Վերնշենցիներ՝ վտանգված են մեր գյուղի խմելու ու ոռոգման ջրի աղբյուրները և «Վերնաշեն» գինու բրենդը

Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման դեպքում վերնաշենցիները կզրկվեն տարեկան մոտ 360 միլիոն դրամի եկամուտից: Այս հաշվարկն արել է Վերնաշենի բնակիչ Գեղամ Մարգարյանը:

Բանն այն է, որ վերնաշենցիները հանքավայրի հարակից տարածքում գտնվող իրենց խնձորի, խաղողի, ծիրանի պտղատու այգիները ոռոգում են հանքավայրի տարածքից եկող ջրով, քանի որ այլ աղբյուրներ չկան: Խմելու ջուրը նույնպես հանքավայրի տարածքից է: Բնակիչները վստահ են, որ հանքի շահագործմամբ իրենց ջուրը կթունավորվի, և մոտ 1700 բնակչությամբ գյուղը կմնա առանց ջուր: «Այդտեղ ունենք խաղողի 12 հեկտար այգի, որը բարձր որակի «Վերնաշեն» գինու հումքն է տալիս, որն իր պատմական բրենդն ունի, շուկայական գներով հաշվարկել եմ ծիրանի, խնձորի բերքը, արոտներ ունենք այնտեղ, հաշվարկել եմ մթերատվությունը՝ կենդանիների: Մոտավորապես 300-360 միլիոն դրամի տարեկան եկամուտից զրկվում են համայնքի բնակիչները», -ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Գեղամ Մարգարյանը:

«Հանքավայրի բացումն աղտոտելու է Հեր-Հեր գետը, որի վրա կառուցված է Հեր-Հերի ջրամբարը, որտեղ զբաղվում են ձկնաբուծությամբ, ջուրն օգտագործում են էներգիայի արտադրության համար: Այդ ջուրը հետո թափվում է Արփա գետ, այսինքն, ազդելու է նաև Արփա գետի էկոլոգիական վիճակի վրա: Հաջորդը՝ Մալիշկա վտակը, որն անմիջապես հանքավայրի մեր սարալանջից է դուրս գալիս, ներքևում գտնվում է Մալիշկա գյուղը, որը նույնպես տուժվելու է...Կապարը ծանր մետաղ, ցինկը ծանր մետաղ, էդ հանքը որ բացեցին, բացի ջրի աղտոտումից նաև մթնոլորտն է աղտոտվելու», - հանքավայրի ռիսկերը թվեց Վերնաշենի բնակիչ, աշխարհագրության ուսուցիչ Ստեփան Ստեփանյանը:

Բացի գյուղատնտեսությունից Վերնաշենում զարգանալու միտումներ ունի նաև տուրիզմը: Համայնքի հյուսիսային մասում գտնվում է Սպիտակավոր վանքը, Պռոշաբերդը, հյուսիս-արևելյան մասում՝ Թանադե վանքը, Արկազի Սուրբ խաչ վանքը: «Տուրիզմը հինգ անգամ ավելի շատ եկամուտ կարող է բերել, քան հանքավայրը կամ նրանց տրամադրած աշխատատեղը», - ասաց Գեղամ Մարգարյանը:

Բացի ջրի ու օդի աղտոտվածությունը բնակիչներին անհանգստացնում է ճառագայթման վտանգը: Ըստ նրանց՝ Գլաձորի հանքավայրը շահագործվել է 1950-1960 թվականներին, սակայն հետո փակվել է: Ըստ խոսակցությունների՝ պատճառը եղել է բարձր ռադիացիոն ֆոնը:

«էդ հանքասարում՝ Ղազմայում (ԷկոԼուր՝ այդպես են անվանում Գլաձորի հանքավայրը տեղաբնակները), 51-ից մինչև 63 թվականները ով աշխատել է, բոլորը թոքի քաղցկեղով մահացան», - ասաց Գեղամ Մարգարյանը:

Բնակիչները նշեցին, որ ոտքի են կանգնելու և պաշտպանելու են իրենց իրավունքները: Նրանք կոչ արեցին իրենց հարևան համայնքներին՝ Կարմրաշենին, ՀերՀերին, Մալիշկայն և Գլաձորին, միանալ իրենց պայքարին և թույլ չտալ հանքի շահագործումը:

 

Նյութի աղբյուր՝ ecolur.org:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում