Եվս մեկ տանջվող արջն իր քոթոթների հետ՝ Արմավիրի մարզում (ֆոտո)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ստանալ ահազանգեր տարբեր վայրերում անազատության մեջ պահվող կենդանիների մասին:

Այս անգամ Վան Ահարոնյան անունով քաղաքացուց ստացել ենք լուսանկար, որը բոլորովին վերջերս է արվել Արմավիրի քաղաքային կենդանաբանական այգում: Լուսանկարից երևում է, որ կենդանու պահման պայմաններն անմարդկային և վտանգավոր են ոչ միայն արջի ու քոթոթների համար, այլև մոտակայքում գտնվող մարդկանց: 

Արմավիրի կենդանաբանական այգու մասին տեղեկություններ հայտնի դարձան դեռ տարիներ առաջ: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ կողմից 2011թ.-ին հրապարակած տվյալների համաձայն. «1981թ.-ից Արմեն Թադևոսյանը սկսել է Արմավիր մարզի կենդանաբանական այգու հիմնման գործընթացը: Կենդանիները բերվել են ՀՀ մարզերից և ԽՍՀՄ տարբեր այգիներից: 1991թ. սկսած այգին արդեն ունեցել է սեփական հողատարածք: Այժմ այգին զբաղեցնում է 8 հա տարածություն, ուր բնակվում են մի քանի տասնյակ կենդանատեսակներ: Այս ընթացքում այգու տարածքում տնկվել է մի քանի հազար դեկորատիվ ծառ: Նշենք, որ կենդանաբանական այգին կացարան է դարձել մարդու գործունեությունից տուժած և փրկված բազմաթիվ կենդանիների համար, այդ թվում` վիրավոր արջեր, մացառախոզեր, կզաքիս, տափաստանային կատու, քարարծիվներ, բվեճներ, սպիտակագլուխ անգղներ և այլն: Կենդանաբանական այգում բնակվում են նաև բազմաթիվ կենդանատեսակներ, որոնք ընդգրկված են ՀՀ Կարմիր գրքում»:

Այս կենդանաբանական այգու գործունեության մասին թարմ տեղեկատվություն մեզ դեռևս հասանելի չէ: Հավելենք, որ լուսանկարում հավանաբար Գորշ արջ է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ գործող օրենքը սահմանում է Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման կարգը: Հոդված 27.2-ի առաջին կետով ասվում է. «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով»:

Այս և մի շարք այլ պահանջների համապատասխանությունը ՀՀ-ում գործող օրենքին պետք է ստուգի ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ուստի հրավիրում ենք վերոնշյալ կառույցի ուշադրությունը: Ցանկանում ենք նաև հրավիրել Արմավիրի մարզպետարանի, ինչպես նաև Արմավիրի համայնքապետարանի ուշադրությունը:

Նշենք նաև, որ սույն օրենքում նախատեսվում են էական փոփոխություններ, որոնք պետք է նաև ավելի խիստ կանոնակարգեն անազատ և կիսազատ պայմաններում գտնվող կենդանիների պահման նպատակներն ու պայմանները: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում