«Lydian Armenia»-ի գործունեության հետևանքով ձկնաբուծարանում ձկներ են սատկել (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, օրերս Ջերմուկ համայնքի բնակիչներից մեկը նկարահանել և հրապարակել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է պղտորվել Արփա գետի ջուրը: Ըստ համայնքի բնակիչների՝ գետը պղտորվել էր Ամուլսարի ոսկու հանքի շինաշխատանքների վայրից եկած կավաջրի պատճառով: Արփա գետի ջրում առկա պղտորիչների հետևանքով վնաս է կրել տարածքում գործող ձկնաբուծարաններից մեկը: 

«Lydian Armenia» ընկերությունն արձագանքել էր հրապարակված տեսանյութին՝ պնդելով, որ տեսանյութերը պարունակում են ուղղորդված ապատեղեկատվություն Ամուլսարի ծրագրի վերաբերյալ:

Ջերմուկ համայնքի Շիրակ Բունիաթյան անունով բնակիչը կրկին անդրադարձել է խնդրին՝ այս անգամ զրուցելով վնաս կրած ձկնաբուծարանի գլխավոր ձկնաբույծի հետ: 

«Մանրաձուկն ավելի զգայուն է ջրի մեխանիկական աղտոտման փոփոխությունների նկատմամբ: Մանրաձուկը սատկել է, քանի որ եկել է ցեխաջուր «Lydian Armenia»-ի շինարարության արդյունքում: Տվյալ տարածքում խոտածածկի մաքրման և այլ աշխատանքներ են կատարվել, ամբողջ անձրևաջրերը ողողել և բերել են այդ ցեխաջուրը լցրել գետը: Տեսանյութում երևում էր, որ տվյալ հատվածում, որտեղ առուն խառնվում է Արփա գետին, վերևի հատվածում ջուրը զուլալ է, իսկ դրանից ներքև արդեն ցեխ է: Մենք սնուցվում ենք Արփա գետից, նույն ցեխաջուրը եկել է մեր տնտեսություն, լցվել է մանրաձկան ավազանների մեջ»,- մանրամասնում է նա:

Վերջինս նշում է, որ բարեբախտաբար աչալուրջ են եղել և գիշերը ժամը 02:00-ի սահմաններում արթուն են եղել ու նկատել են, հասցրել են կանխել անկումները, սակայն ոչ ամբողջությամբ: 

«Մենք իրենց ներկայացուցիչներին էլ դրա մասին ասել ենք: Իրենք հիմա հերքում են այդ տեղեկությունը, բայց եղել է այն, ինչ եղել է: Նրանք առավոտյան եկել են նստվածքը տեսել են ավազանների: Փորձել են լուծումներ գտնել, առաջարկել են, բայց միևնույն է մենք չենք հավատում, որովհետև իրենք անտեսել են այն հանգամանքը, որ իրենց գործունեությունից հետո այդ ամենն ուղղվելու է դեպի Արփա գետ: Իսկ այս գետը ժողովրդի ամեն ինչն է, մինչև Արենի օգտվում են ժողովուրդն այդ գետից: Քանի դեռ հանքը չի աշխատում ցեխաջուր է գալիս, իսկ հետագայում ի՞նչ կգա... »,- ասում է ձկնաբույծը:

Վերջինս նաև նշում է, որ իրենք անհանգստացած են տեղի ունեցածով: Ձկնաբույծը նշում է, որ ընկերությունը փորձել է լուծումներ առաջարկել, սակայն իրենց առաջարկածը ժամանակավոր լուծումներ են և կարող են վերաբերվել միայն տվյալ ձկնաբուծարանին: 

Արդեն մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ձկնաբուծարանի գլխավոր ձկնաբույծ Արամ Հակոբյանն ասում է. «Մենք ավելի շատ անհանգստացած ենք ոչ թե նրա համար, որ վնասներ ենք ունեցել, այլ նրա, որ իրենք անտեսել են այն փաստը, որ ինչ վերևում կատարվեց մի օր գալու է, լցվի Արփա գետը: Մեզ ավելի շատ մեր բնակավայրն է հետաքրքրում, ոչ թե բիզնեսը: Ինչ-որ խողովակ են բերել, որպեսզի տեղադրեն մեր տարածքից վերև, այդ ջրերը գան, շրջանցեն, բայց ես իրենց էլ եմ ասել, որ դա հարցի լուծում չէ: Իրենք անընդհատ ուզում են մեզ համոզեն, որ Լիդիանը միայն օգուտ է տալիս: Հիմա օրը մի մասնագետ գալիս է, իբր գիտելիքներ ունեն, ուզում են մոլորեցնեն, բայց մեր դիրքորոշումը կոշտ է. մենք ասել ենք, որ դուք չեք կարող այս հարցը լուծել: Այս պահին մոնտաժում են այդ խողովակը, բայց տեղանքն այնպիսին է, որ գետի վարարումների հետևանքով կարող է վնասվել, կարող է քար թափվել այդ խողովակի մեջ, կամ կավաջուրը նորից նստվածք տա, փակվի խողովակը և այլ հանգամանքներ»: 

Արամ Հակոբյանը նշում է, որ այս տնտեսությունն արդեն 20 տարի է հիմնել են ու իրենք էլ աշխատացնում են: «Ամեն տեսակի անձրև էլ ենք տեսել, սելավ էլ, բայց նման բան երբեք չի եղել: Հիմա իրենք համոզում են, որ վտանգավոր բան չկա»,- ասաց նա:

Նշենք, որ խոսքը գնում է «Արևաձուկ» ՍՊԸ մասին, որի գործունեության ընթացքում տարիներ շարունակ մանրաձուկ է բաց թողնվել Սևանա լիճ: «Սևանի իշխանի ենթատեսակ ամառային բախտակը, որը վերացած է եղել Սևանա լճում, մեզ մոտ պահպանվել է, մի քանի հարստացվել է: Այժմ և՛ մայրական կազմն ունենք, և՛ մանրաձուկն ունենք: Ամբողջ Հայաստանում, որտեղ վերականգնման ծրագիր իրականացնող խոշոր ձկնաբուծարաններ կան մեզանից են վերցրել: Այսօր, մենք անգամ Սևանի սիգն ենք կարողացել ընտելացնել ու բազմացնել, ստացել ենք մանրաձուկ և հաջող աճում է ձուկը»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:

Լուսանկարում 2014թ.-ին նախարար Արամայիս Գրիգորյանը Սևանա լիճ է բաց թողում վերոնշյալ մանրաձուկը: 2014թ.-ին Սևանա լիճ բաց է թողնվել 367.000 մանրաձուկ՝ 167.000 գեղարքունի և 200.000 ամառային իշխան: Մանրաձուկն ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին, «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրով 2014 թվականի հունիսին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և «Արևաձուկ» ՍՊԸ-ի ու «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» ԲԲԸ-ի միջև կնքված պայմանագրերով ամրագրված չափաքանակներով:

Սույն հրապարակմամբ հրավիրում ենք ՀՀ բնապահպանության նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում