Ալավերդիում ծծմբի երկօքսիդի պարունակությունն օդում 12.5 անգամ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
«Հունիսի 15-16-ին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի ծխնելույզից դուրս եկող արտադրական ծխի՝ քաղաք լցվելու մասին քաղաքացիների ահազանգի մասին անմիջապես տեղյակ էր պահել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, որպեսզի պարզի ստեղծված իրավիճակի պատճառները և համապատասխան միջոցներ ձեռնարկի: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից Բնապահպանության նախարարությանը հայտնել էին, որ տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն անմիջապես եղել են դեպքի վայրում, և արձանագրել անձրևի և խոնավության հետ արտանետման համադրություն, գործարանում վթար չէր արձանագրվել». այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հաղորդագրությունում ասվում է նաև. «Ահազանգից անմիջապես հետո Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Ալավերդու մոնիթորինգի դիտակետերից օդի նմուշառում էր կատարվել։
Ալավերդի քաղաքում մթնոլորտային օդի որակի մոնիթորինգն իրականացվել է 3 ստացիոնար դիտակայանում և 18 պասիվ նմուշառման դիտակետերում: Համաձայն 2018 թվականի հունիսի 15-17-ն ընկած ժամանակահատվածում կատարված մոնիթորինգի արդյունքների, ծծմբի երկօքսիդի պարունակությունն Ալավերդի քաղաքի մթնոլորտային օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ 0,05 մգ/մ3-ը։ Առավել բարձր գերազանցումներ դիտվել են հունիսի 15-ին (12,5 անգամ) և 16-ին (10,4 անգամ):
Ամսաթիվ --------------------------Միջին կոնցենտրացիա, մգ/մ3
15.06.2018 -----------------------------0.6266
16.06.2018 -----------------------------0.5205
17.06.2018 -----------------------------0.0794
Սահմանային թույլատրելի կոնցենտրացիա,----------------------0.05
Բնապահպանության նախարարությունից օդի որակի մոնիթորինգի արդյունքները փոխանցվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու նպատակով»։