Հայաստանի ո՞ր մարզերում է քաղցկեղի ռիսկայնությունը բարձր

«Էկոլուր» բնապահպանական հասարակական կազմակերպությունը ցուցադրեց իր նկարահանած «Դու ես քո իրավունքների տերը» ֆիլմը, որտեղ ներկայացված են Հայաստանի բնապահպանական խնդիրներով հարուստ թեժ կետեր՝ Գառնի, Գլաձոր, Գնդեվազ, Սյունիք, Արծվանիկ, Գեղանուշ, Քաջարան, Շնող համայնքները: Ֆիլմում ներկայացված է նշված համայնքների բնակիչների պայքարը՝ հանուն իրենց բնակավայրի պահպանման, իրենց՝ էկոլոգիապես մաքուր տեղանքում ապրելու իրավունքի համար պայքարը… Ֆիլմում մարդիկ պատմում են, թե ինչպես են ոտնահարվում իրենց իրավունքները, ինչպես են պետական գերակա շահի անվան տակ համայնքային հողերն օտարվում հանուն գործարարի: Ֆիլմից հետո քննարկումների ժամանակ «Հանուն մարդկային կայուն զարգացման» հ/կ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանն ասաց, որ հետազոտություն է կատարվել որի արդյունքները, մեղմ ասած, մտահոգիչ էին, այս ուսումնասիրության ժամանակ նաեւ խնդիր էր դրված գտնել Հայաստանի ամենախոցելի վայրերը. «Տավուշն ավելի վատ վիճակում է, քան Վայոց ձորը: Առողջապահության նախարարությունն ինձ հարցնում է՝ բա Տավուշն ինչի՞ է վատ: Բայց Տավուշն անմիջապես Լոռիի սահմանին է, եւ ո՞վ ասաց, որ աղտոտվածությունը ենթարկվում է միայն մարզերի բաժանմամբ: Վանաձորի եւ Ալավերդու ազդեցությունը մեծ է Տավուշի վրա նույնպես»:

Ըստ Կարինե Դանիելյանի, այդ ուսումնասիրության արդյունքները տարբերվում են առողջապահության նախարարության տվյալներից. «Ե՛վ առողջապահական տվյալները, ե՛ւ աղտոտվածության տվյալները անկախ փորձաքննությունը տալիս է լրիվ ուրիշ պատկեր: Առողջապահության նախարարությունն ասում է՝ հա, մեզ մոտ շատ ավելի բարձր են տվյալները հիվանդացության, որովհետեւ բացահայտումներն են լավացել, լավ տեխնիկա ունենք: Սովորաբար, հիվանդացությունը, սա նաեւ առողջապահական համաշխարհային կազմակերպությունն է նշել, մոտ 20% -ը շրջակա միջավայրն է, 50%-ը՝ սոցիալական ազդեցությունը, 20%-ը՝ գենետիկան, եւ մնացածը, թե առողջապահական ինչ ծառայություններ կան:

Բայց այս տվյալները ստանդարտ վիճակի համար են: Իսկ առողջապահության նախարարությունն ասում է՝գենետիկորեն Լոռու մարզը հակված է քաղցկեղին: Ո՞նց է ստացվում, որ նույն ազգի մեջ տարբեր պոպուլյացիա է լինում: Իրենք ասում են՝ գիտեք, բա խմելը, ծխելը, պետք է կախել այն տղամարդկանց, որոնք երեխաների մոտ ծխում են, եւ այլն, եւ այլն, հանքարդյունաբերությունն այստեղ կապ չունի»:

 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում