Ընդունվեց որոշում նոր աղբավայր կառուցելու վերաբերյալ

ՀՀ կառավարությունը վերցրեց Հայանտառի 24.42 հա հողը նոր աղբավայր կառուցելու համար: Որոշումն ընդունվեց սույն թվականի սեպտեմբերի 2-ին: Նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից տարածքում նախագծել, կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր:

Ըստ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի՝ նվիրաբերվող հողամասը անտառածածկ չէ, անմշակ տարածք է, և այն այսօրվա գործող քաղաքային աղբավայրի շարունակությունն է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի առարկել այս որոշմանը, առաջարկել է ներկայացնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ամրացված Երևան քաղաքի անտառային հողերին հասցվող վնասի հատուցման վերաբերյալ ծրագիր, «Հայանտառ»-ից վերցվող հողատարածքից ապամոնտաժել ոռոգման համակարգն ու մետաղյա ցանկապատը և հատկացնել «Հայանտառ»-ին, հարակից 28 հա անտառային հողն աղբանոցից տարանջատելու նպատակով կառուցել շուրջ 500մ երկարությամբ ցանկապատ: Գյուղատնտեսության նախարարության առաջարկություններն ընդունվել են:

Նոր աղբավայրը կառուցվելու է «Երևանի կոշտ թափոնների ծրագրի» շրջանակներում, որի արժեքը 24 միլիոն եվրո է: 8 միլիոն եվրո տրամադրում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, 8 միլիոն եվրո՝ Եվրոպական ներդրումային բանկը եւ 8 միլիոն եվրո դրամաշնորհ՝ նախատեսվում է ներգրավել ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով: Այս աղբավայրը բաղկացած է լինելու 5 աղբավայրային գոտիներից, որոնք լցվելու են հերթականությամբ: Աղբավայրի ամբողջական ամորտիզացիայի շրջանը սահմանվել է 28 տարի: Նշենք, որ այս ծրագրով չի նախատեսվում աղբի տեսակավորում և վերամշակում: Նոր աղբավայրի շահագործման հանձնելուց անմիջապես հետո գործող աղբավայրի շահագործումը պետք է դադարեցվի:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում