ՀՀ-ում կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը. Էրիկ Գրիգորյան

ՀՀ բնապահպանության նախարարությունը նախաձեռնում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: 

Նախարարը մասնավորապես նշել է. «Գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև մարզի մակարդակով և որոշակի ժամանակահատվածում արդեն, կարծում ենք, Հայաստանը կմիանա այն երկրների շարքին, որտեղ մեկանգամյա օգտագործման պլաստիկն արգելվում է: Այս պահի դրությամբ չենք կարող միանգամից արգելել, բայց գործընթաց ենք մեկնարկում»:

Վերջինս մանրամասնեց նաև, որ ծրագրով նախատեսվում է համայնքի բնակիչներին բաժանել կտորից տոպրակներ, այլ միջոցառումներ իրականացնել մեկանգամյա օգտագործման պլաստիկներից հրաժարվելու համար: Նախատեսվում է նաև պլաստիկ շշերի վերամշակում իրականացնել: «Մեկանգամյա օգտագործման պլաստիկի օգտագործումը աշխարհի շատ երկրներում շատ արագ տեմպերով սկսում է արգելվել: Ընդ որում, իմ անձնական կարծիքով՝ առաջիկա 5-10 տարվա ընթացքում այն արգելվելու է ամբողջ աշխարհում»,- հավելեց Էրիկ Գրիգորյանը:
 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում