Սեր ու հոգատարություն բնության նկատմամբ՝ երեխաների միջոցով. «Բնասիրական դիմակահանդես 2018» (ֆոտոշարք)

Ուրախ տրամադրություն, երգ ու պար, տարբեր կերպարներում ժպտացող մանուկներ, բնությանը մոտ գտնվելու ևս մեկ հնարավորություն. հունիսի 4-ին Երևանում տեղի ունեցավ ամենամյա «Բնասիրական դիմակահանդես 2018»-ը, որի նպատակն է բնության նկատմամբ սեր ու հոգատարություն քարոզել երեխաների միջոցով։ 

Դիմակահանդեսն անցավ բազում մանուկների և մեծահասակների մասնակցությամբ: Պատանեկության ստեղծագործական կենտրոնի սաները ցուցադրեցին իրենց պատրաստած գեղեցիկ և զվարճալի համարները, ինչպես նաև կազմակերպվեցին տարբեր խաղեր, որոնց միջոցով մանուկները նոր գիտելիքներ ձեռք բերեցին բնության, շրջակա միջավայրի խնամքի մասին:

Միջոցառմանը ներկա էր նաև հաղորդավարուհի Իրինա Թովմասյանն իր գեղեցկուհի դուստրերի հետ, որոնցից երկուսն այս տարի առաջին անգամ են մասնակցում դիմակահանդեսին: Վերջինս մեզ հետ զրույցում անչափ կարևորեց նման միջոցառումների անցկացումը՝ ասելով. «Միջոցառումը շատ եմ կարևորում, որովհետև երեխաների մեջ սերմանել սերը դեպի բնությունն ինձ թվում է շատ կարևոր է: Նման միջոցառումները նախ ոգևորիչ են երեխաների համար, բայց ամենակարևորը որ կրթական նպատակ ունեն»:

Ամեն տարի ներկաներին նոր կերպարով զարմացնող բնապահպան Կարինե Փանոսյանն այս տարի կատվի կերպարում էր: «Նման միջոցառումը երեխաների մոտ թեմատիկ հարցադրում են առաջ բերում, որի արդյունքում երեխան սկսում է մտածել, իսկ ինչու ենք մենք պահպանում բնությունը, ումից ենք պաշտպանում և ինչ խնդիրներ կան: Տարեցտարի մենք հասարակության մոտ տեսնում ենք գիտակցական վիճակի փոփոխություն»,- ասաց նա մեզ հետ զրույցում:

Միջոցառման կազմակերպիչ «Փրո Փոուզ» միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, ՊՍԿ տնօրեն Նարե Արամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս տարին չորրորդն է, որ կազմակերպվում է «Բնասիրական դիմակահանդես»-ը, ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծերի համար: «Մենք շատ ուրախ ենք, որ այն արդեն ավանդական է դարձել»,- նշում է նա:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում