Ամուլսարի հանք տանող ճանապարհները չեն բացվելու. մանրամասներ վարչապետի հետ հանդիպումից (տեսանյութ)

Այսօր՝ հուլիսի 6-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Ջերմուկ, որտեղ հանդիպում ունեցավ տեղի բնակիչների, Ամուլսարի ոսկու հանքի ճակատագրով հետաքրքրված անձանց, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ: Քննարկվեց դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհները բացելու հարցը: Կողմերը ներկայացրեցին իրենց դիրքորոշումը, սակայն վերջնական համաձայնություն այդպես էլ ձեռք չբերվեց: Հանդիպումն անցավ որոշակի լարված մթնոլորտում:

Հուլիսի 6-ին Ջերմուկում տեղի ունեցած հանդիպման տեսաձայնագրությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով զիջումային տարբերակ գտնել, Ամուլսարի հանք տանող ճանապարհները փակ պահող քաղաքացիներին և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին հարց ուղղեց, թե ի՞նչ զիջումների են պատրաստ գնալ կողմերը: Տեղի բնակիչները նշեցին, որ պատրաստ են բացել ճանապարհները, եթե ընկերությունը վստահեցնի, որ հանքի տարածքում աշխատանքներ չի իրականացնելու: «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշեց, որ ընկերությունը յուրաքանչյուր օր ֆինանսական կորուստներ է կրում և պատրաստ չէ այդ զիջմանը: Արդյունքում փոխզիջում տեղի չունեցավ:

Մենք զրուցեցինք նաև Ջերմուկ համայնքի բնակիչ Ահարոն Արսենյանի հետ, ով հաստատեց, որ ճանապարհները չեն բացվելու: Վերջինս նաև շեշտադրեց, որ ճանապարհները փակ պահող քաղաքացիները խաղաղ են և բռնության կոչեր չեն հնչեցրել, խնդրի լուծումը տեսնում են միայն խաղաղ ճանապարհով:

Իսկ «Ջերմուկ զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօրվա հանդիպումով պահպանվեց Ստատուս Քվոն։ Լիդիանը և Ջերմուկ համայնքի բնակիչները չկարողացան համաձայնության գալ Վարչապետի միջնորդությամբ սկսված երկխոսության ժամանակ։ Ճանապարհները շարունակվում են փակ մնալ։  Վարչապետին սիրում և վստահում ենք և երբեք թույլ չենք տա նախորդ ռեժիմի վերադարձը»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում