«Մտնում ենք Ամուլսար». Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
«Վաղը մտնում ենք Ամուլսար: Տեսչական մարմինը սկսում է ստուգումներն ամուլսարում, իսկ մի որոշ ժամանակ հետո տեսչությանը օգնության կգան Աշխատանքային խմբում ներգրավված մյուս մասնագիտական խմբերը, պետական գերատեսչությունների ներկայացուցիչները և մեկ լրատվական մարմին՝ հետաքննող լրագրողները»,- այս մասին գրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Արթուր Գրիգորյանը:
Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «Գործնականում Աշխատանքային խումբը ձևավորված է, մնում է ապահովել խմբի կազմն ու գործունեության աշխատակարգը սահմանող իրավական ակտը, որպեսզի աշխատանքների ընթացքը և արդյունքները իրավական տեսանկյունից խոցելի չլինեն: Ըստ էության, հենց լիարժեք իրավական ընթացակարգ ապահովելու խնդիրն է, որ փոքր ինչ դանդաղեցրեց ստուգումների կազմակերպման ընթացքը, քանի որ իրավական ակտ մշակելն ու ընդունելը մի քիչ խուճուճ պրոցեսա, բայց խիստ կարևոր:
Ներկայացնում եմ աշխատանքային խմբի անդամների կազմը, որոնք տրամադրելու են մասնագիտական եզրակացություններ, ինչպես նաև խմբի այն կազմը, որոնք աջակցելու են այդ եզրակացությւոնները հիմնավորելու ու տեսչական/հետազոտական աշխատանքների կազմակերպման հարցերում՝
Նախարարություններ՝ բնապահպանություն, էներգետիկ ենթակառուցվածքներ և բնական պաշարներ, արտակարգ իրավիճակներ, առողջապահություն, տնտեսական զարգացում և ներդրումներ, ֆինանսներ, մշակույթ, գյուղատնտեսություն:
Մասնավոր հետազոտողներ՝ Վայրի բնության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ, Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոն, երկու մասնագետ Լիդիան Արմենիա ընկերությունից, Հարություն Մովսիսյան (երկրաբան, ԵՊՀ), Արմեն Հովհաննիսյան (Երևանի ճարտարագիտական համալսարան) Նազելի Վարդանյան (իրավական հարցերով): Այս կազմից զատ մեզ օգնելու են նաև այլ մասնագետներ ևս՝ ոչ մշտական հիմունքներով:
Առանց մասնագիտական եզրակացություն տալու իրավունքի՝ Հետաքննող լրագրողներ (հետք), Լևոն Գալստյան և Աննա Շահնազարյան՝ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ազդակիր համայնքներից՝ Միհրդատ Ներսիսյան, Հասմիկ Սարգսյան, Ահարոն Արսենյան, Արմեն Վարդանյան և Թեհմինե Ենոքյան, ով համակարգելու է համայնքի բնակիչների հետ լիարժեք հաղորդակցությունը: Ջերմուկից ևս մեկ անձ առաջարկել է Լիդիան Արմենիա ընկերությունը, սակայն անունը դեռ չի տրամադրել:
Ուսումնասիրելու ենք ինչպես բուն շինարարական աշխատանքների գործընթացը, այնպես էլ ընկերության կազմած ՇՄԱԳ հաշվետվության, դրան տրված փորձաքննական եզրակացության, պաշարների հաստատման գործընթացի, թույլտվությունների ստացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերը, որոնք գտնվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, որոշ սահմանափակումներով նաև ընկերության տիրապետության տակ:
Աշխատանքային խմբի գործունեության լուսաբանումն իրականացվելու է պարբերաբար և բոլոր լրատվամիջոցների կողմից, ովքեր կցանկանան: Մեխանիզմը տեղում կորոշենք՝ գուցե յուրաքանչյուր երկրորդ կամ երրորդ օրվա վերջում հանդես գանք մամուլի ասուլիսով:
Աշխատանքային խմբում չընդգրկված բոլոր մասնագետներին և քաղաքացիներին մեծ ցանկությամբ կուզենք լսել: Դրա համար Ջերմուկում և Երևանում պարբերաբար կազմակերպելու ենք հանրային քննարկումներ:
Առհասարակ մտցնում ենք տեսչական ստուգումների նոր մշակույթ՝ դրանք դարձնելով առավելագույնս թափանցիկ ու ներառական: Այս գործելաոճն ու մեթոդաբանությունը նույնությամբ կիրառվելու է մյուս բոլոր հանքավայրերում իրականացվող ստուգումներում՝ Աշխատանքային խմբի կազմի որոշ փոփոխությամբ: Հաջորդը Քաջարանն է!»:
Նշենք, որ վաղը՝ հուլիսի 5-ին, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը կանցկացնի քայլերթ՝ ի սատարումն Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը փակած քաղաքացիների: Երթը կկրի նաև իրազեկման բնույթ՝ քաղաքացիներին ավելի մոտ դարձնելով խնդրին:
