Միջատներ. ՀՀ Կենդանիներ

Միջատները (լատ.՝ Insécta), անողնաշարավոր հոդվածոտանի կենդանիների դաս է, որի ներկայացուցիչների մեծ մասը կարող է թռչել։

Կենդանիների այս խումբը տեսակների թվով ամենաբազմաքանակն է, լցնում է բոլոր հնարավոր էկոլոգիական խորշերը և հանդիպում է ամենուրեք։ Ներկայումս նկարագրված է միջատների ավելի քան մեկ միլիոն տեսակ, և գիտնականները դեռ շարունակում են հայտնաբերել նորանոր տեսակներ։

Մարմնի կառուցվածքը

Միջատների մարմինը կազմված է երեք առանձին, բայց իրար հետ կապված մասերից։ Դրանք են՝ գլուխը, կուրծքը և որովայնը։ Գլխի վրա կա բեղիկների մի զույգ, երկու ֆասետային և, երբեմն նաև, մեկից երեք հատ պարզ աչք։ Բեղիկների միջոցով միջատներն զգում են հոտը և շոշափում շրջապատող առարկաները։

Գլխի առջևի մասում են գտնվում նաև ծնոտների երեք զույգերը՝ վերին, ստորին և իրար հետ միաձուլված ստորին ծնոտների երկրորդ զույգը՝ ստորին շուրթը։

Կրծքին տեղադրված են շարժողության օրգանները։ Միջատների մեծամասնությունն ունի 3 զույգ ոտք և 2 զույգ թև, որոնք ամրանում են կրծքի հատվածին։

Որովայնն ունի տասնմեկ հատված, չնայած, միջատների որոշ տեսակների մոտ հատվածները կարող է լինեն միացված և ավելի մեծացված չափսերով։ Որովայնում են գտնվում մարսողական համակարգը և բազմացման օրգանները։ Ինչպես մյուս հոդվածոտանիների (օրինակ՝ ծովախեցգետինների և սարդերի), միջատների մարմինը ևս պատված է խիտինե ծածկույթով, որին ասում են արտաքին կմախք։Այն անջրաթափանց է և ներքին հյուսվածքները պահպանում է չորացումից։ Մարմնի այդպիսի կառուցվածքը միջատներին հնարավորություն է տվել հարմարվելու Երկրագնդի բոլոր շրջաններում, այդ թվում՝ անապատներում ու լեռներում։ Արտաքին կմախքի գլխավոր թերությունը ոչ առաձգական լինելն է, այդ պատճառով աճող միջատն ստիպված է լինում որոշակի ժամանակահատվածում դեն նետել հին ծածկույթները։ Դրա համար էլ միջատների աճը կրում է թռիչքաձև բնույթ։ Նոր պատյանը ձևավորվում է հնի տակ։ Սկզբնական շրջանում նոր պատյանն առաձգական է լինում՝ հնարավորություն տալով միջատին չափերով աճել։ Սակայն շատ արագ այն կոշտանում է, որպեսզի կարողանա օրգանիզմն արդյունավետ պահպանել անբարենպաստ ազդեցություններից։ Այդ ժամանակ միջատի աճը նորից սկսում է սահմանափակվել։

Թևերը

Սովորական դեպքերում միջատների թևերը երկու զույգ են՝ առջևի և ետևի։ Ամրացված են կրծքամասին։ Կազմված են խիտ ցանց ստեղծող ամուր ջիղերի վրա ամրացված բարակ թևաթաղանթից։ Միջատների որոշ կարգերի թևերը կրել են փոփոխություններ՝ հատուկ գործողություններ կատարելու համար։ Թեփուկաթևավորների և թաղանթաթևավորների մոտ ետևի թևերը տարբերվում են առջևիններից իրենց չափսերով։ Բզեզների առջևի թևերը դարձել են ծածկաթևեր՝ ետևինները պաշտպանելու համար, որոնք հանգստի ժամանակ թաքնված են նրանց տակ։

Նյարդային համակարգը

Միջատների կենտրոնական նյարդային համակարգն իրենից ներկայացնում է իրար միացված առանձին նյարդային հանգույցների՝ գանգլիոնների մի շղթա։ Նյարդային համակարգի ամենաառջևի մասի երեք սերտաճած գանգլիոններից է կազմված ուղեղը։ Մնացած մասը գտնվում է աղիների տակ։ Ուղեղը բաժանվում է երեք մասերի։ Պրոտոցերեբրումը պատասխանատու է տեսողության և բարդ վարվեցողական ռեկցիաների համար, դեյտոցերեբրումը նյարդավորում է անտենաները, իսկ տրիտոցերեբրումը՝ ստորին ծնոտները, բերանի անցքի մոտ դասավորված մկաններն ու ներսի օրգանները։
Նյարդային համակարգի մյուս մասն է շղթայաձև իրար միացած գանգլիոնների որովայնային նյարդաշարը։

Մարսողական համակարգը

Միջատների մարսողական համակարգը կազմված է աղիքային տրակտից և մարսողական գեղձերից։ Շատ միջատներ ունեն թքագեղձեր։ Առավել զարգացած են ողկուզանման թքագեղձերը, որոնք թրթուրների մոտ վերափոխվում են մետաքսարտադրող օրգանների։ Թուքը պարունակում է տարբեր ֆերմենտներ. ածխաջրերը ճեղքելու համար՝ կարբոհիդրազներ, ճարպերն ու սպիտակուցները մարսելու համար՝ լիպազներ և պրոտեինազներ, ոջիլների մոտ՝ հյուսվածքները քայքայող գիալուրոնիդազ։ Արյուն ծծողների մոտ կան անտիկոագուլանտներ։ Որոշ միջատների թքագեղձերը կարող են արտադրեն մետաքս, ֆերոմոններ կամ ալոտրոֆ նյութեր։

Շնչառական համակարգը

Միջատներից շատերի շնչառական համակարգն իրենից ներկայացնում է ամբողջ մարմնով տարածված և դեպի դուրս շնչանցքերով բացվող շնչուղիներից։ Շնչանցքների միջոցով կարգավորվում է օդի ներթափանցումը։ Շնչուղիների համակարգը կարող է լինել բաց և փակ։ Երկրորդ դեպքում շնչուղիներ լինում են, իսկ շնչանցքեր՝ ոչ։ Փակ համակարգը հատուկ է ջրային և մակաբույծ միջատներին, որոնք շնչում են ջրի մեջ կամ տիրոջ հեղուկների խոռոչներում լուծված թթվածինը։

Զգայարանները

Տեսողությունը

Միջատների տեսողության առանձնահատկությունը պայմանավորված է նրանց աչքերի ֆասետային կառուցվածքով։ Ֆասետային աչքերը կազմված են հազարավոր օմատիդիումներից։ Ամենաշատ օմատիդիումներ ունեն թիթեռների (12-17 հազար) և ճպուռների (10-28 հազար) աչքերը։

Ֆասետային աչքերում տեսողական պատկերը ձևավորվում է առանձին օմատիդիումների ստեղծած կետային բազմաթիվ պատկերների միավորումից։ Ֆասետային աչքերը չունեն արտաքին ազդակներին հարմարվելու ընդունակություն և չեն կարող հարմարվել տարբեր հեռավորություների տեսողությանը։ Կարելի է ասել, որ միջատները ծայրահեղ «կարճատես» են։

Ֆասետային աչքերի մյուս առանձնահատկությունն այն է, որ միջատները լավ տեսողություն չունենալով հանդերձ, այդ աչքերի կառուցվածքի շնորհիվ շատ լավ են ընկալում օբյեկտների շարժումները։ Դա հատկապես կարևոր է վտանգից խուսափելու համար՝ միջատները շատ արագ են արձագանքում ցանկացած շարժմանը։

Բացի ֆասետային աչքերից, միջատներից շատերն ունենում են նաև պարզ աչքեր, որոնք սովորաբար լինում են երեք հատ և տեղավորված են գլխի ճակատային մասում։ Պարզ աչքերը նախատեսված են լուսավորությունն ու նրա փոփոխությունները գնահատելու համար։
Պարզ աչքեր չունեն թիթեռները, երկթևանիները և աշխատավոր մրջյունները։

Լույս արձակելը

Որոշ միջատներ ընդունակ են լույս արձակել։ Դրանցից ամենահայտնիներն են լուսատտիկների կարգի բզեզները։ Որոշ տեսակներ կարողանում են կարգավորել լուսարձակումը՝ կայծեր արձակելով։
Լուսարձակումը ծառայում է տարբեր նպատակների՝ տալիս են ազդանշաններ հակառակ սեռին, լուսարձակումը ծառայեցնում են պաշտպանության և, նույնիսկ, քողարկման նպատակներին։ Photuris կարգի արուներն արձակում են զուգավորմանը պատրաստ լինելու ազդանշաններ, որոնք հատուկ են իրենց հետ նույն տարածքում ապրող Photinus կարգի տեսակներին։ Photinus-ի արուները այդ ազդանշաններով հրապուրվելով «ընկնում են թակարդը», և կեր են դառնում Photuris կարգի գիշատիչ էգերին։

Լսողությունը

Տարբեր միջատների մոտ լսողության մեխանիզմները տարբեր են։ Նրանցից շատերի մոտ դա իրականացվում է ազդրերի հետ միացման մասում գտնվող ոտքերի անրակներում գտնվող վիբրառեցեպտորների միջոցով։ Նրանց միջոցով միջատներն ընկալում են այն զանգվածի նվազագույն ցնցումները, որի վրա գտնվում են։
Օդի կամ ջրի միջոցով ձայների ընկալումը կատարվում է ֆոնոռեցեպտորների միջոցով։ Միջատների ամենաբարդ լսողական օրգաններն են համարվում տիմպանալ օրգանները։ Նրանց բաղադրության մեջ գտնվող սենսիլների քանակը տատանվում է 3-ից (որոշ թիթեռներ) միչև 70 (սարանչա) և նույնիսկ հասնում է 150-ի (երգող ցիկադների մոտ)։

Ձայներ հանելը

Միջատները եղել են ձայներ հանող առաջին օրգանիզմները։ Նրանք դա անում են հիմնականում վերջավորությունների մեխանիկական գործողություններով։ Ցիկադներն արձակում են ամենաուժեղ ձայներն այն հատուկ ձևափոխությունների միջոցով, որոնք կրել են իրենց իրենց մարմինն ու մկանային համակարգը։ Աֆրիկյան Brevisana brevis ցիկադի արձակած ձայնը չափվել է մինչև 106.7 դեցիբել ուժգնության 50 սմ հեռավորության վրա։

Ամենախոշոր միջատը

Նոր Զելանդիայում գտնվող Little Barrier կղզու անտառապահը՝ Մարկ Մոֆեթը, գտել է աշխարհի ամենախոշոր միջատին, որն այնքան մեծ է, որ կարողանում է մի ամբողջ գազար ուտել։ Երկու օր անընդմեջ որոնումների արդյունքում նա հայտնաբերել է այս ծղրիդանման միջատին, որի թևի լայնությունը 15սմ է։ Այս միջատը համարվում է մինչ այժմ հայտնի ամենախոշոր միջատը, որի քաշն այնքան է, որքան կարող են կշռել երեք մուկ միասին վերցրած։

Միջատների էկոլոգիա

Միջատների էկոլոգիան գիտություն է այն մասին, թե ինչպես են միջատները անհատապես կամ խմբերով փոխներգործում են շրջակա միջավայրի կամ էկոհամակարգի վրա։ Միջատները –ըստ տեսակային բազմազանության ամենախոշորն են կեդանիների տեսակների մեջ(նրանք երկու մլն.ից շատ են, ինչն ավելի շատ է, քան բոլոր կենդանիներն ու բույսերը միասին վերցրած)։ Կ.Բ. Վիլյամսի (С.В.Williams) հաշվարկների համաձայն միջատներն են թվաքանակով ամենաշատը. երկրի վրա գույություն ունի ավելի քան 1018 տեսակ։ Միայն մորեխների մի խմբի գումարային քաշը գերազանցում է 10 հզ. տ.։

Լույս
Լույսի ազդեցությունը միջատների վրա բազմանշանակ է։ Լույս անհրաժեշտ է թևավոր միջատներին թռիչքում կողմնորոշման համար, այդ իսկ պատճառով խորը քարանձավներում թռչող միջատներ չկան։ Որոշ մանր միջատներ, ինչպիսիք են տուլերը և մանր պիծակները կարող են մահանալ լոսանկարչական ապարատի վառ լույսից, ըստ երևույթի նյարդային շոկի առաջացման հետևանքով։ Անընդհատ մթությունը կարող է բարենպաստ լինել որոշ միջատների համար(նույնիսկ ցերեկային միջատների ), օրինակ տրիխոգրամա կամ դրոզոֆիլա(Վ.Բ. Չեռնիշով և այլք, 1986) ։ Նրանց կողմից նախընտրելի լուսավորության մակարդակը կոչվում է ֆոտոպրեֆերենդում։

Ջերմաստիճան
Ջերմաստիճանը միջատների կյանքի ամենագլխավոր գործոնններից մեկն է, քանի որ նրանք կենդանիներ են։ Չափից դուրս բարձր և չափից դուրս ցածր ջերմաստիճանը իջեցնում են միջատների ակտիվությունը։ Մլակները, մայիսյան բզեզները, ճպուռները և թևավոր մրջյունները ջերմաստիճանի իջեցման նկատմամբ ավելի զգայուն են, քան թիթեռները և երկթևանիները։ Արկտիտական պայմաններում, որտեղ ակտիվ կարելի լինել միայն ժամանակի մի փոքր ժամանակահատվածում, ջերմաստիճանը կարող է համարյա ամբողջությամբ որոշել միջատների վարքագիծը. թափավոր գոտու պայմանում՝ ձմռանը, գարնանը և ուշ աշնանը, առանձին օրեր և ամռանը, իսկ անապատային գոտում՝ համարյա միշտ ամռանը։

Սնուցում
Միջատները իրենց բազմաքանակության և բազմազանության շնորհիվ աշխարհի էկոհամակարգի սննդամթերքի շղթայում(անտոֆիլիա, էնտոմոֆագիա, էնտոմոֆիլիա, էնտոմոխորիա, սանիտարական դեր, մասնակցությունը հողագոյացմանը)։ Միջատներով սնվում են շատ կենդանիներ. ձկները, երկկենցաղները (գորտերի օրական կերի 95%- ը), սողունները(մողեսները 24 ժ- ում ուտում են 10-20 միջատ), թռչուններ, կաթնասուններ(զուտ միջատակեր են նրբաքիթ մկները, խլուրդները, չղջիկները, մրջնակերները, զրահակիրները և այլն)։ Բույսերի ավելի քան 80%-ը փոշոտվում է միջատների (մեղուներ, թիթեռներ, կրետներ և այլն) և կարելի է համոզված ասել, որ ծաղիկը բույսերի և կենդանիների համատեղ էվոլյուցիայի արդյունք է։

  • Առաջին կարգի սննդային մասնագիտացում - օրգանական քիմիայի որևէ տեսակով անընդհատ սնվելեու կարողություն։ Այսպիսով, շատ տեսակներ հանդիսանում են բուսակեր կամ ֆիտոֆագ, մյուսները կազմում են գիշատիչների և մակաբույծնմերի խումբը, իսկ երորդները՝ ներկայանում են մահացած օրգանիզմների սպառողները. սապրոֆագեր (սնվում են նեխած կենդանիներով), նեկրոֆագներ (սնվում են կենդանիների դիակներով), կոպրոֆագեր (սնվում են գոմաղբով), դետրիտոֆագ (սնվում են բույսերի մնացորդներով)։ Տարբեր տեսակի կտորների, կենդանիների տարբեր օրգանների ու մասերի օգտագործման ժամանակ առաջ է գալիս նրանց հետագա բաժանելու հանգամանքը. սապրոֆագերի շարքում առանձնանում են տերևների սպառողները՝ ֆիլլոգաֆ, պտուղ՝ կարպոֆագ, փայտ՝ կսիլոֆագ, արմատներ՝ ռիզոֆագ, ինչպես նաև գալլոձևավորողներ` գիշատիչների և մակաբույծների շրջանակներում կարող են լինել արնախումներ, էկտոմակաբույծներ, էնդոմակաբույծներ։
  • Երկրորդ կարգի սննդային մասնագիտացում — վերը նշված սննդի հիմնական աղբյուրների մեջ ընտրության առաջացում։ Այսպես, ֆիտոֆագերի, գիշատիչների և մակաբույծների շրջանակներում կան միակեր մոնոֆագներ, սահմանափակակեր օլիգոֆագներ և շատակեր պոլիֆագներ։ Գիշատիչները և մակաբույծները հաճախ անվանվում են էնտոմոֆագ տերմինով։

Բնակության վայր
Երկրի համարյա բոլոր հողային տարածքները այս կամ այն չափով զբաղված են միջատներով։ Միջատների ճնշող մեծամասնությունն ապրում է հայտնի հողատարածքներում` զբաղեցնելով այնպիսի անհյուրընկալ էկոհամակարգեր, ինչպիսիք են բարձր լեռները, խորը քարանձավները, ինչպես նաև հրաբխային ծագման նոր առաջացած կղզիներն ու այլ էկոհամակարգերը։ Հայտնի են նաև ծովային միջատներ, որոնք մտնում են կիսակոշտաթևաորների դասի ջրասարդերի ընտանիքի մեջ

Ինվազիվ միջատներ
Վերջին ժամանակներս մեծ խնդիր են ներկայացնում ինվազիվ միջատները, այսինքն՝ այնպիսիները, որոնք մարդու կողմից տարվել են նոր տարածքներ և այնտեղ բնակություն են հաստատել։ Ինվազիվ տեսակները բացասական են ազդում տվյալ տարածքի ֆաունայի և ֆլորայի վրա։ Հայտնի օրինակներից են. կոլորադյան բզեզը, մոխրագույն մուկը, չինական բրդաթաթ խեցգետինը, արգենտինական մրջյունը, կարմիր հրե մրջյունը, մշկամուկը, կանադական էլոդեյան։ Ինվազիվ տեսակների տեղափոխումը կարգավորելու համար գոյություն ունի Անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերհսկողության սահմանադրական ծառայություն։

Միջատները և մարդը
Միջատների բազում տեսակներ մարդկությանը ոչ քիչ վնասներ են հասցնում. բերումմ են վտանգավոր հիվանդություններ, հանդիսանում են մակաբույծներ կամ ուղղակի տհաճությունն պատճառել մարդուն։ Միջատները ուտում են կամ փչացնում են մարդկանց կողմից արտադրվող սննդամթերքների համարյա 10%- ը և յուրաքանչյուր վեցերերդ մարդուն վարակում են ախտածին հիվանդություններով(լու, ոջիլ, մլակ, մալարիայի մոծակ, ճանճ, ուտիճ և այլն)։ Սակայն կան նաև այպիսի միջատներ, որոնք մարդկությանը անգնահատելի օգուտ են բերում: Օրինակ մեղուների շնորհիվ մեղր է արտադրվում։ Մակաբույծ մետամանները և գիշատիչ մրջյունները օգնում են անտառային տնտեսության և գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում