Անբարեխիղճ պայմաններում պահվող կարմիրգրքյան թռչունը կտեղափոխվի Երևանի կենդանաբանական այգի (ֆոտո)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ներկայացնել ՀՀ տարածքում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, ինչպես նաև կենդանիների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքի մասին տեղեկատվություն:

Օրերս համացանցում հայտնվեց Երևանի Հաղթանակի այգում վանդակի մեջ պահվող կարմիրգրքյան գիշատիչ թռչնի լուսանկարներ: Ահազանգն անմիջապես գրավեց Հայաստանի կենդանասեր և կենդանապաշտպան հասարակության ուշադրությունը: 

Լուսանկարում բվեճ (Bubo bubo) է: ՀՀ Կարմիր գրքի տվյալների համաձայն, սակավաթիվ ու խոցելի տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a; C2a(i); D1: Բնադրում է տարբեր գոտիներում` կիսաանապատից մինչև լեռնային տափաստաններ ծ.մ. 2700 մ բարձրություններում: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: 

Իռեն Այվազյան անունով օգտատերը գրում է. «Ծանոթացեք, մոնումենտի բուն ա: Մի աչքը բորբոքված, առանց կեր ու ջուր ու շատ փոքր վանդակի մեջ: Օրեցօր հարյուրավոր մարդիկ անցնում են իրա կողքով ու ժպտում իրան. «Վայյ, բալես նայի ինչ սիրուն ծիտիկ ա» կամ «Հլը վիզը ոնց ա ֆռում»: Ու շատ քչերն են, որ իրոք նկատում են, թե ոնց ա տանջվում ինքը: Սենց ասեմ, ավելի ճիշտ կլիներ, որ գայիք ու կողքս կանգնած իմ հետ հավասար իրա աչքերի մեջ նայեիք: Ես տենց տխուր ու անցորդների մեջ օգնություն փնտրող աչքեր շատ շուտվանից չէի տեսել: Գամված էր մի տեղում ու չէր շարժվում: Չնայած ուր շարժվեր... վանդակի մյուս ծայրը?»: 

Բվեճների վտանգման հիմնական գործոններից է մարդու կողմից ուղղակի հետապնդվելը: Բազմաթիվ են անազատ պայմաններում պահելու կամ խրտվիլակներ պատրաստելու նպատակով բվեճին բռնելու դեպքերը: Թունաքիմիկատների օգտագործման պետական մակարդակով անվերահսկելիությունը, ինչպես նաև բնական բիոտոպերի` կերակրավայրերի յուրացումը գյուղատնտեսական կարիքների համար: 

Թռչնատեսակը գրանցված է CITES-ի Հավելված 2-ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում: Պահպանվում է պետական մի շարք արգելոցներում և արգելավայրերում:

Նշենք, որ անազատ և կիսազատ պայմաններում կենդանիներ պահելու պայմանների համապատասխանությունը ՀՀ-ում գործող օրենքին պետք է ստուգի ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ուստի հրավիրում ենք վերոնշյալ կառույցի ուշադրությունը: 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հասարակության հետ կապերի բաժնից տեղեկացանք /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/, որ տեսուչները գնացել են ահազանգի հետքերով, կատարել են ուսումնասիրություններ: Նախնական պայմանավորվածության համաձայն, վաղը եռակողմ համաձայնությամբ, թռչունը կտեղափոխվի Երևանի կենդանաբանական այգի: 

Կարգավորող օրենքում նախատեսվում են էական փոփոխություններ, որոնք պետք է նաև ավելի խիստ կանոնակարգեն անազատ և կիսազատ պայմաններում պահվող կենդանիների պահման նպատակներն ու պայմանները: 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում