Ովքեր են Սիսիանում ոսկի փնտրող գործարար կանայք և ով է կանգնած նրանց թիկունքում (ֆոտո)

2017թ.-ի մայիս ամսին «Գոլդեն Լենդ» ընկերությունը հայտ ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարություն՝ նախատեսելով ստանալ թույլտվություն գնահատելու Սյունիքի մարզի Արևիսի բազմամետաղային երևակման մեջ ոսկու և ուղեկցող մետաղների պաշարները: Նույն տարվա հունիս ամսին նախարար Արծվիկ Մինասյանը դրական եզրակացություն տվեց ընկերության ներկայացրած Արևիսի բազմամետաղների հանքային դաշտում 2017-2020թթ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին:

Նախագծում նշված տեղեկությունների համաձայն նախագծողն ու պատվիրատուն «Գոլդն Լենդ» ՍՊԸ-ն է: Արևիսի բազմամետաղների հանքային դաշտը գտնվում է Խաշխաշ լեռան լանջերի 1900-2500մ բացարձակ բարձրությունների վրա, Սիսիան գետի աջակողմյան վտակների միջին հոսանքի ավազաններում: Գեոմորֆոլոգիական տեսակետից շրջանն իրենից ներկայացնում է բարձր լեռնային, խիստ կտրտված ռելիեֆի գոտի, աչքի է ընկնում ջրբաժինների և գետահովիտների բացարձակ բարձրությունների մեծ տատանումներով:

Ուշագրավ է, որ նախագծում նշվում է՝ հանքային դաշտի սահմաններում կան բազմաթիվ ստորերկրյա քաղցրահամ ջրի աղբյուրներ: Ընկերությունը նախատեսել է աշխատանքներ իրականացնել շուրջ 1000 հա տարածքում, սակայն տարածքից հեռացվել է 143 հա-ն, որը համընկնում է «Զանգեզուր պետական արգելավայրի» տարածքի հետ:

«Գոլդն Լենդ» ՍՊԸ

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Կառավարության էլեկտրոնային ռեգիստրից «Գոլդն Լենդ» ՍՊԸ հիմնադիրներն են ՀՀ քաղաքացիներ՝ Էմմա Տիգրանի Վասիլյանը, Սամվել Ռաֆայելի Մակարյանը, Էլիզա Մարզպետի Եղիազարյանը: Նշված երկու տիկնայք իրենցից հետաքրքրություն են ներկայացնում:

Գործարար տիկնայք

Թե տիկնայք որքանով են գործարար՝ դեռ հարց է: Մեր տեղեկությունների համաձայն Էլիզա Եղիազարյանը գործարարի կին է: Էլիզա Եղիազարյանը սովորել և ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև ամուսնու հետ բնակվել ՌԴ-ում: Նրա ամուսնու՝ Արա Մկրտչյանի անունը կապվում է «ТЭК Тамбов» (ТЭК Тамбов - Топливно Экологическая Компания) բնական գազ և մեթան մատակարարող ընկերության հետ: Ընկերությունը զբաղվում է կենտրոնական Ռուսաստանի 10 շրջաններում բնական գազի և մեթանի լիցքավորման կետերի ստեղծմամբ և սպասարկմամբ: Արա Կորյունի Մկրտչյանը հանդիսանում է նաև «ГМТС» ՍՊԸ (ГАЗОМОТОРНЫЕ-ТОПЛИВНЫЕ СИСТЕМЫ) 35% բաժնետեր (ՌԴ հարկային ծառայության տվյալներ): Երկու ընկերություններն էլ գործում են նույն ոլորտում և փոխկապակցված են միմյանց հետ:

 

Բացի այդ, Արա Մկրտչյանը ծանոթությունների լայն շրջանակ ունի նաև ՀՀ-ում: Վերջինս կապված է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Վրույր Փենեսյանի, «Միասնություն» շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանի, ՀՀ վարչապետի, հետագայում նախագահի նախկին օգնական, ԱԺ նախկին պատգամավոր, ներկայումս Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Մարտիրոսյանի հետ:

«Գործարար» մյուս կինը՝ Էմմա Վասիլյանը, պարզվում է բժիշկ է: Նա աշխատում է Էրեբունի ծննդատան սոնոգրաֆիայի կաբինետում: Ըստ մեր տեղեկությունների, Էմմա Վասիյանն աշխատել է նաև Նաիրի ԲԿ-ում, ինչպես նաև Էրեբունի ԲԿ-ում: Էմմա Վասիլյանի հայրը՝ Տիգրան Վասիլյանը Սիսիանում հայտնի գործարար է. «Լալաներ» կոչվող հյուրանոցի սեփականատերը:

Իսկ մայրը՝ Հասմիկ Խաչատրյանը ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր է և ապրում է ԼՂՀ-ում: «Գոլդն Լենդ» ՍՊԸ համահիմնադիր Էմմա Վասիլյանը, նրա ամուսինն ու ամուսնու ընտանիքը ևս Սիսիանում հայտնի դեմքեր են:

Ուշագրավ է, որ փորձառու բժիշկը ցանկանում է ոսկու հանք շահագործել:

Շամբիի երևակում

Եվս մեկ ուշագրավ հանգամանք. վերոնշյալ 3 գործող անձիք հանդիսանում են նաև մեկ այլ՝ «Մետալս Մայնինգ Գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ: Այս ընկերությունը նախատեսում է գնահատել Շամբի բազմամետաղների երևակման մեջ ոսկու, պղնձի, մոլիդբենի և ուղեկից այլ մետաղների պաշարները: Շամբիի երևակումը գտնվում է Սիսիանի տարածաշրջանում, Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսային լեռնաճյուղերի սահմաններում, 1780-2176 մետր բացարձակ բարձրությունների վրա: Երկու երևակումների շրջանում է գտնվում «Զանգեզուր» պետական արգելավայրը:

Այսպիսով, կարելի է փաստել՝ Սիսիանը շուտով հնարավոր է վերածվի հանքակերների ախորժակի հերթական զոհի:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում