք ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբիրելյանի հետ, ով ասաց. «Հիմնականում խնդիրն այն է, որ այս տարի բարձրացել է ջրի ջերմաստիճանը և ավելացել են կենսածին տարրերը, մասնավորապես՝ ֆոսֆորը: Այսօրվա դրությամբ անհանգստություն կա, որ էկոհամարգն ահազանգել է, որ պետք է ավելի լուրջ մոտենալ Սևանի հիմնախնդիրներին»:
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբիրելյան
Մեր հարցադրմանը, թե արդյո՞ք այդ ջրիմուռները թունավոր են, պարոն Գաբրիելյանը պատասխանեց. «Այո՛, դրանք տոքսիկ ջրիմուռներ են, բայց դա չի նշանակում, որ դրանք թույն են արտադրում և մարդիկ մտնելով ջուրը թունավորվելու են: Այս երևույթն ամեն տարի լինում է, ուղղակի այս տարի ավելի շատ է եղել: Եթե դրանք կուտակվում են, կարող են ազդել, բայց դրանք շուտով մահանալու են՝ 1-2 շաբաթից լրիվ կմահանա, կիջնի, ջուրը կմաքրվի: Պարզ է, եթե մարդիկ մտնեն ու սկսեն կուլ տալ այդ զանգվածը, կարող է նաև վնաս լինել: Դրանք ձկների վրա չեն ազդում, կարող են ուղղակի ձկների մեջ կուտակվել, իսկ հետո, եթե մարդը շատ ուտի, էլի կարող է թունավորվել: Սա բավականին բարդ պրոցես է:
Մեր աշխատակիցներն այս պահին էլ նավով հետազոտում են լիճը, ջրիմուռները և առավել ճշգրիտ տեղեկատվություն հասանելի կլինի սեպտեմբեր ամսին: Սակայն, էլի եմ ասում, հիմնական պատճառը ջրի ջերմաստիճանի բարձրացումն է և ջրում հիմնականում ֆոսֆորի ավելացումը, որովհետև նորմալ չեն մաքրել, ջրահավաք ավազանից այդ ամբողջ զանգվածը քաղաքներից, կոյուղիներից լցվում է լճի մեջ և ավելանում է, պարզ է»:
Քաղաքացիներին անհանգստությանն անդրադարձավ նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ գրելով. «Համացանցում լուրեր են շրջանառվում, որոնցում ջրիմուռների բազմացումը Սևանա լճի ճահճացման երևույթ է գնահատվում։
Բնապահպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտնում է, որ «Սևան» ազգային պարկի համապատասխան մասնագետները, դեռևս հուլիսի սկզբին կանխատեսել էին լճի առափնյա հատվածներում, խորշերում, ինչպես նաև վատ ջրափոխության հատվածներում (ծանծաղուտներում և այլն) ջրի լայնածավալ «ծաղկման» պրոցեցներ, ինչն այդ հատվածներում կարող է հանգեցնել ջրի որակի վատթարացման։ Արդյունքում լճի այդ հատվածներում դիտարկվել են ջրի գույնի փոփոխություն (դեղնականաչավուն, կանաչավուն, կանաչաշագանակագույն), որն արտառոց բնույթ չի կրում և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում։ Նշված երևույթը կարող է տևել մինչև 2 շաբաթ, իսկ հաջորդ փուլը կարող է դիտարկվել նաև օգոստոսի 2-րդ կեսին։ Նշված երևույթը բնականոն գործընթաց է ո՛չ լճի էկոհամակարգի, և ո՛չ էլ մարդկանց կյանքի համար վտանգ չի ներկայացնում»:
Մասնագետները պնդում են, որ վնասը նվազագույն է, գործընթացը՝ բնական, վնասակարությունը ձգտում է նվազագույնի: Սակայն, ինչպես նշում է Բարդուխ Գաբրիելյանը, սա ահազանգ է լճի կողմից, որ խնդիրներն ավելի խորքային է անհրաժեշտ ուսումնասիրել:
«Սևանի» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանից ճշտեցինք, թե ինչպիսին է այժմ իրավիճակը լճում. «Տարածվածությունը շատ էր, մի քանի օր առաջ նաև տիեզերական լուսանկար արվեց, որի վրա ջրիմուռների բավական մեծ ծավալ էր երևում, բայց նաև լուսանկարում երևում էր կալցիումի իոնների կախույթը, որը սառը և տաք ջրերի հանդիպման և խառնման արդյունքում է լինում, ինչը ապացուցում է մեր գիտական թեզը. մակերևույթի բարակ շերտը բավականին շատ է տաքացել և բնականաբար այդպես է լինում, երբ խորքային ջրերը և մակերեույթի ջրերը խառնվում են, տաք և սառը ջրերի բախումից, կալցիումի իոնները դառնում են անլուծելի և դա հստակ երևում էր տիեզերական լուսանկարի վրա՝ ինֆրոկարմիր սպեկտրով:
Սևանա լճի արբանյակային լուսանկարը. կանաչ գույնով՝ ջրիմուռների տարածվածությունը
Այո՛, բավական մեծ էր ծավալը, բայց դրանից հետո եղնակային պայմանները փոփոխվել են՝ քամիներ են եղել, որից հետո ծավալները բավականին քչացել են: Ներկայումս պրոցեսը դիտարկվում է միայն խորշերում, ծանծաղուտներում և այն հատվածներում, որտեղ ջրափոխություն կամ ջրաշարժ չկա: Օրինակ՝ հանրային լողափներում ի սպառ վերացել է, չկա: Հանրային լողափների տեղադիրքերը հիմնականում խորհրդային տարիներից ընտրված տարածքներ են, որոնք հատկացվել են քաղաքային լողափների համար և այն ժամանակ շատ ինստիտուտներ և մարդիկ են աշխատել, որպեսզի այդ տեղերն ընտրվեն և շատ ճիշտ ընտրություն է արված:
Երևույթը հատկապես նկատելի էր Շորժայի հատվածում, որը մեծ Սևանի տարածքն է, ծավալն էլ կապված է եղել քամիների ուղղության հետ: Սա վտանգավոր երևույթ չէ, արտառոց ոչինչ չկա, սա բնական երևույթ է, պատճառը միմիայն ջրի ջերմաստիճանի աննախադեպ բարձր լինելն է: Մակերևույթում ջերմաստիճանը հասավ մինչև 24 աստիճանի: Կարծում եմ, մինչև օգոստոս ամիսը ջերմաստիճանը էլ չի բարձրանա, որովհետև Սևանում երբևիցե 24 աստիճանից բարձր ջերմաստիճան չի գրանցել մակերևույթում:
Ասեմ, որ սա «ծաղկում» չէ, չպետք է շփոթել: Սա ուղղակի կապտականաչ ջրիմուռների բուռն զարգացման հետևանք է: Ծաղկումը լճի լինոհամակարգերի ծերացման դասական օրինակ է: Ծաղկումն այն երևույթն է, երբ արևի ճառագայթները հասնում են հատակին և պրոցեսները գնում են ավելի խորքային մակարդակով: Իսկ մենք գիտենք, որ Սևանա լճում դա հնարավոր չէ: Վերջին տարիներին մենք այդպիսի խնդիր ընդհանրապես չունենք: Այս պրոցեսները միայն մակերևույթում են, խորքային ոչ մի գործընթաց չկա:
«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյան
Անդրադառնալով առաջացած ջրիմուռների մեծ ծավալների մաքրման աշխատանքներին, Վահե Գուլանյանն ասաց. «Այս դեպքում, նախ, մաքրման աշխատանքներ կատարելու մեխանիզմ չկա, այսպես ասած: Սա հնարավոր չէ մաքրել, որովհետև սրանք միաբջիջ կենդանիներ են: Իհարե, եթե շատ մեծ կուտակումների, ալեհարությունների արդյունքում բերի այդ մասսան խտացնի ափամերձ հատվածներում, հնարավոր է մաքրել, բայց մենք ներկայումս այդ երևույթը չունենք:
Այս ջրիմուռները արտադրում են ագարանման զանգվածներ. ո՛չ թունավոր են, ո՛չ վտանգավոր են, ո՛չ կոնցերոգեն են, ո՛չ մի ինչ-որ վատ հատկություն չունեն: Քանի որ այս նյութերը ևս ջրից թեթև են և կուտակվում են ջրի մակերեսին, այն հատվածներում, որտեղ ժողովուրդը նկարում են՝ ինչ-որ փայտիկով կամ ձեռքով խառնում են, ասելով՝ «տեսեք, ջուրը դարձել է մածուցիկ», դրա արդյունքն է: Այն ներկի տեսք է տալիս: Սրա միակ վատ ազդեցությունը գեղագիտական տեսքի կորուստն է, միայն էստեթիկ տեսքն է վնասվում, իսկ էկոհամակարգին և մարդկանց այն վնաս պատճառել չի կարող և վտանգավոր չէ: Ամբողջ գործընթացը տևում է 14-15 օր մեկ պիկը: Այդ ժամանակահատվածում այն հասնում է ամենամեծ զանգվածներին, հետո սկսում է մահանալ, քանի որ սրանց կյանքի տևողությունը շատ կարճ է: Մահանալուց հետո նստեցում է, մի քանի օր ջրի թափանցիկությունը կփոխվի, դրանից հետո նորից կսկսեն գործել լճի օլիգոտրոֆ հատկությունները:
Սևանա լիճ, Շողակաթ համայնք (Շորժա)
Ասեմ, որ երևույթը կանխատեսվել էր Ազգային պարկի կողմից, ներկայացվել էր բնապահպանության նախարարությանը: Դեռևս ձմռանը մենք խոսում էինք սրա մասին, հայտարարում էինք, որ գարնանը կամ ամռանը կարող ենք ունենալ այսպիսի երևույթներ, որովհետև նույնիսկ ձմռանը Սևանա լճի ջերմաստիճանը չիջավ: Ջուրն ամբողջ ձմռան ընթացքում պահպանեց դրական ջերմաստիճանը և հենց սա էր խնդիրը, որ լիճը հասցրեց տաքանալ իր համար սովորական ջերմաստիճանից ավելի շատ:
Քննարկվում է Սևանա լճում նման երևույթի առաջացման ևս մեկ վարկած. կենսածին տարրերի քանակի ավելացում: Վահե Գուլանյանը, այս առթիվ ներկայացրեց փաստեր, որոնք, ըստ իրեն, ապացուցում են հակառակը. «Կարող է նաև բիոգենների ավելացման հետևանքով լինել, այդպիսի վարկած ևս քննարկվել է: Սա պետք է դիտարկել դեպի լիճ եկող կենսածին տարրերի ընդհանուր համագումարում: Այս նյութերի հիմնական աղբյուրը գետերն են. գետերը ողողում են դաշտերը, գարնան ամիսներին ողողում են հողի հարուստ շերտը, գետերը մեծ քանակությամբ օրգանական նյութ են բերում: Բացի այդ, վերջին տարիներին մեծ ծավալներով անտառային հատված է հայտնվել լճի մեջ, բայց այս ամեն ինչը վերլուծով տեսնում են, որ այս զանգվածի ավելացում տարեցտարի չկա. այն քանակությամբ է լցվել լիճ, ինչ քանակությամբ նախորդ տարի: Ավելին՝ նվազում ունենք որոշակի: Այստեղից կարելի է ենթադրել, որ սա ոչ թե բիոգենների ավելցուկից է, այլ ուղղակի ջերմաստիճանի: Դրանք միշտ կան Սևանա լճում: Առանց դրանց որևիցէ կենսական պրոցես չի կարող ընթանալ լճում: Եթե դրանք չլինեն, լիճը կմեռնի: Այսինքն, կվերածվի թորած ջրի:
Ընդ որում, ջրի ջերմաստիճանի բարձրացումը կախված չէ միայն մթնոլորտային օդի ջերմաստիճանի բարձրացումից: Նախորդ տարի էլ լավ շոգ ամառ էր Սևանում, բայց ջրի ջերմաստիճանի բարձրացում չեղավ, քանի որ նախորդ տարվա ձմռանը Սևանա լիճը սառցակալվել էր, և լճի ընդհանուր ջերմաստիճանը ցածր էր: Այս ձմռանը մենք ունեինք անսովոր բարձր ջերմաստիճան:
Լճում լողացող մարդկան տեսանկյունից, Ազգային պարկի տնօրենը նշեց. «Կարծում եմ մտավախություն չկա, որովհետև ոչ մեկ կուլ չի տա այդ զանգվածը և առավել ևս այդ ծավալի: Բնականաբար, 18-20-30 լիտր ոչ մեկ չի խմի: Վտանգավոր չի, միայն տեսքն ու հոտն է տհաճ տեղ-տեղ, որտեղ կուտակումները շատ են կամ հայտնվում է ափին ու սկսում է չորանալ, մեռնել, միայն այդ ժամանակ կարող է ծծմբաջրածնի թեթև հոտ՝ մամուռներին բնորոշ հոտ լինի: Էկոհամարգին վնաս չի լինի, սա բնական պրոցես է, որոնց միջամտել, խոչընդոտել չի կարելի: Կանխատեսվում է նաև, որ կարող է երկրորդ ալիք ունենալ օգոստոսի կեսերին»:
Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: