ՀՀ բնապահպանության նախարարը հանդիպում է ունեցել Գերմանական վերակառուցման բանկի /KWF/ պատվիրակության հետ

Հունվարի 25-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Գերմանական վերակառուցման բանկի /KWF/-ի տնօրեն Եվա Վիտի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել բազմաթիվ իրականացված ծրագրերի և համագործակցության շարունակականության համար: Անդրադառնալով համատեղ իրականացված նախագծերին՝ Արծվիկ Մինասյանը համառոտ ներկայացրել է դրանցից մի քանիսը` հիշատակելով «Հայաստանի Ջավախքի սարահարթում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի մասին, որի արդյունքը Արփի լճի և Վրաստանին և Թուրքիային հարակից սահմանամերձ տարածքում ազգային պարկի ստեղծումն էր: Կարևոր նախաձեռնություններից մեկն Անդրսահմանային միացյալ քարտուղարության ստեղծումն էր: Նախարարը ներկայացրել է Կովկասի բնության հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունը, խոսել նաև առաջիկա նախագծերի մասին: Անդրադարձ է եղել «Արարատյան դաշտավայրում կենտրոնացված ստորգետնյա ջրային ռեսուրսների կառավարում» ծրագրին: Արծվիկ Մինասյանը նշել է , որ Գերմանական վերակառուցման բանկի աջակցությունը ծրագրով նախատեսված մոնիթորինգի իրականացման և վերահսկողության ավտոմատ համակարգի ներդրման գործընթացներում էապես կնպաստի նախագծի իրականացմանը: Տիկին Եվա Վիտը շնորհակալություն է հայտնել հանդիպման և մի շարք հարցերի քննարկման հնարավորության համար: Գոհունակություն հայտնելով իրականացվող աշխատանքներիի վերաբերյալ` Գերմանական վերակառուցման բանկի տնօրենը նաև տեղեկացրել է , որ վերոհիշյալ՝ «Արարատյան դաշտավայրում կենտրոնացված ստորգետնյա ջրային ռեսուրսների կառավարում» ծրագրին ֆինանսական օժանդակությունը հաստատվել է և ֆինանսավորումն իրականացվելու է «Շիրակի և Արարատյան դաշտի մակերևութային և ստորերկրյա ջրատար հորիզոնի համակարգերը կապող ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման ծրագրի շրջանակներում Կապսի ջրամբարից Արարատյան դաշտ ջուր տեղափոխելու համար հնարավորությունների ուսումնասիրության կոնցեպտուալ նախագիծ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ որպես ծրագրի երրորդ բաղադրիչ: Դրամաշնորհի գումարը կկազմի 1,3 մլն եվրո:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում