Ինչ են քննարկել փոխվարչապետն ու Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները
Երեկ՝ հունիսի 5-ի ուշ գիշերին, Ամուլսարի հանքի դեմ պայքարող քաղաքացիները հանդիպում ունեցան փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ: Ինչպես հայտնել ենք, երկու օր առաջ կրկին փակվել են դեպի Ամուլսար տանող բոլոր ճանապարհները: Ձեռք բերված համաձայնության շրջանակներում, Ջերմուկի մի խումբ բնակիչների հայտնել էին, որ հնարավորության դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի նրանց: Ջերմուկ համայնքի Ամուլսարի հանքի դեմ պայքարող քաղաքացիների լիազորությամբ մի քանի ջերմուկցիներ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամների հետ միասին ուղևորվեցին դեպի Երևան:
Հանդիպումը տեղի է ունեցել ուշ գիշերին, գրեթե 24:00-ի սահմաններում: Ջերմուկցիները, «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներն ու մի քանի այլ բնասերներ հանդիպում են ունեցել փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ: Փոխվարչապետը հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած մետաղական հանքերում ստուգումները մեկնարկելու են հենց Ամուլսարի հանքից:
Բնապահպանների հստակեցումների և ծավալված քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ հնարավոր է տեսչական ստուգումներն իրականացվեն այլ ձևաչափով, քանի որ այդ ստուգումները նախատեսված են արդեն իսկ գործունեություն ծավալող հանքարդյունաբերական տարածքների համար, իսկ Ամուլսարի հանքի տարածքում դեռ ընթանում են շինարարական աշխատանքներ: Բացի այդ, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի ՇՄԱԳ եզրակացությունը, ըստ տարբեր փորձագետների պնդումների, իրականացված է օրենքի մի շարք խախտումներով և ընդհանուր գործընթացը պարունակում է բազմաթիվ կոռուպցիոն և այլ բնույթի ռիսկեր: Նշված գործընթացն իրականացնելու համար հնարավոր է ստեղծվի այլ մարմին, օրինակ՝ Կառավարական հատուկ հանձնաժողով: Հստակ ժամկետներ դեռ սահմանված չեն, քանի որ փաստացիորեն տեսչական մարմիններն էլ դեռ վերջնականապես ձևավորված չեն և կան փաստաթղթային գործընթացներ, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել մոտակա 10 օրվա ընթացքում:
Ինչպես այսօր՝ հունիսի 6-ին, տեղեկանում ենք «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանից. «Փաստացի, քանի որ ստուգումների ձևաչափը հստակեցված է և մեր պատկերացրած հանրային ու մասնագիտական լայն ներգրավվածությունն այդ հանձնաժողովում երաշխավորված է, ուստի, Ջերմուկի բնակիչները որոշում են կայացրել դադարեցնել բողոքի բոլոր գործողությունները: Դաշտամիջյան ճանապարհներ փակելու մեր «գործիքները» միշտ մեզ հետ են և Կառավարությանը 1-1.5 ամիս ժամանակ տալը լիովին տրամաբանված համարելով ու վստահելով անցնում ենք մեր առօրեական գործերին»: (Գրառումը, հավանաբար, կատարվել է ջերմուկցիների քննարկումից հետո)
Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: