Ահազանգ. Բանտարկված կենդանիներ՝ Հովիկ Աբրահամյանի մտերիմներից մեկին պատկանող ռեստորանում
Չնայած, վայրի կենդանիներին մասնավոր տարածքներում՝ հանրային սննդի և այլ օբյեկտներում բանտարկված պահելու դեմ իրականացվող լայն աշխատանքներին, ՀՀ տարբեր ռեստորաններում դեռ շարունակվում են անազատ պայմաններում պահվել մինչև անգամ կարմիրգրքյան կենդանիներ: Օրերս նման ահազանգ ստացանք «Հրաշք այգի» կոչվող ռեստորանում պահվող բազմաթիվ վայրի կենդանիների մասին:
Տեսանյութում երևում է, որ Մխչյան համայնքում գտնվող ռեստորանի տարածքում պահվում են առյուծներ, վագր, գայլեր, արջեր և անգամ արջի փոքր քոթոթ: Տարածքում պահվող կենդանիների ամբողջական ցանկը մեզ հայտնի չէ, սակայն, տեսանյութից միանշանակ կարելի է ենթադրել նաև կարմիրգրքյան կենդանիների առկայության մասին:
Նշենք նաև, որ արջի քոթոթը հատուկ խնամք է պահանջում, ինչը շատ դժվար է ապահովել մի շարք հանգամանքներից ելնելով: Մեզ հայտնի է դարձել նաև, որ տվյալ տարածքում պահվող արջի քոթոթն ընկճված վարք է դրսևորել, սրտաճմլիկ ձայներ հանել՝ լացի տպավորություն թողնելով ներկաների վրա:
Ինչպես մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի համակարգող Մանուկ Մանուկյանը, նման վայրերում վայրի կենդանիներ պահելն ամեն դեպքում սխալ է, քանի որ կենդանիները չեն ստանում համապատասխան խնամք՝ թե՛ կերակրման, թե՛ առողջապահական և թե՛ այլ տեսանկյունից: Խոսելով Արջերի փրկության խոշոր ծրագրի մասին՝ վերջինս ասաց. «Մինչ այժմ ոչ ոք ճիշտ չի խնամել այդ կենդանիներին՝ սկսած իրենց տարածքից, տեղից, կերից, կերակրման ձևից և այլն: Ոչ մի բանը ճիշտ չի իրականացվում»:
Վայրի կենդանիներին հանրային սննդի օբյեկտներում պահելը վտանգավոր և անբարենպաստ է ոչ միայն կենդանիների համար, այլև մարդկանց առողջպահական և անվտանգության տեսանկյունից: Մեզ հետ զրույցում իրավապաշտպան, կենդանապաշտպան Նարե Արամյանն ասաց. «Այսինքն, առաջին հերթին դա ոչ միայն կենդանիներին է վնաս, այլև մարդկանց՝ հատկապես երեխաներին, ովքեր ավելի վտանգված են, քանի որ նրանք ավելի խոցելի են այդ պայմաններում: Խոսքն այստեղ ոչ միայն ուղիղ վտանգի մասին է, այլև համալիր կերպով՝ կենդանիների խնամքի, նրանց շփման և այլ տեսանկյուններից: Բնականաբար, հասկանալի է նաև, որ էսթետիկայի և բարոյականության տեսանկյունից որևէ օգուտ, բացի վնասից, այդ երևույթը բերել չի կարող»,- մանրամասնեց նա:
Նշենք նաև, որ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրոի տվյալներով «Հրաշք-այգի» ՍՊԸ հիմնադիրն է Արմեն Գրիգորի Գևորգյանը՝ Արարատի մարզի Մրգավետ գյուղից: Ըստ տարբեր լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների՝ վերջինս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդ, ժողովրդին հայտնի Գոքորի տղան է: Վերջինս էլ Հովիկ Աբրահամյանի մտերիմներից է:
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ գործող օրենքը սահմանում է Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման կարգը: Հոդված 27.2-ի առաջին կետով ասվում է. «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով»:
Այս և մի շարք այլ պահանջների համապատասխանությունը ՀՀ-ում գործող օրենքին պետք է ստուգի ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ուստի հրավիրում ենք վերոնշյալ կառույցի ուշադրությունը:
Նշենք նաև, որ սույն օրենքում նախատեսվում են էական փոփոխություններ, որոնք պետք է նաև ավելի խիստ կանոնակարգեն անազատ և կիսազատ պայմաններում գտնվող կենդանիների պահման նպատակներն ու պայմանները: