Խոզի եւ թռչնի մսի արտադրությունը Հայաստանում դեռ խնդիր է. փոխնախարար

Հայաստանում գյուղատնտեսության ոլորտն այսօր կարող է պետությանն ամբողջովին ապահովել որոշ մթերքներով, մասնավորապես մրգերով, բանջարեղենով, տավարի, ոչխարի, ձկան մսով եւ կաթնամթերքով։ Սակայն խոզի եւ թռչնամսի ինքնաբավությունը խնդիր է։ Այս մասին Թբիլիսիում կայացած գիտաժողովի շրջանակներում լրագրողներին ասել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ներմուծվող խոզի եւ թռչնի միսն այսօր շատ էժան են, եւ դա դժվարություններ է ստեղծում տեղական արտադրողների համար, որոնց համար դժվար է դիմանալ մրցակցությանը։ Խոզի եւ թռչնամսի տեղական արտադրության զարգացման համար այսօր տարբեր գործիքներ են մշակվում, սակայն այս պահին Հայաստանը դեռ չի կարող ամբողջովին իրեն ապահովել այդ մթերքներով։

Փոխնախարարի խոսքով՝ վերջին 10 տարում Հայաստանում սննդամթերքի ինքնաբավության մակարդակը 10 տոկոսով աճել է, եւ այսօր անհրաժեշտ սննդամթերքի 62 տոկոսն արտադրվում է երկրում։

Նշենք, որ մթերային անվտանգության եւ սննդի հարցերով համաժողովը Թբիլիսիում մեկնարկել է հունիսի 15-ին եւ տեւելու է 2 օր։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում