Գետիկ գետը ևս էլեկտրահարվում է, այնտեղ ձուկ արդեն չկա. ԱՀԱԶԱՆԳ

«Գետիկ գետը գալիս է ճամբարակից և լցվում է Աղստևը: Մենք գետի ափին տուն ենք գնել: Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքի մոտակայքում: Ես այնտեղ ամիսը մեկ անգամ եմ գնում, 1-2 օր եմ մնում ու նույնիսկ այդ կարճ ընթացքում տեսնում եմ նրանց: Շատ է պատահում, որ տեսնում եմ տոկերով գալիս են ու ձուկ են բռնում: Ես մոտ 4-5 անգամ տեսել եմ: Առաջ անգամ գալիս հարցնում էին՝ կարո՞ղ ենք ձեր տանից հոսանքը միացնել, հիմա արդեն զարգացել են՝ ակումլյատորով են բռնում: Հիմա այնտեղ ձուկ չի էլ մնացել, իսկ առաջ այնտեղ շատ ձուկ կար: Ես մի քանի անգամ վիճել եմ, բայց այնպես է, որ նույնիսկ վախենում ես վիճես, որովհետև ամառանոցս թողնում ու հետ եմ գալիս, եթե ուզենան կարող է վատություն անեն»,- այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ասաց նկարիչ Գևորգ Բաբախանյանը:

Վերջինիս պնդմամբ նա հանդիպել է մարդկանց, ովքեր Գետիկ գետում էլեկտրական հոսանքի միջոցով ձուկ են բռնել: Անտարբերություն չցուցաբերելով մի քանի անգամ վեճի է բռնվել: Մեզ հետ զրույցում նա նրկայացրեց մանրամասները:

«Գետիկի վերևի հատվածում՝ Այգուտ գյուղում 4 հատ լիճ կա: Մի քանի օր առաջ էլ գնացել էի այնտեղ էլի ցանցեր, դինամիտ կար: Շատ բարձիթողի վիճակ է: Որքան հասկանում եմ դրանք հիմնականում գյուղացիները չեն, ուրիշ տեղերից են գալիս: Բուն գյուղացիներն էլեկտրական լարումով չեն բռնում ձուկ: Մի քանի անգամ վիճել եմ, ասում են՝ «մեզ ինչի՞ եք ասում, այդ գետի վրա արդեն 5-6 հատ ՀԷԿ կա, գնացեք այդ ՀԷԿ-երի տերերին ասեք: Հիմա այնպիսի վիճակ է, որ այնտեղ ձուկ էլ չկա: Վերջերս չեմ էլ նկատում, որ էլեկտրականությամբ բռնում են, որովհետև արդեն ձուկ էլ չկա»,- պատմում է նա:

Մեր հարցին, թե դիմել է արդյո՞ք նա համապատասխան պետական մարմիններին, Գևորգ Բաբախանյանը պատասխանեց. «Ես համակարգը չգիտեմ, ինչպե՞ս դիմեմ: Ենթադրենք ես տեսա՝ ի՞նչ անեմ»:

Նշենք, որ համաձայն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՈՐՍԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ, ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐՍԻ ՕԲՅԵԿՏ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ» II ԳԼԽԻ (ՈՐՍԻ ԱՐԳԵԼՎԱԾ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ) «ժե» կետի արգելվում է «էլեկտրական հոսանքով որս կատարելը», ինչպես նաև «կենդանիների ապրելավայրերը և հավաքատեղերը վնասելն ու ոչնչացնելը»: Ուստի ցանկանում ենք հրավիրել պատկան մարմինների, մասնավորապես ՀՀ Բնապահպանության նախարարության, ՀՀ ԲՆ Կենսառեսուրսների կառավարման գործակալության և ՀՀ Ոստիկանության ուշադրությունը նշված դեպքերի բացահայտման ուղղությամբ: Նաև այն, որ քաղաքացիները տեղյակ չեն՝ ում դիմել նման խնդիրների առաջացման դեպքում, վկայում է պատկան մարմինների թերի աշխատանքի մասին:  

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում