«Գնիշիկ» պահպանվող տարածքում որոշ պաշտոնյաներ որս են անում. բնապահպան Գոռ Հովհաննիսյան

Մեր (YN.am / ԵրևանՆյուզ լրատվական կայք ) զրուցակիցն է բնապահպան, «Armenian Extreme club»-ի տնօրեն Գոռ Հովհաննիսյանը:

Ինչպիսի՞ն է ՀՀ հատուկ պահպանվող տարածքների վիճակը: Դրանք են նույն պետական արգելոցները, ազգային պարկերը, պետական արգելավայրերը, առանձին կառույցների կողմից պահպանվող գոտիները, տարածքներն և այլն: Հայտնի է, որ դրանցից մի քանիսի ստեղծման համար հսկայական ներդրումներ են իրականացվել: Ըստ Ձեզ դրանք արդյունավետ և նպատակայի՞ն են կիրառվել:

- Մինչև ներդրումները, ճիշտն ասած, չգիտեմ ինչ վիճակ է եղել: Գիտեմ, որ այժմ որոշ վայրերում, որոշ առումով շատ փոքրիկ առաջընթաց կա, բայց այդ միլիարդների ներդրումները չեն արդարացվում: Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր վիճակին... ծառահատումներ, որսեր, որսագողություն, այսինքն ինչպես եղել է, այդպես էլ մնացել է: Բազմաթիվ փաստեր կան, որ մարդիկ, ովքեր պետք է պահպանեն, այսինքն վարձված են պահպանության ոլորտում աշխատելու համար, իրենք էլ հենց զբաղվում են ծառ վաճառելու գործով կամ ինչ-որ բաժին ունեն այդտեղից:

Դուք հաճա՞խ եք այցելում պահպանվող տարածքներ և ի՞նչ խախտումներ եք վերջերս հայտնաբերել:

- Պարբերաբար այցելում եմ նման վայրեր և չի եղել մեկ դեպք, որ խախտում չհայտնաբերեմ: Ամեն անգամ, բացառված է, որ մի անգամ գոնե մի քանի խախտումներ չտեսնեմ:

Վերջին դեպքերից կարող եմ նշել, օրինակ՝ Դիլիջան ազգային պարկում, Գոշի լճի միջադեպը: Թրթուրավոր տրակտորը մտել էր տարածք ու ավիրել էր ամբողջ էկոհամակարգը: Կամ Իջևանին հարող տարածքներում ապօրինի ծառահատումների դեպքը: Նույն կերպ կարող եմ պնդել, որ որս է կատարվում բոլոր պահպանվող տարածքներում: Նույնիսկ ամենաուժեղ պահպանվող տարածքներում որս է կատարվում: Գոտիներում, որտեղ ինչ-որ հատուկ ռեժիմ գոյություն ունի, մարդիկ գնում խորոված են անում, հանգիստ են կազմակերպում և այլն:

Իսկ փորձե՞լ եք զգուշացնել որևէ պետական կամ վերահսկող մարմնի:

- Վերահսկողություն սահմանելու պահանջի կարիք էլ չկա, որովհետև վերահսկողությունը պետք է լինի ի սկզբանե ու մարդիկ դրա համար մի ամբողջ համակարգ, ինստիտուտ են ստեղծել: Այսինքն եթե մի մարդ, ով աշխատավարձ է ստանում ինչ-որ գործ անելու համար և այդ գործը չի անում, ի՞նչ իմաստ կա իրենից ևս մեկ անգամ պահանջել ու հիշեցնել: Առաջին հերթին իրենք են տեղյակ այդ հատումներից, իրենք են տեղյակ որսագողությունից ու բոլոր մնացած խախտումներից: Ու եթե խախտումները չեն կանգնեցվում իրենց տեղյակ լինելու պարագայում, ի՞նչ պահանջես: Միգուցե իրենք ասեն՝ մենք տեղյակ չենք, բայց եթե ես որպես շարքային քաղաքացի իրենցից ավելի լավ եմ տեղյակ էլ ինչով է արդարացված իրենք գոյությունն այդ ոլորտում: Դրա համար ես ոչ մեկին չեմ դիմում: Ես որպես քաղաքացի, մտահոգ անձ, հնարավորինս իմ կողմից անում եմ:

Ըստ Ձեզ, որոնք պետք է լինեն հետագա քայլերն իրավիճակը շտկելու ուղղությամբ:

- Իմ կարծիքով, պետք է այնտեղ աշխատի միայն մտահոգ մարդ, օրինակ՝ Հայաստանում հիմա կա երիտասարդների մի ստվար զանգված, ովքեր ոչ մի գումարի ակնկալիք չունենալով շրջում են այդ տարածքներում ու իրենք են բարձրաձայնում, իրենք են պայքարում խախտումների դեմ: Բայց կան մարդիկ, որոնց վրա միլիարդներ են ծախսվում՝ մեքենաներ, հագուստ, հետագայում թոշակ, և նրանք ոչ մի բան չեն անում. ես ուղղակի առաջարկում եմ բռնել ու այդ մարդկանց տեղերով փոխել:

Բնապահպանության նախարարությունը չի կարո՞ղ ոչինչ անել:

- Իրականում կարող է, բայց դե հարց է՝ ցանկանում է թե՞ չէ: Բա էլ ո՞վ պետք է կարողանա անի, եթե ոչ բնապահպանության նախարարությունը, որի համակարգում աշխատում են տասնյակ հազարավոր մարդիկ: Նրանցից շատերն էլ հենց նպաստում են այդ ամեն ինչին:

Մի փոքր խոսենք վերջերս տեղի ունեցած դեպքի մասին: Օրերս «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի աշխատակիցը ձերբակալվել էր ձկնագողության կասկածով: Արձագանքները շատ հակասական էին:

- Գիտեք խնդիրն ինչումն է: «Գնիշիկ» պահպանվող տարածքում որոշ պաշտոնյաներ որս են անում: Դա ես լսել եմ բազմաթիվ անգամներ տեղացիներից: Այսինքն, սովորական անձանց հասանելի չի, թույլատրելի չի այնտեղ որսը, բայց գալիս են պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ ու որս են անում ու, բնականաբար, այդ որսին ներկա են լինում ու կազմակերպիչ են հանդիսանում այնտեղի աշխատակիցները: Այդքանից հետո ի՞նչ եք ուզում այդ մարդկանցից պահանջել:

Կոնկրետ անուններ կարո՞ղ եք նշել:

- Դուք կարող եք գնալ, տեղացիներից ճշտել: Համոզված եմ իրենք մեծ սիրով ձեզ ամեն ինչ կասեն:

Տարօրինակ էր նաև տարածքը ֆինանսավորող դոնոր կազմակերպությունների հայաստանյան ղեկավարների արձագանքը: Ըստ Ձեզ, ինչո՞ւմն է խնդիրը:

- Նման տարածքներում, որտեղ ինչ-որ ֆինանսավորումով հատուկ պահպանվող տարածքներ են ստեղծվում, նույն WWF կամ մյուսները, իրենք գումարը ստանում են դրսից: Եթե պարզվի, որ իրենց ֆինանսավորած տարածքն ընդհանրապես չի աշխատում, այլ միայն գումարներ է պտտվում կամ ավելի է վատացնում վիճակը, բնականաբար, իրենց իսկ ֆինանսավորումը դրսից կկանգնեցվի ու գրասենյակը կփակվի: Դրա համար էլ նման արձագանքներն անսպասելի չեն, նորմալ պետք է վերաբերվենք: Միգուցե՞ այդ մարդիկ իսկապես տեղյակ չէին, որ իրենց տված գումարը ուղղակի ցնդում է օդում կամ ոչ ճիշտ է օգտագործվում, որովհետև ես ներսից տեղյակ չեմ ինչ է այնտեղ կատարվում: Միգուցե այս տվյալներից հետո իրենք վերանայեն իրենց որոշումները, ավելի խիստ հսկեն կամ իրենք էլ դադարեցնեն ֆինանսավորումը: Անտառապահը ծառ է կտրում, ռեյնջերը որսագողություն է անում ու այդ բոլորը բազմաթիվ փաստերով ապացուցված են: Այստեղ հաստատ ավել բան չես կարող ասել:

«Մաքուր Հայաստան» ծրագիր. Մայիսի 27-ին` համապետական շաբաթօրյակ «Ինչպես է բացասական կարծիքը վերածվել դրականի, ես պատկերացում չունեմ». Կարինե Դանիելյանը՝ Ամուլսարի ծրագրի մասին Բնասիրական դիմակահանդես՝ Սիրահարների այգում. սպասվում են անակնկալներ (տեսանյութ) ՀՀ սողանքային աղետի կառավարման պլանն արժանացավ հավանության Ցավոք, մեր հասարակությունը կենդանիների նկատմամբ ունի առարկայական վերաբերմունք. բնապահպան Կարինե Փանոսյան «Անիմալիքս» խորագրով ցուցահանդես՝ Երևանի Կենդանաբանական այգում «Մոնթե Մելքոնյանի» անվան ռազմամարզական վարժարանի տարածքում օձ են բռնել Գյուղացի երեխան այնքան է տեսել սպանվող կենդանի, որ նրա զգացմունքները բթացել են. բնապահպան Քննարկվել է վտանգավոր թափոնների պահեստավորման և կառավարման ազգային կենտրոնի ստեղծման ծրագիրը Երևանում մեկնարկում է «Արևորդի» բնապահպանական փառատոնը Կենդանիների սպանդ պետական մակարդակով. Պատասխանատուն Ազգային Ժողովն է «Նկարվիր ընձառյուծի հետ». նոր բնապահպանական տեղեկատվական արշավ Ինչ է կատարվում «Շիկահող» արգելոցի և «Արցախանտառի» սահմանագլխին Նուբարաշենից մինչև Հրազդան գետ. Ջրերը վարակման վտանգի տակ են Պաշտոնանկ են արվել «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի տեղակալները և Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետը Համաշխարհային Բանկից վերցրած վարկերի մի մասը գրպանվում է, մյուս մասն էլ անտեղի մսխվում. Արուսյակ Այվազյան
Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում